12 01 2022

Մահաբեր «խաղաղության» փերեզակները…

Մահաբեր «խաղաղության» փերեզակները…

Նախկիններում լիներ, կասեին՝ սահմանին անհանգիստ է, կրակում են: Հիմա սահման չկա: Ավելի շուտ, հիմա արդեն Հայաստանն ամբողջությամբ է սահմանամերձ գոտի: Այն, որ Երևանի ձեր թաղում կամ, ասենք, Էջմիածնում, Արմավիրում արկեր ու բայրակթարների ռումբեր չեն պայթում, դա դեռ չի նշանակում, թե ըստ էության Երևանը, Վաղարշապատը կամ Արմավիրը սահմանամերձ չեն: Արկեր չեն պայթում, որովհետև… թուրքերը դեռ նման ծրագիր չունեն, ավելի ճիշտ՝ դեռ ծրագրի այդ կետին չեն հասել: Եվ հետո, ի՞նչ իմաստ ունի արկեր վատնել Երևանի վրա, եթե 2018-ի մայիսից Հայաստանում իշխանությունը զավթել են, եթե այն, ինչը կոչվում է «ՀՀ իշխանություն», գործնականում սպասարկում է թուրքերի՝ Բաքվի և Անկարայի շահերը:

Արկերն ու ռումբերն առայժմ պայթում են Վերդենիսին մերձակա դիրքերում: Ասենք, «ՀՀ վարչապետ» համարվողին ավելի հոգեհարազատ անվանմամբ՝ Բասարգեչարին մերձակա դիրքերում: Պայթում են՝ խլելով հայ տղաների կյանքերը: Երեք զոհ ունենք…

Նիկոլի «խաղաղության դարաշրջանն» է, Նիկոլի և իրեն «ընտրած» ֆանտոմների «ապագան» է: Այն, որ ծղրտում էին՝ «ապագա կա»:

Ու Նիկոլի ԱԽ քարտուղարը, որ մի երկու օր առաջ, Ղազատխստանի ներքին գործերին միջամտելու համար զորք ուղարկելն արդարացնելով պարծենում էր, թե՝ առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմներ է աշխատեցրել, իր շեֆի հետ, այժմ, Հայաստանի անվտանգության ու ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար ոչ մի մեխանիզմ էլ չի աշխատեցնում, առավել ևս՝ ՀԱՊԿ-ի:

Թե բա՝ «խաղաղության դարաշրջան»: Նիկոլն է ասում: Փաշինյան: Եվ նիկոլականներն են ասում, որ իրենց պատկերով ու նմանությամբ, էությամբ անլվա մեկին վերջապես գտել, վարչապետ են կարգել: Ու շարունակում են կրկնել վերևից իրենց հուշվող ապուշությունները, չնայած դեռ երեք տարի առաջ, իրենց պաշտելի «ժողվարչապետի» առաջին իսկ քայլերից ակնհայտ էր, որ գերդիպուկ է ժողովրդական խոսքը. «Բոշեն փաշա չի՛ դառնա…»:

Նա, որ տասնամյակներ շարունակ մաղձ էր տարածում և ատելություն շնչում հայերի ու Հայաստանի, Արցախի հանդեպ, «սիրո և համերաշխության» մասին էր դայլայլում: «Ոմանք» զմայլվել էին՝ չհասկանալով, որ տասնամյակներ շարունակ Բաքվի քարոզչական շահերն սպասարկողը եթե սեր ունի էլ, ապա միայն թուրքերի և «ադրբեջանական ժողովրդի» հանդեպ: Կուրացել էին, չհասկանալով, որ նրա երազած «համերաշխությունը» ցեղասպան Թուրքիայի չստիկները լիզելն է ու ոչ պակաս պատերազմական հանցագործ Ալիևի առջև ծուռվիզ չոքելը:

Նա, որ իր իսկ կարծեցյալ «հակասական հայտարարություններով» ու քայլերով միտումնավոր հրահրեց, արագացրեց  պատերազմի վերսկսումը, նա, ում կայացրած ակնհայտորեն անհավասարակշիռ ու արմատապես սխալ որոշումների հետևանքով հազարավոր զինվորներ ու սպաներ սպանվեցին, նա, ով թուրքերին հանձնեց Արցախի հարյուրավոր բնակավայրեր, Շուշին ու Հադրութը, Քարվաճառն ու Քաշաթաղը, Վարանդան ու Կովսականը…, վերջապես նա, ով կապիտուլյացիոն հայտարարություն գողտու ստորագրեց, ահա այդ «նա»-ն է խաղաղությունից խոսում:

Չգիտեմ, մնացե՞լ են սուբյեկտներ, որ իսկապես հավատան իրենց կուռքի ասածին, թե՞ ոչ:

Բայց մեծամասնության համար երևի պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր «քաղաքական թիմը» մահաբեր «խաղաղության» փերեզակներ են: Իմացողները գիտեն, որ փերեզակը շրջիկ մանրավաճառն է: Իսկ ավելի խորը իմացողները գիտեն նաև, որ փերեզակը նույնն է, ինչ շահախարդախը, խաբեբան:

Լավ, ի՞նչ աստիճանի պետք է որևէ մարդ անմիտ լինի, կարծելու համար, թե ազգը, պետությունը, բանակը ջախջախիչ պարտության տարած ոմն մեկը կարող է ինչ-որ բան ապահովել, երաշխավորել, այն էլ՝ խաղաղություն: Ի՞նչ խաղաղություն:

Լո՞ւրջ, որևէ մեկը կարծում է, որ կարող է թուրքերի հետ խաղաղ ապրել, առավել ևս այն բանից հետո, երբ Հայաստանի անվտանգության ապահովման երաշխիք-դարպասներից Արցախը գործնականում տվել են 80 տոկոսը՝ ադրբեջանաթուրքական տանդեմին, մնացած բեկորները՝ Ռուսաստանին, իսկ 2020-ի նոյեմբերից սկսած, կտոր-կտոր տալիս են նաև Սյունիքը:
Եվ ի՞նչ կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի նման անպատասխանատու մեկի խոստացած «խաղաղության դարաշրջանը», եթե ոչ նորանոր կորուստների, թշնամու շարունակական գնդակոծումների, ռմբահարումների, նորանոր ողբերգությունների և ավերումների շղթա:

Արդեն 2022 թվի հունվարի 12-ն է: Հունվարի 11-ին սահմանի վրա նորից հայ տղաներ են զոհվել: Նրանց արյան մեղքը անձամբ Նիկոլ Փաշինյանի, նրա գլխավորած կառավարության կազմի անդամներից անձնապես ամեն մեկի, նրա «ՔՊ» խմբակցության անդամներից յուրաքանչյուրի վրա է: Եվ բոլոր նրանց վրա է մեղքը, ովքեր դրանց ձայն են տվել: Կուզեք, օրվա մեջ 7 անգամ լվացվեք, մինչև յոթը պորտ ձեր ու ձեր սերունդների վրա է զոհված տղաների արյան մեղքը: Հա, ու մի՛ կարծեք, որ եթե ձեր իսկ ստեղծած մղձավանջային արյունաճահճից ռուսաստաններ կամ ամերիկաներ փախչեք, դուք կամ ձեր «յոթը պորտը» խուսափելու են Աստծո ամենադաժան դատաստանից:
Հայրենիք ուրացողների, ազգություն ուրացողների, անկախություն ուրացողների, սեփական երեխաներին ու նրանց արյունը ուրացողների, խեղկատակի կռապաշտների համար ոչ մի ժողովրդի ոչ մի հավատքում չկա՛ ու չի՛ կարող լինել որևէ ներում:
Դա աններելի է: Ինչպես աններելի է մահաբեր «խաղաղության» փերեզակությունը:

 

Արմեն Հակոբյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ