Թուրքիան, ինչպես հայտնի է, «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով» հատուկ ներկայացուցիչ է նշանակել: Դեռ մի քանի օր առաջ: Շատերը կենտրոնացել են նշանակված թուրքական ներկայացուցչի անձի վրա: Այն իսկապես ուշադրության արժանի է, քանզի Սերդար Քըլըչը փորձառու դիվանագետ է, նրա ընտանիքի անդամները տարբեր թելերով շաղկապված են թուրքական հակահայ իշխանության ղեկավար Էրդողանի հետ: Ինչ վերաբերում է դույն Քըլըչի դիվանագիտական փորձառությանը, ապա թերևս բավարար է նշել որ նա 2014-2021թթ. եղել է Թուրքիայի դեսպանն ԱՄՆ-ում: Ավելին, Թուրքիայի կողմից, այսպես ասենք՝ Հայաստանի հետ բանակցող նշանակված Քըլըչը ոչ միայն պարբերաբար հանդես է եկել Հայոց ցեղասպանության մերժողականության դիրքերից, այլև որոշակի գործունեություն է ծավալել, օրինակ, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Այսինքն, ի դեմս Քըլըչի, գործ ունենք Հայոց ցեղասպանությունը արդարացնող և այն վերջնական ավարտին հասցնելու (Հայաստանը լիովին ոչնչացնելու և հայերին բնաջնջելու) համոզված կողմնակցի հետ:
Հարց է ծագում. թուրքական իշխանությունները նախապես որևէ կերպ համաձայնեցրե՞լ են նրա նշանակումը, թե՞ դա այդպիսի «ժեստ» է: Այսինքն դնենք Քըլըչին, տեսնենք էս մի վիրավորանքն էլ կո՞ւլ կտան, թե՞ ոչ:
Դատելով այն բանից, որ պաշտոնական Երևանը ոչ մի կերպ չի արձագանքել, լրիվ կուլ տված վիճակ է: Համենայն դեպս, նիկոլական ռեակցիոն ռեժիմի կողմից ձայն-ծպտուն չի եղել, բացի այն, որ Նիկոլն էլ բանակցող կնշանակի: Հաշվի առնելով, որ ամերիկաներից Հայաստան էր բերվել տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանը, որպեսզի անհեթեթություններ արտաբերի առ այն, թե թուրքերի ու ադրբեջանցիների կողմից հայրեին վտանգ չի սպառնում (խելքի աշեցեք), մնում է քմծիծաղելով հուսալ, որ հենց նրան չեն նշանակի: Չնայած, Նիկոլի թիմում վխտում են երդվյալ թրքասերները, այնպես որ, բանակցող ընտրելու հարցում ՔՊ-ն հաստատ չի նեղվի:
Հա, բայց այս ամենով հանդերձ բոլորովին այլ բան է հետաքրքիր, ինչին գրեթե ոչ մի անդրադարձ չի արվում: Բանն այն է, որ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» ասվածի հետ կապված, Թուրքիան, բոլոր ժամանակներում առաջադրել է որոշակի նախապայմաններ, այսինքն՝ քայլեր, որոնք ակնկալում է Հայաստանից, որպեսզի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատի: Թուրքիայի ակնկալած այդ «քայլերը» հանրահայտ են ու գաղտնիք չեն, ամենից կարևորը՝ անփոփոխ են. ա) Հայաստանը հրաժարվում է Արցախից ու մեկընդմիշտ մոռանում, բ) Հայաստանը (հայությունը) հրապարակավ ուրանում է Հայոց ցեղասպանությունն ու, ընդհանրապես... Էությունը դա է, անկախ այն բանից, թե ինչ նախադասություններով կարող է փաթեթավորված լինել: «Ու ընդհանրապես...»-ի մեջ, օրինակ, կարելի է նշել այն, որ Հայաստանը ինքն իրեն հռչակում է լուծարված և կամովին մտնում Թուրքիայի կազմի մեջ, կամ սիրով ընդունում է Թուրքիան ու Ադրբեջանը ավելի կարճ ճանապարհներով իրար կապող երկաթգծի կամ մայրուղիների պլատֆորմ լինելու, «պեռեռիվ անող» թուրք շոֆեռներին չայ ու չստիկ մատուցող նոքարի դերը: Հա, և իհարկե, Հայաստանից հանվում է Ռուսաստանի ռազմաբազան, որպես հայ-թուրքական սիրակեզ եղբայրությանը խոչընդոտող գեշ հանգամանք:
Հարցը հետևյալն է. իսկ այդ ինչպե՞ս է, ստացվել, որ Թուրքիայի գործող հակահայ ռեժիմը այդպես վստահ բանակցող է նշանակում, «հարաբերությունների կարգավորման» է գնում: Շատ պարզ է ստացվել: Նա, ով հիմա հանդես է գալիս Հայաստանի անունից, ամենայն հավանականությամբ, անվերապահորեն ընդունել է կամ երաշխիքներ է տվել, որ կընդունի թուրքական բոլոր նախապայմանները: Ասենք, ի՜նչ երաշխիք, եթե սրանք Արցախը գործնականում արդեն ուրացել են:
Ու հիմա նա՝ Նիկոլը, ոգևորված, բլբուլ կտրած ինչ-որ տարածաշրջանային երկաթուղիների գովք է կապել: Դե, Մակրոնի, Ալիևի հետ է հաց ուտում, նստում-ելնում՝ դատարկությունից բացի, ոչինչ չարտահայտող հայացքով, քաղաքավարության համար սեղանին դրված ուտելիքը «խեղդելով», մի խոսքով՝ իր կերպի մեջ:
Թե այդ ի՞նչ երկաթուղի է ուզում բյուջետային միջոցներով կառուցել Նիկոլ Փաշինյանը, առանձնապես կարևոր չէ, քանզի դրանից եթե շահողներ լինեն էլ, ապա միմիայն Նիկոլի օլիգարխներն են լինելու և թուրքերը: Փոխարենը կարելի է ասել, որ մյուս բոլորը, ովքեր «նարկոզի տակ» հետևում են Հայաստանի վիլայեթացման այս ակտիվացած պրոցեսին, լավ կլինի, որ հոգեբանորեն նախապատրաստվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ապամոնտաժմանն ու թուրքական անձնագրեր ստանալուն: Ոմանց, իհարկե, նախապատրաստվել պետք չէ, իրենք էն գլխից այդ էին երազում:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը