07 01 2022

Այլասերում՝ բոլո՛ր առումներով

Այլասերում՝ բոլո՛ր առումներով

Եվ թող ների մեզ ընթերցողն այն բանի համար, որ երբ ինքը և շատ-շատերը Ղազախստանի ու այնտեղից հորդող լուրերի վրա են կենտրոնացել, համարձակվում ենք ուշադրություն հրավիրել հայրենի դառնաղի իրողությունների վրա: Թեպետ... արժե ուշադրություն դարձնել այն փաստին, որ «թավշյա հեղափոխությամբ» Հայաստանում իշխանություն զավթած անձը «մեջտեղից պատառոտվում է»՝ Ղազախստանում «ժողովրդական ապստամբությունը» ճնշելու համար: Այդ համատեքստում ու զուտ հետազոտական հետաքրքրությունից ելնելով, միգուցե արժեր թեկուզ հպանցիկ տեսնել դեմքերը սորոսական փողերով Նիկոլի համար «իրավապաշտպան աշխատող» այն սուբյեկտների և պրոֆեսիոնալ ակծիվիստների, որոնք սիրում էին երկար-բարակ ճամարտակել ապստամբելու, հեղափոխություններ անելու «ժողովրդի իրավունքի» մասին:


Բուն երևույթն այն է, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը (և իր թիմակից-գործակիցները), գալով իշխանության, անում կամ արդարացնում են այնպիսի քայլեր, որոնցից յուրաքանչյուրի դեպքում պարզապես համաշխարհային վայնասուն կբարձրացնեին, եթե նման բաներ արվեին, երբ իրենք իշխանություն չէին, այլ՝ ընդդիմություն, «ընդդիմադիր թերթ», «իրավապաշտպան», «ակծիվիստ»: Դա կոչվում է այլասերում կամ՝ դեգեներացիա:

Այնպես որ, հեղափոխությունը ոչ միայն խժռում է իր զավակներին, այլև արմատապես այլասերում և կերպարանափոխում: Դա ակնհայտ է այնքանով, որ կարծեցյալ ոստիկանապետության դեմ մի 5 տարի առաջ կրակոտ ճառեր ասող բոցաշունչ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, ձևավորում է բացարձակ ոստիկանապետական ռեակցիոն ռեժիմ: Ժողովրդավարության «ցավը քաշող» (իբր) Փաշինյանն ու մյուսները, հասնելով իշխանության, դարձել են խոսքի ազատության և մարդու այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների երդվյալ թշնամիներ: Եթե մի «իշխանություն», որ իշխանություն է դարձել այլոց հասցեին բանսարկելու, զազրախոսելու հաշվին նաև, հիմա ընկել է այն աստիճան, որ իրեն հայհոյելը քրեականացնում է, ապա էլ ի՞նչ է դա, եթե ոչ՝ համակողմանի և ամբողջական այլասերում: Միանշանակ ու աներկբա:

Գինին քացախ է դառնում, Մյունհաուզենը՝ Ֆեոֆիլ, «հեղափոխականը»՝ ռեակցիոներ, «ժողովրդավարը»՝ ուլտրա-ծաղրանկարային բռնապետ…

Նիկոլ Փաշինյանը և ուղեկից սորոսական կոհորտան մի երկու տարի առաջ իրենց «ճղում» էին՝ դատական համակարգի «վեթթինգի», նույն ինքը՝ զտման, այն է՝ «թավիշի» համար անբարեհույս նկատվող դատավորներին հեռացնելու և միայն կամակատար, Նիկոլի չստիկը լիզող դատավորների համակարգում թողնելու նպատակով: Նույն նպատակով անցյալ փոշեկոլոլ, հավաբնապալատապատ միջավայրից առաջին պլան բերեց Նիկոլին անձնական հավատարմության երդում տված ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը: Ճիշտ է, այդ ամենը փաթեթավորված էր «անկախ դատարանի» մասին ճամարտակություններով:


Իսկ հիմա ուշադրություն. Նիկոլի իշխանությունը, ըստ էության, կոպտորեն միջամտել է դատական իշխանության տարածք ու կաթվածահար է արել դատական գործերի բաշխման ավտոմատացված (համակարգչային) համակարգը: Դա հանգեցրել է մարդու հիմնարար իրավունքների, այն է՝ արդար և անաչառ դատաքննության սահմանադրական իրավունքի խախտման: Բանն այն է, որ այժմ գործերի բաշխումը կատարվում է դատարանների նախագահների անձնական հայեցողությամբ, այսպես ասած՝ «ձեռքով մակագրելով»: Կարճ ասած, եթե նախկինում արվել էր ամեն ինչ, սկսած օրենսդրության ընդունումից, վերջացրած գործնականում ավտոմատացված համակարգ ստեղծելով, որպեսզի դատական գործերի բաշխման հարցում մարդկային գործոնն ու դատարանիների նախագահների միջամտության կամ կամայականության հանգամանքները բացառվեն, ապա հիմա տրամագծորեն հակառակ վիճակն է:

Այդ ամենի մասին է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտահերթ հրապարակային զեկույցը. «Դատական գործերի «ձեռքով» մակագրումը և անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքի խորքային վտանգները»: Ցանկացողները կարող են անձամբ ծանոթանալ մասնագիտական բարձր մակարդակով շարադրված և հանգամանորեն հիմնավորված այդ զեկույցին։

Ընդգծենք հիմնականը: Ի՞նչ է արվել՝ նախկինում ձևավորված բաշխման ավտոմատացված համակարգը վերացնելու և կրկին «ձեռքով» մակագրելու, այն է թե՝ որոշակի գործեր միմիայն որոշակի, «հուսալի», գործադիրի տակ պառկած դատավորների հանձնելու վարչահրամայական ու արատավոր «մեխանիզմ» վերստեղծելու համար: Այստեղ, ըստ երևույթին, կարող էր և Գագիկ Ջհանգիրյանի մատը խառը լինել: Համենայն դեպս, իրականացված «օպերացիան» հիշեցնում է «Մատաղիսի գործի» ժամանակների ջհանգիրյանական մեթոդները:

Բռնել ու ինչ-որ գործ են հարուցել (ՄԻՊ զեկույցում տվյալ գործի տվյալները չեն նշվում, բայց դա չէ կարևորը), որի շրջանակներում իրականացվել է քննչական գործողություն և… առգրավվել են առգրավվել են դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները:

Հանճարեղորեն պարզ է:

Բանն այն է, որ Դատական օրենսգիրքն ամրագրում է դատական գործերի բաշխումը ավտոմատացված համակարգով՝ որպես գործերի բաշխման այնպիսի հիմնական եղանակ, որից, ըստ օրենքի, բացառություն կարող է արվել միայն մեկ դեպքում՝ եթե առկա է անհաղթահարելի ուժ ու այդ անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել hամակարգչային ծրագրի միջոցով:

Եվ ահա, քննչական մարմնի կողմից այդ առգրավումը համարվել է «անհաղթահարելի ուժ» (դե, երևի նիկոլական իշխանության քննչական մարմինները տարերային աղետ են՝ երկրաշարժ, հրաբուխ, ջրհեղեղ), այսինքն՝ օրենսգրքով նախատեսված միակ բացառությունը և… մնաս բարով գործերի բաշխման ավտոմատացված համակարգ, մնաք բարով՝ անկողմնակալ ու անաչառ դատավարության սահմանադրական իրավունքներ:

Ամենից կարևորը. այդ ամենը իրագործում են հենց այն սուբյեկտները, ովքեր ոչ վաղ անցյալում ուղղակիորեն զահլա էին տանում «դատավորների անկախության» թեմայով իրենց ճամարտակություններով:

Այլասերում՝ բոլո՛ր առումներով: Միանշանակ ու աներկբա (լավ է՝ համալսարանում եղած ժամանակ այդ մի երկու բառն էլ յուրացրել է ոմն զրո):

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ