19 03 2022

Կառավարության հերթական քայլը լրատվամիջոցների դեմ. «ժողովուրդ»

Կառավարության հերթական քայլը լրատվամիջոցների դեմ. «ժողովուրդ»

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը հերթական անգամ հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որի իրական նպատակը լրատվամիջոցների աշխատանքին վնասելն է: Գործադիրը հանդես է եկել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Այժմ գործող կարգավորումների համաձայն՝ դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման համար, ինչպես նաեւ գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթ հայտարարելու համար տեղեկատվությունը հրապարակվում է, ի թիվս այլնի, նաեւ 3000 տպաքանակ ունեցող մամուլում: Սակայն նրանք ցանկանում են փոխել այս կարգավորումը եւ ամրագրել, որ, մամուլի փոխարեն, այն տպագրվի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Որպես հիմնավորում կառավարությունը նշում է, թե 3000 տպաքանակ ունեցող մամուլ այս պահին ՀՀ-ում չկա, ուստի օբյեկտիվորեն հնարավոր չէ պահպանել նշյալ օրենսդրական պահաջը: «Բացի այդ, նույնիսկ այդպիսի փաստացի հնարավորության առկայության դեպքում ժամանակակից տեխնիկական զարգացվածության, պետական կառավարման համակարգում էլեկտրոնային համակարգերի եւ հարթակների կատարելագործման պայմաններում մրցույթների վերաբերյալ հայտարարությունը մամուլում տպագրելու անհրաժեշտությունը վերանում է, քանի որ նախատեսված նպատակին կարելի է հասնել նաեւ այլ եւ բավական արդյունավետ միջոցով», – նշված է գերժամանակակից կառավարության ձեւակերպման մեջ:

Այսինքն՝ ստացվում է՝ կառավարությունն այսկերպ փորձում է նսեմացնել ավանդական՝ տպագիր մամուլի դերը: Սա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պետություններն անգամ գումար են հատկացնում տպագիր մամուլի պահպանման համար: Մշակութային, քաղաքական մի շարք միջոցառումների ծանուցումներն արվում են հենց տպագիր մամուլի միջոցով, էլ չենք ասում, որ տարբեր երկրներում երկարամյա թերթերը գուցե նվազ տպաքանակով, բայց, այնուամենայնիվ, շարունակում են տպագրվել: Սակայն նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որ փակել է իր «Հայկական ժամանակ» օրաթերթը, ամեն ինչ անում է, որ մյուս թերթերն էլ փակվեն «ինձանից հետ՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ