14 09 2021

Ապստամբության հոտը և… նորից պետություն ունենալու կարոտը

Ապստամբության հոտը և… նորից պետություն ունենալու կարոտը

Իշխանություն համարվող խմբավորման հերթական անհեթեթ որոշման կամ հայտարարության վերաբերյալ ֆեյսբուքյան զարմանազան արձագանքների մեջ ուշադրություն գրավեց կարճառոտ մի արտահայտություն: «Ապստամբության հոտ եմ առնում…»,-գրել էր ոչ միայն «Ֆեյսբուքից» ծանոթ և, կարծում եմ, քաղաքականության մեջ հոտառություն ունեցող մի օգտատեր: Հանուն արդարության՝ նկատենք, որ «ապստամբության հոտ» միայն տվյալ օգտատերը չէ, որ առնում է:

Բայց ահա, թե ո՛րն է պարադոքսը: Այդ հոտը, նկատի ունեմ, իհարկե, ապստամբության կամ նույնիսկ «խռովության հոտը» անհնար է չզգալ, անկախ հոտառությունից, հասարակական-քաղաքական զարգացումներին տեղյակ լինելուց, դրանք ոչ միայն մակերեսայնորեն դիտարկելու ունակությունից: Այդ «հոտերն» անհնար է չզգալ, քանի որ առնվազն մեկ տարի է, ինչ դրանք բավականին ինտենսիվ տարածվում են, ավելին՝ բազմապատկվում են «ապստամբության հոտերի» տարածման առիթներն ու պատճառները:

Եվ ի՞նչ: Իսկ ոչինչ: Բացարձակապես՝ ոչինչ, քանի որ Հայաստանում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի չարաղետ իշխանավարումը, իր՝ մեկը մյուսից կատաստրոֆիկ հետևանքներով, տարածքային, մարդկային և արժեքային աղետալի կորուստներով, հստակ կործանարար ընթացքով:

Իրականում այն ամենը, ինչ վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում թույլ է տվել իրեն նիկոլական իշխանությունը, բոլոր այդ հիմար ու ավանտյուրիստական որոշումները, որոնց հետևանքներն ուղղակիորեն ողբերգական ու մահացու են, ահա այդ ամենը, տարրական ինքնահարգանք ու ինքնապաշտպանության նվազագույն բնազդ ունեցող որևէ հասարակության պարագայում ոչ թե սոսկ «ապստամբության հոտ առնելու», այլ մի 15-20 հատ լիարժեք ապստամբության առիթ կտային:

Մյուս կողմից, անհնար է չնկատել. Նիկոլի իշխանական խմբոնը, կարծես միտումնավոր ու բացեիբաց, աննկարագրելի ցինիզմով, արդեն ավելի քան 3 տարի, գործնականում՝ Հայաստանի իշխանությունը զավթելու պահից, անում է ամեն ինչ, որպեսզի իրողությունները հնարավորինս համարժեք ընկալող ու քիչ թե շատ ինքնահարգանք և արժանապատվություն ունեցող ցանկացած ոք ոչ թե պարզապես երես թեքի այդ խմբավորումից, այլ նողկանքո՛վ երես թեքի:

Լավ, հապա ինչո՞ւ կամ ինչպե՞ս է, որ ապստամբության միայն «հոտն է գալիս» ու… վերջ:

Ինչո՞ւ, թեկուզ մի քանի տասնյակ հազար քաղաքացի չի ելնում՝ բողոքն արտահայտելու առ այն, որ գործող վարչախմբի պարագլուխը հայտարարում է, թե ի հիշատակ մեր զոհված տղաների… «գունագեղ տոնակատարություն» է անցկացնելու: Կամ, երբ բացեիբաց տեսնում ու համոզվում են, որ գործող վարչախումբը Հայաստանի սուվերեն տարածքը, կամայականորեն ու ինքնագլուխ կտոր առ կտոր նվիրում է թշնամուն, երբ տեսնում են, որ թշնամին մե՛ր իսկ հողում, մե՛ր իսկ ճանապարհների վրա անցակետ է դնում ու նալոգ հավաքում անցնող-դարձողից: Կամ՝ երբ գործող վարչախմբի կարկառուն ներկայացուցիչները հունաստաններում «տժժիկների» մեջ են, ակնհայտորեն ո՛չ իրենց տատուց ժառանգություն ստացած օսմանական ոսկեդրամների հաշվին: Ըստ որում, անում են այնպիսի բաներ, որոնց դեմ նրանց ծղրտան ելույթներին տրվելով, 18-ի ապրիլին այնպիսի կրիտիկական զանգված ելավ փողոցներ, որ «թավիշը», եթե անգամ պլանավորված էր, դարձավ արդեն անկառավարելի, ինչը հնարավոր դարձրեց իշխանության զավթումը նիկոլենց՝ մի խումբ անհոգի, անսիրտ ու անգաղափար արկածախնդիրների կողմից:

Եթե հակիրճ, ապա հնարավոր պատասխանների շարքում առաջինն այն է, որ ապստամբության, եթե կուզեք՝ իշխանափոխության, եթե կուզեք՝ պետականությունը և կործանված անկախությունը վերականգնելու պայքարի ու այդ պայքարում հաջողության հասնելու, մեծ հաշվով՝ կործանումից փրկվելու համար միայն «ապստամբության հոտը», այսինքն՝ հասարակության մեջ վրդովմունքի, դժգոհության, անհանդուրժողության տրամադրությունները քիչ են: Դա անհրաժեշտ նախադրյալ է, բայց բավարար չէ: Ինքն՝ իրեն, զուտ միայն տրամադրությունների վրա ապստամբություն չի լինում: Այո, հնարավոր է հասարակական որևէ շերտի (ենթադրենք՝ խաղողագործներ, այգեգործներ, պարտադրական պատվաստման քշվողներ և այլն) ինքնաբուխ դրսևորում, անգամ՝ խռովություն, որպես կանոն՝ քաոտիկ, երբեմն՝ կոշտ, բայց հիմնականում՝ առանց ցանկալի վերջնարդյունքի հասնելու:

Կարճ ասած՝ կազմակերպված ու հետևողական, ակտիվ ու աննահանջ պայքարի գեներատոր, պայքարի ու դրա կազմակերպման համարժեք օջախ, առաջնորդող ուժ է անհրաժեշտ: Ու այստեղ արդեն սլաքն ու հայացքներն ուղղվում են դեպի նիկոլական վարչախմբի ընդդիմադիր ուժեր: Առաջին հերթին՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին:

Առնվազն սեփական օրինակով կարող եմ պնդել, որ այս դաշինքներին ձայն տված ավելի քան 300 հազար գիտակից հայրենակիցները նրանց օգտին չեն քվեարկել նրա համար, որ գնան ԱԺ-ում նիկոլական ռեժիմի հետ «խորհրդարան-խորհրդարան» խաղան: Մարդիկ քվեարկել են հիմնականում այն ակնկալիքով, որ տվյալ ուժերը կա՛մ ուղղակիորեն հեռացնելու են Արցախը կործանած ու Հայաստանի այս հատվածն էլ կործանման տանող անագորույն ռեժիմը, կա՛մ անզիջում ու կոշտ պայքար են մղելու դրանց դեմ:

Այո, խորհրդարանում ընդդիմությունը սուր, շատ սուր ելույթներ է ունենում, բանն անգամ Նիկոլի անմիջական հրահանգով արական սեռի «քայլոների» կողմից ընդդիմադիր խմբակցության կին պատգամավորի վրա ոհմակով հարձակվելու, քայլական մեկի վրա շիշ նետելու դրսևորումների հասավ, բայց դա, կարծում եմ՝ այն չէ, ինչը կարող է հանգեցնել «ապստամբության հոտը» ռեժիմից փրկվելու ռեալության վերածելուն, պետականություն ունենալու կարոտը նյութականացնելուն:

Սկզբունքորեն, զուտ ժամանակի հարց է այն, թե ընդդիմությունը երբ կանցնի շատ ավելի կոնկրետ, համակողմանի, փողոցային ակցիաներով ու «պարտիզանական դիմադրության» դրսևորումներով ուղեկցվող պայքարի: Բայց խնդիրն այն է, որ այդ ժամանակը Հայաստանը չունի կամ ավելի ճիշտ, այդ ժամանակը մոտ է սպառվելուն: Է՛լ ավելի կարճ ասած, արժե, որ ընդդիմության առաջնորդները խորհեն. պայքարի ներկայիս «խորհրդարանական» տարբերակով չեն կորցնո՞ւմ, արդյոք, հունիսի 20-ին ձևակերպած շոշափելի քաղաքական կապիտալը:

Արմեն Հակոբյան     

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ