14 03 2022

Գնաճ, ձեթաշաքարային շփոթ, Արցախի հանդեպ՝ անտարբերություն, ընդհանուր՝ անտերություն

Գնաճ, ձեթաշաքարային շփոթ, Արցախի հանդեպ՝ անտարբերություն, ընդհանուր՝ անտերություն

Ակնհայտ է, որ ալիևյան հակահայ ռեժիմը այս օրերին գործարկել և իրականացնում է Արցախի հայաթափման, Արցախի բեկորների վրա մնացած հայության ահաբեկման իր ծրագիրը: Գազատարի պայթեցում, էլեկտրամատակարարման խնդիրներ, խաղաղ բնակավայրերի գնդակոծում ու հրետակոծում, սպանություններ, բարձրախոսով գյուղերը լքելու անդադար ահաբեկում…
Այն, թե ով է Ալիևը կամ ինչ է իրենից ներկայացնում նրա հակամարդկային ռեժիմը, հանրահայտ է, որքան էլ որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ռեժիմի ներկայացուցիչները նույն Ալիևին համարեն կիրթ, կառուցողական, պուպուշ, սիրելի գործընկեր: Ի դեպ, նախկինների ժամանակ բանակի մատակարարման հաշվին իրեն լա՜վ «տեսած» մեկը, որ ոչ մի պարագայում «նախկին թալանչի» չի, ոչ մի դեպքում զինվորի «մայկա-տռուսիկի», հաց ու կարագի վրա ոչինչ չի շահել, ինչի շնորհիվ էլ, որպես անաղարտագույն էակ, այսօր Նիկոլի «կամանդում» է, այն օրը փայլատակել էր, թե Հայաստանում ընդդիմությունն ավելի շատ վնաս է պատճառում իրենց, քան… թուրքը:

Այդ արտահայտությունը կարող էր և դիպուկ լինել, եթե որոշ խմբագրման ենթարկվեր, օրինակ, այսպես. Հայաստանի իշխանություն համարվող խմբակը, Փաշինյանի գլխավորությամբ այնքան ու այնպիսի աղետային վնասներ է պատճառել մեր երկրին ու ժողովրդին, որ թշնամի թուրքերը կարող էին միայն երազել:

Ի դեպ, թուրքերի և Նիկոլի իշխանության ներկայացուցիչների մասին: Կոնկրետ՝ Արարատ, կամ ինչպես թուրքական հեռուստաալիքն էր վրիպակով նշել՝ «Արաբաթ» Միրզոյանի մասին, այն, որ Փաշինյանի կառավարության կազմում ԱԳ նախարարի պաշտոնն է զբաղեցնում: Բոլորը տեսան նրա՝ մինչև ականջները ձգվող խանդավառ ժպիտով բացված ատամնաշարը, երբ ողջագուրվում էր Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: Դրանից ավելի բացահայտ ինքնամերկացո՞ւմ կամ բնորոշո՞ւմ, թե՝ կոնկրետ ով է Արարատ Միրզոյանը: Իրավիճակում, երբ նույն Թուրքիան Բաքվի ռեժիմի հետ նորանոր հակահայ ծրագրեր է իրագործում, երբ Արցախը զրկված է գազի մատակարարումից, հոսանքից, Արցախի հայերը շարունակական գնդակոծման ու արկակոծման տակ են, Արարատ Միրզոյանը աննկարագրելի ուրախությամբ ողջագուրվում է Թուրքիայի ներկայացուցչի հետ:

Վերադառնանք Հայաստան, կամ այնտեղ, ինչ մնացել է երբեմնի Հայաստանից:

Նիկոլ Փաշինյանի կառավարման շնորհիվ երկրում շիլաշփոթ է և պարենային խուճապ: Մարդիկ ուղղակիորեն «սրբում» են ձեթի ու շաքարավազի վաճառաշարքերը, չնայած խանութներում թե մեկը, թե մյուսը կան: Բայց կրած տանում են: Դա հանգեցրել է լրացուցիչ գնային ցատկի: Դրամն արժեզրկվում է: Թանկացել են հոսանքը, ջուրը, գազը… Ու այս մղձավանջի վերջը չի երևում:

Առհասարակ, մղձավանջը կարող է կասեցվել միայն մեկ տարբերակով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նրա ամբողջ կառավարության հեռացում, և ծանրագույն մեղադրանքներով անհապաղ կալանավորում, հաջորդող դատ-դատաստանով:

Արցախում տիրող իրավիճակից Փաշինյանի իշխանությունն ընդհանրապես օտարված է, ասենք, Արցախում նիկոլական վարչախմբի հրահանիգակատարը նույնպես: Նրանց հիմնական դարդուցավը ձևական «նախագահի» երդմնակալության արարողությունն է՝ որքան արտաքուստ ճոխ, այնքան բովանդակազուրկ և ողորմելի:

Թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ անվտանգային խնդիրները վաղուց դադարել են այդպիսին լինել, դրանք ամենօրյա ու շոշափելի սպառնալիքներ են: Եվ այն, ինչը կոչվում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանություն, այնքան անկամ, թույլ ու անզոր է, որ բացարձակապես ոչինչ չի կարող անել խնդիրներից որևէ մեկի լուծման համար:

Միակ բանը, որում Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը անկրկնելի կամ իրենց սիրած բառով՝ աննախադեպ հաջողությունների է հասել, դա բանտերը քաղաքական բանտարկյալներով լցնելն է, մարդկանց հետապնդումներն են և այդ ֆոնի վրա աներևակայելի ցինզմով հայտարարելը, թե՝ Հայաստանը մտել է ժողովրդավարական չեմպիոնների լիգա: Դե իհարկե, ավելի քան 5000 հայ զինվորականներին մահվան մատնելը, Արցախը թուրքին հանձնելը, իսկ բեկորներն էլ՝ Ռուսաստանի ապահովության տակ դնելը այնպիսի նվաճումներ են, որ եթե դրան Նիկոլ Փաշինյանը հավելի ՀՀ վերացման մասին իր նպատակի իրականացման վերջնական հայտարարությունը, ապա ժողովրդավարական չեմպիմնների լիգայի անդամ չէ, ամենաժողովրդավարական երկիր էլ կհռչակեն Հայաստանը (հետմահու):

Բնորոշումներ ու տեսակետներ շատ կան: Բայց կոնկրետ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ականները կանխամտածված ոչնչացնում են Հայաստանը: Ով նրանց կողքին է կամ շարունակում է լռելյայն հանդուրժել այդ ամենը, նա ևս Հայաստանի ոչնչացման գործակից է:

 

Արմեն Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ