12 11 2021

Պայքարելո՛ւ ենք, և վստահ եղե՛ք. սրանց վռնդելու ենք

Պայքարելո՛ւ ենք, և վստահ եղե՛ք. սրանց վռնդելու ենք

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքի նոյեմբերի 8-ի հանրահավաքի հիմնական շեշտադրումներից մեկը, ինչպեսև հայտարարվել էր, ներկա հայակործան ռեժիմի դեմ համազգային դիմադրության շարժման մեկնարկի մասին ազդարարելն էր:

Մենք, որպես երբեմնի պետականության ավերակներ, որպես վերջին 30 (հանած 3) տարիներին մեր հաղթական ու արիական ոգին վերականգնած և դարերի խավարից ու կորուստներից հետո այս աշխարհի վրա ոտատեղ պահած ազգ, որպես մեծագույն զոհողությունների գնով երկիր ու արժանապատվություն վերականգնած ժողովուրդ, որպես մեր զոհված զավակների արյունը չուրացած մարդիկ այլևս հենց առասպելական Թուր-Կեծակու սաստիկ ու անողոք հարվածի հույսին ենք մնացել:

Եվ Ռոբերտ Քոչարյանի, «Հայաստան» դաշինքի վերջին հանրահավաքի կվինտէսենցիան այդ անթեղված հույսը ա) վառ պահելն էր, բ) այդ հույսի վրա պայքարը նոր թափով բորբոքելու և անխուսափելիորեն նպատակին հասնելու վճռականությունը հավաստելը:

Սա՛ է: Կողքից ով ինչ ուզում է, թող ասի: Կողքից ով ցանկանում է հուսահատվածներին է՛լ ավելի հուսահատեցնել, սեփական անորոշության, մոլորության ու տրտմության ճահիճը տարածել՝ ակամայից ծառայելով չարքին ա) իր խնդիրն է, բ) չի կարող ու չպետք է մնացած բոլորիս շեղի Հայաստանը չկորցնելու պայքարի ուղուց:

Մեծ հաշվով, ներկա դրությամբ երկու հիմնական վեկտոր կա: Առաջինը մեր թշնամու, մեր բնաջնջման ու պետականության վերացման նպատակ հետապնդող վեկտորն է՝ «ՀՀ գործող իշխանություն» կոչվող թյուրիմացակույտի հետ համագործակցաբար Հայաստանն իսպառ զրկել վերականգնվելու և ոտքի կանգնելու բոլոր հնարավորություններից՝ «դարավոր խաղաղության», «կոմունիկացիաներ բացելու» և նմանօրինակ սուտ, կեղծ, մահաբեր և թունավոր «քացրաշերտով» փաթեթավորած (ինչպես լեղին են քաղցր թաղանթով պատում):

Երկրորդը՝ հայաջինջ ու Հայաստանակործան թշնամական մղումներին դիմադրելու, դիմակայելու և հաղթելուց բացի այլ տարբերակ չունենալու վեկտորն է: Բացարձակապես միևնույն է, թե ում է դա դուր գալիս, ում դա դուր չի գալիս, ով է թնկթնկում, իսկ ով տնազներ անում, ով է մոլաքոր ընկնում կամ ով է այսահարվում այդ փաստից, իրողությունն այն է, որ կա՛ն իրական պայքարողներ, կա՛ն չհանձնվողներ ու ո՛չ մի պարագայում չհամակերպվողներ, կա՛ պայքար: Եվ փաստն այն է, որ այդ պայքարի դրոշը առաջ է տանում անցած երեք տասնամյակում Արցախում, Հայաստանում թե՛ պատերազմում, թե՛ տնտեսական, թե՛ պետականաշինական ճակատներում անուրանալի հաղթանակներ կերտած իրական նվիրյալը՝ իր անդավաճան զինակիցների հետ: Ճակատագրական այս պահին պայքարի դրոշը Ռոբերտ Քոչարյանն է առաջ տանում, և նոյեմբերի 8-ին Ազատության հրապարկում հավաքված հազարավոր հայրենակիցների մեծ մասը այն մարդիկ են, որոնք նույն խմորից են՝ չհանձնվող ու պայքարող, որոնք չեն ընկրկել, որոնք հույս ունեն, բայց և ուզում են հավաստիանալ, որ կազմակերպված պայքար տանող կա, որպեսզի մեկտեղեն ուժերը:

Սա՛ է: Եվ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթի առանցքային շեշտադրումն էլ դա՛ է.

«Մենք բոլորս պետք է միավորվենք: Պետք է այս դիմադրության շարժմանն ուժ հաղորդենք, ամեն մեկը՝ իր հնարավորությունների չափով:

Եվ սա շատ երկար չի՛ տևելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու: Ամեն ինչ կախված է ձեզանից, այս հրապարակում կանգնած Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյուր քաղաքացուց:

Պայքարելո՛ւ ենք:

Եվ վստահ եղեք, սրանց մենք վռնդելու ենք. կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով, յուրաքանչյուր ճանապարհով: Եվ այդ բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առաջին (շարքում) կանգնած եմ լինելու»:

Դե ինչ, դիմադրության շարժումը նոր թափով վերսկսելու մեկնարկը տրված է: Եվ ուրեմն՝ հանո՛ւն Հայաստանի և Արցախի, հանո՛ւն նրա, որ մեր զավակներն ու թոռները սեփական հայրենիքում ու հա՛յ մնան, հանո՛ւն արդարի ու Աստծո, բոլորս դեպի պայքարի առաջին շարք, ընդդեմ՝ հայակեր սատանաների ու արնախում հրեշների:

Այո, պայքարելո՛ւ ենք, և վստահ եղե՛ք. սրանց վռնդելու ենք:

 

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ