31 08 2021

Ալիևների կլանին պատկանող Socar ընկերությո՞ւնն է մտնում հայկական շուկա

Ալիևների կլանին պատկանող Socar ընկերությո՞ւնն է մտնում հայկական շուկա

Կառավարության օգոստոսի 27-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե՝ մոտ 60 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր կա՝ նոր որակի ու նոր ստանդարտների բենզալցակայանների ցանցի ստեղծում Հայաստանում։ Ներդրումը, ասաց, Վրաստանից է։ Հստակ չասաց, թե ում մասին է խոսքը, ովքեր են ներդրում անողները։

Մի քանի բիզնես սննկացման տարած նախարարը պետք է որ լավ իմանա, թե Հայաստանի վառելիքի փոքր շուկայում այդքան գումարի ներդրումը ինչպես է կլանելու ամբողջ շուկան և դառնալու է մենաշնորհյալ։ Օլիգարխների վերակենդանացնող մեր կառավարությունը դրան սովորական է վերաբերվում․ նա այնքանով է ոգևորված, որ ներդրում ենք ունենալու մեր երկրում։

Բայց ամենակարևորն այն է, թե որ ընկերությունն է այդ մենաշնորհը փորձում հաստատել։

Մամուլին հաջողվել է որոշ փաստեր բացահայտել։ Մասնավորապես՝ Հայաստանում բենզալակայանների ցանց ստեղծելու ծրագրի հետևում կանգնած է հայտնի մեծահարուստ, միջազգային սկանդալների մեջ հայտնված, տարբեր ժամանակահատվածներում ՌԴ–ի, Շվեդիայի ու Վրաստանի քաղաքացի հանդիսացող Դավիդ Յակոբաշվիլին։

Յակոբաշվիլին ղեկավարում է վրացական «Petrocas Energy Group»–ը և զբաղվում է բեռնափոխադրումներով։ Հենց այս կազմակերպությունն է փորձում գնել նախկինում հայաստանյան «Միկա» ընկերությանը պատկանող 21 բենզալցակայանները։ Ինքնին հասկանալի է, որ 21 լցակայանում հնարավոր չէ 60 միլիոն ներդրում անել, քանզի այդքան տեղ չկա։ Չէ՞ որ վրացի մեծահարուստը չի պատրաստվում լցակայանների պատերը ոսկուց սարքել։ 60 միլիոնի խոստումը նշանակում է, որ փորձ է արվելու ընդլայնվել ու ամբողջությամբ կլանել հայաստանյան բենզինի ու սալյարկայի շուկան։ Իսկ որ Յակոբաշվիլու կազմակերպությունն ունի այդ հնարավորությունը, երկրորդ կարծիք չկա։

Բանն այն է, որ «Petrocas Energy Group»–ին են պատկանում վրացական Փոթի նավահանգստի տերմինալները և ռեզերվուարները, որտեղ նավերից դատարկվում են բենզինն ու դիզվառելիքը։ 1 տոննա վառելիքի դատարկման համար այդ կազմակերպությունը գանձնում է 15 դոլարի չափ գումար և ունի շահույթ այդ գնի մեջ։

«Petrocas Energy Group»–ը նաև դեպի Հայաստան եկող վառելիքի երկաթուղային փոխադրողն է։ 1 տոննա բենզինը Փոթիից մինչև ՀՀ Այրում կայարան տեղափոխման համար հայկական ներկրողները վճարում են մինչև 200 դոլար։ Եվ դա այն դեպքում, երբ բեռնափոխադրման ինքնարժեքը չի գերազանցում 36 դոլարը։ Այսինքն՝ Յակոբաշվիլու կազմակերպությունը բառիս բուն իմաստով թալանում է հայ գործարարներին ու նաև սպառողներին։ Այդ փոխադրումների ծախսերը մտնում են ինքնարժեքի մեջ ու ի վերջո վճարվում մեր վարորդների կողմից (ի դեպ, ուշագրավ է, որ Վրաստանի ու Հայաստանի բենզալցակայաններում բենզինի ու սալյարկայի գները գրեթե նույնն են, և դա այն դեպքում, երբ ՀՀ բերված վառելիքի վրա բեռնափոխադրման ծախս է ավելանում․ Յակոբաշվիլին Վրաստանում պատկանում է «GULF» բրենդի տակ գործող ավելի քան 140 լցակայան և գներն այդ լցակայանում Հայաստանի գներն են)։

Ու հիմա եթե «Petrocas Energy Group»–ը դեպի Հայաստան բենզին տեղափոխողից դառնա նաև բենզին վաճառող, ապա ակնհայտ է, որ մրցակցային առավելություն կստանա, քանզի միայն բեռնափոխադրման գնի մեջ նա մյուսների համեմատ ունի առնվազն 150 դոլարի առավելություն 1 տոննայի դիմաց։ Դա նշանակում է, որ Հայաստանում շատ արագ գերմենաշնորհ կհաստատվի։ Այդ մենաշնորհի հաստատման սկզբնական փուլում բենզինի ու սալյարկայի գները կարող են իջնել, քանզի «Petrocas Energy Group»–ը շուկան գրավելու համար, ենթադրաբար, դեմպինգ կանի ու գները կիջեցնի, որպեսզի մյուս մասնակիցները բանկրոտի ենթարկվեն։ Հենց որ վերջնական մենաշնորհ հաստատվեց, գները կտրուկ կբարձրանան, բայց մեր պետությունն արդեն ոչինչ չի կարողանա անել, քանզի վառելիքի շուկայի ամբողջ շղթան՝ ներկումից մինչև մանրածախ վաճառք, կլինի մեկ կազմակերպության ձեռքում։

Բայց ամենասարսափելին սա չէ․ Յակոբաշվիլու գործընկերը վառելիքի շուկայում ադրբեջանական «Socar»–ն է՝ Ալիևների կլանին պատկանող նավթային ընկերությունը։ Կան ողջամիտ կասկածներ, որ ի դեմս Յակոբաշվիլու Հայաստանի վառելիքի շուկա է ուզում անուղղակիորեն մուտք գործել «Socar»–ը՝ դրանից բխող քաղաքական, աշխարհաքաղաքական ու անվտանգային հետևանքներով։

Այս ամենը, կամա թե, ակամա արվում է, մեր իշխանության թեթև ձեռքով; Իսկ եթե այդ ամենը արվում է իմանալով այս ամենը, ստացվում է, որ Քերոբյանն ադրբեջանաթուրքական շահեր է սպասարկում Հայաստանում, իսկ միգուցե ունի անձնական բնիզնես շահ։ Բայց հասկանալի է, որ նման կարգի հարաբերությունները, քաղաքականությունից, անվտանգությունից քիչ բան հասկացող մի նախարարի խելքի բանը չէ։ Բնականաբար՝ սա չի կարող լինել առանց թիմի ղեկավարի համաձայնության։

Բանն այն է, որ երկու ուշագրավ բանի ենք մենք ականատես պատերազմի ավարտից ի վեր Առաջինը 5 մլրդ դոլարի մասին խոսակցություններն են, որ Նիկոլը ստացել է Արցախի դիմաց ու որին մինչև այսօր պարզաբանում տրված չէ։ Եվ երկրորդը, որ Ալիևը մշտապես ծաղրում է Փաշինյանին ու չի ստանում պատասխան ողջամիտ կասկածներ կան, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է արձագանքել Ալիևին՝ վախենալով, որ նա ինչ-որ բաներ կհանրայնացնի։ Այնպես որ, կարող է պատահել՝ Փաշինյանը Ադրբեջանի հետ բիզնես առումով հաջող օրինակներ ունի։

Yerevan.Today-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հնարավորինս պարզաբանելու պատկերը։ Խնդրել ենք տեղեկատվություն հետևյալի մասով․

1 Ո՞ր ընկերությունն է նախարարի հայտարարած 60 մլն դոլարի ներդրում անելու։

2 Ովքե՞ր են ընկերության սեփականատերերը կամ սեփականատերը, ի՞նչ ազգային պատկանելություն ունեն։

3 Մամուլը հրապարակում է, որ խոսքը գնում է Դավիդ Յակոբաշվիլու մասին արդյո՞ք նա կամ նրա ընկերությունն է ներդրողը։

4 Արդյո՞ք, Էկոնոմիկայի նախարարությունը, հաշվի առնելով ներդրման կապիտալի մեծությունը, գնահատել է հնարավոր ռիսկերը շուկայի մենաշնորհացման առումով։ Արդյո՞ք, հաշվարկվել և կանխարգելվել են ռիսկերը, որ այդ մենաշնորհային, կամ առնվազն գերիշխող դիրքերում հնարավոր է հայտվի մի ընկերություն որտեղ գերիշխում է ադրբեջանական կապիտալը, այդպիսով՝ ադրբեջանական ազդեցության տակ լինի։

Հարցման պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ