Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, պարզվում է, կան մարդիկ, որոնք լրջորեն քննարկում են ԱԺ-ում ՀՀ նախագահ ընտրելու ընթացքը, միակ ու անկրկնելի նիկոլական թեկնածուին, անգամ նրա կամ նրա առաջադրման հետ կապված ինչ-որ արտահայտություններ, հայտարարություններ: Զավեշտ բնորոշումը խամրում է բուն իրավիճակի ողբերգականության ու տեսարանի թշվառության պայմաններում:
Նման քննարկումներին հետևող անբանիմաց մարդիկ անգամ կարող են կարծել, թե մի խիստ կարևոր իրադարձություն է կամ առանցքային ինչ-որ պաշտոնյայի բախտորոշ ընտրություն: Մինչդեռ խոսքն ընդամենը «ՀՀ նախագահ» արարողակարգային ու ձևական, անիմաստ բյուջետային ծախսեր կլանող, ավելին՝ առկա կառավարման համակարգում բացարձակապես ավելորդ պաշտոնին նիկոլական իշխանության հերթական կամակատարին նշանակելու մասին է:
Առհասարակ, նույնիսկ արարողակարգայնացված լիազորությունների պայմաններում, սահմանադրորեն «Պետության գլուխ» համարվող նախագահն ունի ինչ-ինչ հնարավորություններ, կարող է ինչ-որ մի բան անել: Բայց դա էլ միայն այն երևակայական դեպքում, եթե նա վառ արտահայտված անհատականություն է, կամային, սեփական ընկալում, պատկերացումներ, հաստատակամություն ունեցող, համարձակ և ազնիվ անհատականություն: Մինչդեռ իրականությունը երևակայականից խորը անդունդներով է հեռու:
Տվյալ պարագայում ի՞նչ է եղել. նիկոլական իշխանության հոժարակամ կամակատարը դարձած Արմեն Սարգսյանի փոխարեն նույն Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն առաջադրել է իր կառավարության կազմում ընդգրկված, ազգանունը Խաչատուրյանի վերանայած, ՀՀՇ-ի ժամանակվա Երևանի քաղգործկոմի նախկին նախագահ Վահագն Խաչատրյանին: Լավ, նրա կենսագրականը կլրանա «աշխատել է ՀՀ նախագահ» կապակցությամբ, ու՝ ի՞նչ:
Ոչի՛նչ: Նա տվյալ դեպքում միայն այն բանի համար է, որ ըստ անհրաժեշտության՝ դակի նիկոլական ռեժիմի հերթական օրենքը կամ որոշումը: Ընդամենը:
Ունի՞ Հայաստանը նախագահ, չունի՞ Հայաստանը նախագահ, տվյալ պահին բացարձակապես անկարևոր է: Իսկ անկարևոր է այն պարզ պատճառով, որ եթե չունես պետականություն ու ինքնիշխանություն, եթե չունես սեփական տարածքդ պաշտպանելու, սեփական հողում երկրի բնակչության անվտանգությունն ապահովելու ընդունակություն, եթե ունեցածդ կառավարության միակ հոգսը Թուրքիայի շահերն սպասարկելն է, ապա մի՞թե առանցքային մտահոգությունդ այն է, որ երկրում պակասում է մի պաշտոնյա, որի ամբողջ անելիքը Հայաստանը մեռելատան ու դժոխքի վերածած Փաշինյանի ու նրա ՔՊ-ների ընդունած անհեթեթ որոշումները և օրենքները ստորագրելն է: Դա էլ, երևի, այն բանի համար, որ հետագայում, երբևէ կամ եթե Փաշինյանն ու նրա թիմակիցները կանգնեն դատարանի առաջ, «կռուտիտի» լրացուցիչ հնարավորություն ունենան՝ ասելով, թե՝ «ՀՀ նախագահն է ստորագրել…»:
Այնպես որ, «նախագահի ընտրության» շուրջ այդ աշխությունն ընդամենը հիշեցնում է ժողովրդական ասացվածքն առ այն, որ վարարած գետը ջրաղացը քշել է, բայց ընկել են չախչախի ետևից: Բովանդակային առումով ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրություն կոչված միջոցառումը խեղկատակություն է:
Իրավիճակում, երբ ճակատագրական զարգացումներ են ծավալվում, որոնք չեն կարող անհետևանք մնալ մեր ժողովրդի, մեր երկրի մնացորդների հետագայի համար, Հայաստանը չունի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ: Դեռ հարց է, թե Հայաստանն առհասարակ ԶՈՒ ունի՞, թե՞ միայն Նիկոլ Փաշինյանին լպստող, նրան անձնական հավատարմության երդում տված, մարդատյաց ու հայերիս հանդեպ թարախ շնչող ոստիկաններն են մնացել ու եղած-չեղածը գաղտնալսող, «քաղաքական ժանդարմերիայի» վարածված ԱԱԾ-ն:
Ու միանգամայն տրամաբանական և բնական է, որ ԱԺ խորհրդարանական ընդդիմությունն ի դեմս «Հայրենիք» և «Պատիվ ունեմ» դաշինքների, բոյկոտեց նիկոլական իշխանության այդ «ցերեկույթը»: Առհասարակ, ընդդիմությունը ճիշտ է վարվում՝ բոյկոտելով:
Ու ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամբողջապես բոյկոտելու անհրաժեշտությունը և հրամայականը կա: Ասում են՝ դե որ այդպես է, թող ընդդիմությունը մանդատները վայր դնի: Եթե դրանով հնարավոր լիներ հասնել Հայաստանն աղետած Փաշինյանի հեռացմանը, ապա այդ քայլը վաղուց արված կլիներ: Առայժմ անհրաժեշտ է, որ ԱԺ-ում ընդդիմությունը մանդատներ ունենա: Թեկուզ… Այս գլխակեր իշխանության հեռացման կոչը կամ ազդականչը հնչեցնելու համար:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը