Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ներկայացրեց ոչ միայն աշխատող, այլև իրատեսական ու իրագործելի նախընտրական ծրագիր: Ներկայացրեց տպավորիչ, պետականության գաղափարին համահունչ և պետականության վերականգնման նպատակ հռչակած ուժին համապատասխանող մակարդակով: Շատ ավելի կարևոր է, որ ծրագրից բացի, հանրությանը ներկայացավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅ Դաշնակցության, «Վերածնվող Հայաստանի» ձևավորած միասնական թիմի կորիզը, ինչպես ընդգծվեց՝ «Հայաստանի» հավաքականը: Հավաքական, որտեղ գերազանցապես կարողունակ, մասնագիտական ներկայանալի ձեռքբերումների հասած, կայացած ու արժանապատիվ անհատներ են:
Եթե կուզեք, ներկայացված նախընտրական, իսկ ընտրություններում վստահության քվեն ստանալուց հետո՝ կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթների ու կետերի իրականացման հիմնական երաշխիքը հենց «Հայաստանի» այդ հավաքականն է:
Ու կարևոր է նախագահ Քոչարյանի ընդգծումը, որ ընտրություններում Հայաստանի քաղաքացիների վստահության քվեն ստանալուց հետո, կառավարության աշխատանքը լինելու է գերծանրաբեռնված ու բացառապես՝ անմնացորդ նվիրմամբ:
Կարևոր է, թե ո՛վ է ասում, ո՛վ է ծրագիր ներկայացնում, ո՛վ է խոստանում կատարել այս կամ այն գործը:
«Հայաստանի» առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, ով 1992-ին, ծանրագույն վիճակում ստանձնելով Արցախի փաստացի ղեկավարի պատասխանատվությունը (ՊՊԿ ղեկավար), հաղթությամբ է պսակել Արցախի ազատամարտը՝ 1994-ի մայիսին հրադադար պատրադրելով թշնամուն: «Հայաստանի» առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, ով 1997-ին ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, իսկ 1998-ին ընտրվելով ՀՀ նախագահ, երկիրը դուրս է բերել տնտեսական ծանր ու ընկած վիճակից և բերել կայուն ու իսկապես թռիչքային զարգացման: Ու թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա նա դա կարողացել է անել թիմո՛վ, միասնական աշխատանքով, մարդկանց վարակելով իր վճռականությամբ, խոսքը կատարելու պատասխանատվությամբ, նպատակին հասնելու կամքով ու խնդիրները սթափ լուծումներով հաղթահարելու մոտեցմամբ:
Հիմա վիճակն, ինչ խոսք, անասելի, անհամեմատ ծանր է:
Ու այդ ծանր վիճակն արտացոլված է «Հայաստան» դաշինքի ծրագրային հիմնադրույթներում ևս՝ այս մղձավանջից դուրս գալու կոնկրետ քայլերի նշումով, որպես այս փոսից ելնելու իրական սանդուղք:
Առաջնահերթը, որքան էլ ծանր դա լինի խոստովանել, պետականության, Հայաստանի պետական ինքնիշխանության վերականգնումն է: Վերականգնումը՝ երեք տարվա «թավշյա» ավերածություններից ու քայքայումից հետո:
Ուստի՝ «Կերտելու ենք արժանապատիվ խաղաղություն», «Ուժեղ բանակ՝ խաղաղ սահմաններ»: Այդպես՝ բանակի վերականգնմամբ ու վերակառուցմամբ, հզորացմամբ, հասարակության համախմբմամբ է հնարավոր կասեցնել ու հաղթահարել լիակատար կործանման շոշափելի սպառնալիքն ու առկա ընթացքը, որ ստեղծել են 2018-21 թթ. իշխանության ղեկի մոտ եղածները, որոնք հպարտանում են... պարտությամբ:
Հիմնականը. «Հայաստանը կրկին լինելու է տարածաշրջանային գործոն»: Ու այո, երբ դա ասում է Ռոբերտ Քոչարյանը, ապա չնչին կասկած չկա, որ ստանձնելով պետության ղեկավարումը, ամեն ինչ և «ամեն ինչից» էլ ավելին է նա անելու՝ առաջադրված նպատակին հասնելու համար: Անելու է թիմո՛վ: Հավաքականո՛վ: Կամքո՛վ ու խելքո՛վ: Ու անելու է ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլև երկրի քաղաքացիների, Սփյուռքի ներուժի նկատելի ներգրավմամբ՝ նորոգելով ավանդական ու աշխարհաքաղաքական բարեկամ-երկրների հետ այս «թավշյա» տարիներին վնասված հարաբերությունները (Ռուսաստան, Իրան, Չինաստան):
Ու դա հնարավոր է ու դա իրատեսական է: «Հայաստան» դաշինքի ծրագիրն իրո՛ք իրագործելի է, իրո՛ք աշխատող է, իսկ դաշինքի թիմը՝ կարողունակ:
Եվս մեկ հատկանշական իրողություն. երկիրը, ժողովրդին կործանման եզրին հասցրած, կրկնենք՝ կապիտուլյացիայիով, պարտությամբ հպարտացող «քայլոները», իրենց «քայլապետի» գլխավորությամբ զբաղված են անցյալի իրենց ցանած քարոզչական մոլախոտերը քջջելով, բոլորին դեպի անցյալ քարշ տալով:
Մինչդեռ այդ նույն անցյալում Հայաստանին, հայությանը իրապես հպարտություն ներշնչող պատմական հաղթանակների ու նվաճումների առաջնորդած պետական գործիչն ու իր գլխավորած դաշինքը առաջարկում են արժանապատիվ ու ապահովված անվտանգությամբ ապագայի իրական հնարավորություն, տնտեսական ու մարդկային վերելքի իրական ճանապարհ:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը