«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում էր «Ապագա կա» կարգախոսով, բայց ապագայից առանձնապես չէր խոսում: Ի՞նչ են առաջարկում, ի՞նչ ծրագիր են մշակել, ի՞նչ են անելու, ոչ մի խոսք, միայն նախկինների վարկաբեկում, անցյալի տոտալ մերժում, մուրճի թափահարում, սպառնալիքներ:
Ինչո՞ւ իշխող ուժը չէր խոսում իր անելիքներից, չէր ներկայացնում նախընտրական ծրագիրը, դժվար չէ ենթադրել, իրենց թիրախային լսարանին դա ամենևին էլ հետաքրքիր չէր, ատելության խոսքը, բռնության կոչերն ու բամբասանքն ավելի դիտարժան էին:
Ամեն դեպքում, առաջարկում ենք վերհիշել, թե ինչ նախընտրական խոստումներ էր տալիս իշխող ուժը երեք տարի առաջ և ինչ ունենք հիմա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեք տարի առաջ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր «Իմ քայլը» դաշինքով, կարգախոսն էր՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»:
Առանձնացնենք դաշինքի նախընտրական ծրագրի մի քանի առանցքային կետեր.
Առաջիկա հինգ տարիներին մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։ Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանը արդյունաբերական, տեխնոլոգիական, նաև բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ։
ՀՀ տնտեսական աճը 2018-ին կազմել է 5.2 տոկոս, 2019 թվականին Հայաստանը փակել է 7.6 տոկոս տնտեսական աճով, իսկ 2020-ին Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս էր:
Հանրապետության հեղինակության և հայկական քաղաքակրթության ճանաչելիության բարձրացմանը։ Հայաստանի սահմաններից դուրս գտնվելիս Հայաստանի Հանրապետության անձնագիրը կրող յուրաքանչյուր քաղաքացու հպարտության և իրական պաշտպանվածության զգացումը լինելու է միջազգային հարաբերություններում մեր քայլերի կարևոր ուղենիշը:
Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է.
Սա խոստանում էին երեք տարի առաջ, իսկ այսօր ունենք մի իրավիճակ, երբ թշնամու հազարավոր զինվորներ մեկ ամսից ավելի է հատել են ՀՀ սահմանը, գերեվարում են ՀՀ զինվորներին, խոչընդոտում գյուղացիների աշխատանքը, ահաբեկում մարդկանց:
Հետևողական ենք լինելու բանակցային գործընթացում Արցախը` որպես հակամարտության հիմնական կողմ ներգրավելու հարցում:
Արցախը հայ ժողովրդի արժանապատվության միջնաբերդն է։ Հայաստանի համար Արցախը պարզապես հողատարածք չէ, ինչպես և Արցախի հարցը տարածքային հարց չէ։ Արցախը ժողովուրդ է, սեփական ճակատագրին տեր կանգնած ժողովուրդ` իր միակ ու անզիջելի հայրենիքով։ Այդ հայրենիքի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որեւէ տարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար՝ ընդունելի չի լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար։
Մոտավորապես այսպիսին էր Արցախի ու արցախյան հարցի շուրջ ՔՊ տեսլականը երեք տարի առաջ: Իսկ հիմա մենք ունենք մոտ 3 տասնամյակ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանների հանձնում, ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութի ու Շուշիի կորուստ, ռուս խաղաղապահների տեղակայում, հազարավոր զոհեր և վիրավորներ, բազմահազար տեղահանվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի ավելի քան 70 տոկոս և մեծ անորոշություն:
Մեր նպատակն է ստեղծել նորարար տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն: Մշակելու ենք ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն և իրականացնելու ենք ոռոգման համակարգերի արդիականացման պետական աջակցության ծրագրեր:
2021 թվական. Շարունակական բողոքի ակցիաներ, փակվող ճանապարհներ, գյուղացիները բողոքում են ոռոգման ջրի բացակայությունից:
Առաջարկվող տնտեսական մոդելով շարունակաբար պարտքեր կուտակելու փոխարեն այսուհետ միջոցները խնայելու ենք` մարդկային ներուժի եւ ավելացված արժեք ապահովող ենթակառուցվածքների զարգացմանն ուղղելու, հետագայում արտահանման ծավալները մեծացնելու նպատակով։
ՀՀ պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի օրոք աճել է 2 մլրդ 18 մլն դոլարով
Ներդնելու ենք պետական գնումների արդար և թափանցիկ էլեկտրոնային համակարգ: Վերանայելու ենք գնումների կազմակերպման և իրականացման կանոնակարգերը` ապահովելով մեկ անձից գնումների ծավալի տարեկան 20%-ով կրճատում:
Մեկ անձից գնումների, կասկածելի կոռուպցիոն սխեմաների մասին մամուլը ամեն օր է գրում, իսկ թափանցիկություն խոստացող կառավարությունն էլ օրեր առաջ նախագիծ է ներկայացրել սահմանափակելու օտարերկրյա գործուղումների և մեկ անձից կատարված գնումների մասին տեղեկատվությունը:
Մինչև 2023 թվականը աղքատությունը իջեցնելու ենք առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը, գործազրկությունը` 5 տոկոսային նիշով։
2018 թվականի տվյալներով աղքատ է Հայաստանի բնակչության 23.5%-ը, 2019-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը եղել է 26.4%, 2020-ի տվյալները դեռ չկան, բայց Համաշխարհային բանկի գնահատումներով՝ աղքատությունը ՀՀ-ում աճել է 7 տոկոսային կետով: Իսկ գործազրկության մակարդակը՝ ըստ պաշտոնական թվերի՝ նվազել է:
Սա նախընտրական ծրագրի և ներկա պատկերի մի փոքր համեմատությունն է միայն, զուտ փաստերի համադրություն, թե ինչ էին խոստանում մեզ և ինչ ունենք հիմա: Չենք նշել բազմաթիվ գործարանների մասին, որ խոստանում էին բացել և ամբողջությամբ փոխել տնտեսությունը, չենք խոսում հատկապես այն գործարանների մասին, որոնց կարմիր լենտը Փաշինյանն անձամբ կտրեց, բայց այդպես էլ չբացվեցին։ Չենք խոսում հարյուրավոր այլ խոստումների մասին։
Թե ինչ են խոստացել այս անգամ և ինչ են ամրագրել թղթով, մեծ հաշվով հավանաբար իրենց էլ չի հետաքրքրել, քանի որ այս պարզ համեմատությունից հետո հավատալ կամ հուսալ, որ որևէ բանի ունակ է այս թիմը, դժվար է ասել, իսկ կանխատեսել ապագան, մեղմ ասած՝ վախեցնող:
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը