Նախատեսվող արտահերթ ընտրություններին ընդառաջ, կարծում ենք, առավել քան էական է, թե որ ուժը ի՛նչ հիմնական շեշտադրումներով, խոստումներով է ներկայանալու հանրությանը, ընտրողներին, ժողովրդին, ինչպես ասվում է: Սակայն, որքան էլ բնական է համարվում նախընտրական խոստումների որոշ «ճոխությունը», մենք ինքներս ենք անբնական ու անտանելի վիճակում, որպես պետություն, հասարակություն, որպես երկիր ու ժողովուրդ: Ուստի էական, եթե ոչ առանցքային է դառնում ոչ այնքան նախընտրական խոստումների կամ հիմնական մոտեցումների գրավչությունը, այլ բազմապատիկ ավելի կարևորվում է, թե ո՛վ է դա ասում, ո՛ր գործիչը: Ի վերջո, որքանո՞վ է հիմնավորված ներկայացվող մոտեցումը կամ խոստումը, ու ի՞նչ գործերի բագաժ ունի խոստում կամ հավաստիացում հնչեցնողը:
Այդ տեսանկյունից կապիտուլյանտ փաշինյանական ռեժիմը, որքան էլ որ հիմա ռևանշիստական ու բռնատիրական ծաղրանկարային շարժումներ անի, տապալված է: Քանզի փաշինյանական ռեժիմի «գործը» Արցախի կործանումն է, Հայոց բանակի ավելի քան 5000 զինվորների ու սպաների կորուստը, կտրուկ ընդարձակված «Եռաբլուրը», հազարավոր ու հազարավոր վիրավորվածներն ու հաշմվածները, տասնյակ ու տասնյակ հազարավոր տնազրկվածները: Նորմալ հասարակության դեպքում փաշինյանական ռեժիմի ներկայացուցիչները հանրությունից ոչ թե ձայն կամ քվե կակնկալեին, այլ… ժավելի սպիրտ կամ խիտ քացախաթթու (այսպես ասած՝ «էսենցիա») կխնդրեին, որ խմեն ու ինքնաոչնչանան: Սակայն թողնենք դրանց: Առանց այդ էլ՝ կապիտուլյանտ-հողատուներին ու անարժան-խաբեբաներին մեծ ուշադրության արժանացրինք այս մի քանի տողով:
Շատ ավելի կարևոր է, թե ինչ առանցքային մոտեցումներ ունի երկիրն ու ժողովրդին այս ճահճակործան վիճակից հանելու իրական հայտ ներկայացրած և վստահություն ներշնչող «Հայաստան» դաշինքը, ի դեմս նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅ Դաշնակցության և «Վերածնվող Հայաստանի»:
Հարկավ, դեռ կկազմվի ու հանրությանը կներկայացվի «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը՝ իշխանությունը հայ ժողովրդին վերադարձնելուց հետո անելիքի, հիմնական մոտեցումների և պատկերացումների առավել մանրամասն նկարագրմամբ ու հիմնավորումներով: Սակայն «Հայաստան» դաշինքի ձևավորման հիմնարար ակտում՝ համագործակցության «Հռչակագրում» արձանագրված թեզերը թույլ են տալիս միանգամայն որոշակի պատկերացում կազմել այն մասին, թե ինչն ինչպես է լինելու իշխանությունն այս ընտրություններով հայ ժողովրդին ու ազգային ուժերին վերադարձնելուց հետո:
Առաջինն, իհարկե, Արցախի ներկայիս բեկորաբզկտված վիճակն է ու հետագա ճակատագիրը: Նախ, ընդգծելի է «Հայաստան» դաշինքի ընդհանրական գնահատականը, որ Արցախի հետ տեղի ունեցածը և շարունակվող գործընթացները ցավոտ հարված են մեր ազգային պետականությանը, ինչպեսև՝ խաթարում են երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը, հարցականի տակ են դնում մեր արժանապատվությունն ու կյանքի իրավունքը:
Ինչ վերաբերում է հետագա ընթացքի առումով ունեցած մոտեցմանը, ապա այն, էլի ընդհանրական ձևակերպմամբ, հետևյալն է. «Անարդարացի ստատուս քվոն կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ։ Ուստի մենք կողմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսմանը՝ ուղղված Արցախի տարածքի վերականգնմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, և Արցախ-Հայաստան երաշխավորված, գործուն ցամաքային անվտանգ կապի ապահովմանը»:
Ավելի պարզ ասած՝ «Հայաստան» դաշինքը, գալով իշխանության, վերականգնելու է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցային գործընթացը, ձգտելով ստեղծված իրավիճակում հասնել հնարավոր առավելագույնին, ինչը չափազանց դժվար ու բարդ է լինելու՝ հաշվի առնելով վերջին 3 տարվա ընթացքում ու կործանարար պատերազմով «թավշյա» պոռոտախոսների գործած ավերները:
Ամեն դեպքում, «Հայաստան» դաշինքը հավաստիացնում է, որ քաղաքացիների վստահության քվեն ստանալուն պես, հետամուտ է լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, լծվելու է հետպատերազմյան հումանիտար աղետի հետևանքները մեղմելու աշխատանքներին (գերիների վերադարձ, զոհվածների և անհետ կորածների տվյալների ամբողջացում, վիրավորների ու հաշմանդամների, տնավեր դարձած մարդկանց սոցիալական աջակցություն, վերականգնողական աշխատանքներ և այլ կարևորագույն հարցեր):
Մեծ հաշվով, «Հայաստան» դաշինքը, նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ձգտելու է նախ՝ կասեցնել ներկայիս կործանումային ընթացքը, փրկել ու պահել այն, ինչ հնարավոր է փրկել, վերականգնել պետության սուբյեկտայնությունը: «Հայաստան» դաշինքը իրական հնարավորություն է՝ պետականությունը, ինքնիշխանությունը, տնտեսությունը, ազգային արժանապատվությունը վերականգնելու համար: Ըստ էության, կարելի է ասել, որ սա է նախագահ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն և իշխանության վերադառնալու հիմնական մոտիվացիան:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը