14 05 2021

«Հայաստան» դաշինք. «Մենք պարտավո՛ր ենք կասեցնել ազգակործան այս ընթացքը»

«Հայաստան» դաշինք. «Մենք պարտավո՛ր ենք կասեցնել ազգակործան այս ընթացքը»

«Հայաստան» դաշինքի համագործակցության ձևավորման հիմնարար փաստաթղթում՝ «Հռչակագրում» առավել քան հստակ, պարզորոշ ու ազնվորեն ընդգծված է առաջիկայի ու, մասնավորապես, առաջիկայում սպասվող արտահերթ ընտրություններում այս ուժեղ միավորման հանձնառությունը.

«Մենք պարտավոր ենք կասեցնել ազգակործան այս ընթացքը, դասեր քաղել անցյալից, Հայաստանն ազատել օտարածին օրակարգով շարժվող և թշնամու շահերը սպասարկող խմբակից, բոլոր ջանքերը գործադրել պետության և հասարակության կայուն, առողջ զարգացման համար, կառուցել մեր երկրի ապագան»։

Հիրավի, ընտրությունների պարագան հաշվի առնելով, քաղաքացիներն առավելապես ուշադրություն են դարձնում, թե ինչ թեզեր է ընդգծում հայտ ներկայացրած այս կամ այն ուժը, առաջին հերթին՝ հետագա զարգացումների, իր անելիքների ու դրա պատկերացումների վերաբերյալ: Սակայն հետագային միտված ցանկացած նախագիծ, թեզ, խոստում, ծրագիր թերի է, եթե բացակայում է անցյալի նկատմամբ վերաբերմունքը և ներկայի թեկուզ ամփոփ գնահատականը:

Այդ տեսանկյունից ուշադրություն են գրավում «Հայաստան» դաշինքի «Հռչակագրում» ինչպես ընթացիկ զարգացումների, վերջերս արձանագրված աղետալի, կործանարար ցնցումների, այնպես էլ՝ ավելի լայն ընդգրկմամբ անցյալի նկատմամբ վերաբերմունքն ու համապատասխան գնահատականները:

Դաշինքի կազմավորման քաղաքական «Հռչակագրի» մի ամբողջ հատված անդրադառնում է հենց նշվածին՝ «Անցյալի մասին» վերտառությամբ: Մասնավորապես. «Մենք կարևորում ենք երկրի զարգացման վերջին 30 տարիների պատմության հակասական փուլերի բաց և անկեղծ արձանագրումը, հաստատակամ ենք բացթողումներից խոսելու, անցյալից դասեր քաղելու, ապագայի նոր էջ բացելու հարցերում»:

Սա էական հանգամանք է հատկապես այն դիտանկյունից, որ «Հայաստան» դաշինքում միավորված են Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅ Դաշնակըցությունը և «Վերածնվող Հայաստան» կուսակցույթունը: Եվ, եթե Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստանը» նոր ձևավորված քաղաքական ուժ է, ապա թե՛ ՀՅԴ-ն, և թե՛ առավել ևս նախագահ Քոչարյանը ուղղակի և անմիջական մասնակցություն են ունեցել «վերջին 30 տարիների պատմության» մի ամբողջ շարք առանցքային զարգացումներում և իրադարձություններում, առանց չափազանցության՝ այդ պատմությունը կերտողների շարքերում են: Հատկապես այդ հանգամանքը նկատի ունենալով, միանգամայն դրական ու գնահատելի է, որ և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և ՀՅԴ-ն ամենևին բարդույթավորված չեն անցյալին անդրադառնալու հարցում, ավելին, ինչպես նշված է՝ հաստատակամ են թե՛ բացթողումներից խոսելու, թե՛ անցյալից դասեր քաղելու և թե՛ ապագայի նոր էջ բացելու հարցերում:

Ներկա չարաղետ իրականության և այն պետության ու գլխին բերած փաշինյանական ռեժիմի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի վերաբերմունքը ոչ միայն հստակ է, այլև խտացված կերպով հիմնավորված ու ընկալելի. «2018-ին երկրի ընթացքը խաթարվեց։ Արմատական փոփոխությունների, արդար երկիր կառուցելու խոստմամբ իշխանության եկած քաղաքական ուժը, դրսևորելով հանցավոր անպատասխանատվություն և պետական կառավարման համակարգը կազմալուծելու, օտարածին օրակարգեր սպասարկելու, հասարակական–քաղաքական մթնոլորտը թունավորելու իր հետևողական քայլերով ոչ միայն չկատարեց հանրությանը տված խոստումները, այլև երկիրը ներքաշեց պատերազմի մեջ՝ զոհելով հազարավոր երիտասարդների, կորցնելով Արցախի Հանրապետության մեծ մասը, թուլացնելով պետականության հիմքերը, վտանգելով մեր ընդհանուր ապագան»։

Այսօրինակ պարզ գնահատականից է ուղղակիորեն բխում ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան-«Վերածնվող Հայաստան» միավորած դաշինքի ամրագրված հանձնառության, պայմանական ասած՝ «Ա» կետը. «Հայաստանն ազատել օտարածին օրակարգով շարժվող և թշնամու շահերը սպասարկող խմբակից»:

Սա, ինչ խոսք մինիմումն է: Իսկ «նիկոլիզմ» կամ արդեն շատերի կողմից սարկազմով «նիկոլավիրուս» կոչվող քաղցկեղից երկիրն ազատելուց հետո գալու է «Բ» կետի հերթը՝ լարված, համառ, գերծանր աշխատանքի անհրաժեշտությունը՝ վերջին 3 տարվա ավերումների հետևանքները վերացնելու, վերականգնման և պետությունն ու ժողովրդին կործանարար այս ընթացքից հետ բերելու,  պետության և հասարակության կայուն, առողջ զարգացման նպատակով:

Իր խոսքը երբե՛ք գետնով չտված նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա հետ դաշինք կազմած պատվախնդիր ուժերը՝ իրենց ղեկավար ներկայացուցիչները անձնական ստորագրությամբ հավաստում են. «Դաշինքը, մեր քաղաքացիների վստահության քվեն ստանալուն պես, հետամուտ է լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, լծվելու է հետպատերազմյան հումանիտար աղետի հետևանքները մեղմելու աշխատանքներին (գերիների վերադարձ, զոհվածների և անհետ կորածների տվյալների ամբողջացում, վիրավորների ու հաշմանդամների, տնավեր դարձած մարդկանց սոցիալական աջակցություն, վերականգնողական աշխատանքներ և այլ կարևորագույն հարցեր)»:

Բնականաբար, «Հայաստան» դաշինքի արդեն նախընտրական ծրագրում, ընտրարշավի ընթացքում ավելի մանրամասն կներկայացվեն ինչպես նշված կոնկրետ խնդիրների, այնպես էլ՝ ընդհանրական ասված «այլ կարևորագույն հարցերի» վերաբերյալ մոտեցումներն ու դրանք լուծելու պատկերացումները:

Էական է, որ իշխանության գալով, «Հայաստան» դաշինքը խոստանում է, որ պատերազմը, դրան նախորդող ու հաջորդող գործընթացները պետք է քննության առարկա դառնան ու ստանան քրեաիրավական և քաղաքական ամբողջական գնահատական:

Հաջորդիվ կանդրադառնանք նաև «Հայաստան» դաշինքի «Հռչակագրում» Արցախի, ինչպես նաև՝ իշխանության գալուց հետո հիմնական մոտեցումների վերաբերյալ ամրագրված թեզերին:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ