Ներկա աղեխարշ վիճակի զավեշտն ու դաժանագույն ծաղրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «թավշյա» ու ապազգային, նաև՝ հակահայ ուժերն արդեն երեք տարի ու բազմապատիկ ծավալուն դրսևորմամբ անում են այն ամենը, ինչը, իբր թե՝ մերժելու դրոշներով եկան իշխանության: Բայց դա խնդրի դեռ մի կողմն է:
Ոչ պակաս էական է և այն, որ Նիկոլ Փաշինյանը և նրա «քայլակիցները» կուրծք էին ծեծում, թե իրենք սուպեր-հաշվետու, ուլտրա-թափանցիկ կառավարություն են լինելու, համենայն դեպս նախկիններին «քլնգում» էին այսպես ասած՝ կոռուպցիայի, թալանի, բյուջետային միջոցները մսխելու համար: Ինչ-որ թվեր էին հրապարակում, ինչ-որպ միլիարդներից էին բարբաջում, չնայած մինչ օրս որևէ իրական փաստ ու ապացույց չեն ներկայացրել:
Մինչդեռ հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա «թավշյա» թյուրմիացությունները ընդամենը 3 տարվա մեջ Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին արդեն իսկ պատճառել են այնքան ահռելի վնասներ ու կորուստներ, որոնց ծավալները ոչ թե միլիարդներով, այլ տրիլիոններով է թերևս հնարավոր արտահայտել:
Ի տարբերություն իրենց, խոսենք կոնկրետ ու դաժան փաստերով:
Նախ, համեմատաբար «խաղաղ» տվյալներ՝ բյուջետային միջոցները մսխելու, ըստ էության՝ օրինականացված թալան իրականացնելու վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի, միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների և այլ «քայլոների» անհիմն բարձր աշխատավարձից բացի, աշխատավարձին համադրելի պրեմիաների վրա մսխվել է առնվազն 100 միլիոն ԱՄՆ դոլար: Երեք տարվա մեջ մոտ 300 մլն դոլար:
Թե ի՞նչ կոռուպցիոն մեխանիզմներ ու «ատկատային» սխեմաներ են գործել արդեն երեք տարի գերազանցապես «1 աղբյուրից» (առանց մրցույթների) իրականացվող պետական գնումների ընթացքում, թերևս պետք է հատուկ հանձնաժողովը կամ քննչական խումբը դեռ պարզի:
Կենտրոնանանք սակայն կոնկրետ այս վերջին «տարօրինակ պատերազմի» վրա:
Մարդկային կորուստները միտումնավոր կշրջանցենք՝ հարգելով մեր զոհված հայրենակիցների հիշատակն ու որդեկորույս մեր մայրերի ու հայրերի վիշտը: Մեր՝ ավելի քան 5000 եղբայրների, մեր զավակների կորուստը, բնականաբար, ոչ մի դրամանյութական էկվիվալենտով հնարավոր չէ արտահայտել:
Բայց ցանկացած բանիմաց տնտեսագետ ու ժողովրդագրագետ (դեմոգրաֆ) համոզիչ կարող է հիմնավորել, բացատրել, թե նման ահռելի կորուստը հետագայում ինչ վնասարար հետևանքներ է ունենալու ինչպես տնտսական, այնպես էլ՝ ժողովրդագրական առումներով:
Սա՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա «իշխանավարման պատճառած ամենից խոշոր վնասն է, քանզի խոսքն անդառնալի կորուստների մասին է:
Վնասարարության այլ կետեր:
Որքա՞ն է այս «տարօրինակ պատերազմում» Նիկոլ Փաշինյանի անձեռնահաս գլխավոր հրամանատարության հետևանքով Հայոց բանակի կորցրած ռազմական տեխնիկայի, ծանր սպառազինության կորուստը: Կա՞ չափում: Ըստ տարբեր գնահատականների, պատերազմի դաշտերում մնացած ու նաև թշնամուն անցած զենք-զինամթերքը, ռազմական տեխնիկան գնահատվում է մոտ 2 միլիարդ դոլար: Բայց այս դեպքում կարստի կամ վնասարարության ֆինանսական արտահայտույթունը կրկնակի պետք է հաշվել ա) կորսված ռազմական տեխնիկայի արժեք, բ) այդ կորուստները վերականգնելու համար հաջորդ կառավարության կողմից կատարելիք լրացուցիչ ծախսեր:
Շարունակենք: Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ապիկար քաղաքականության հետևանքով հրահրված ու «հաղթում ենք»-ով տանուլ տրված պատերազմը հանգեցրել է նաև հետևյալ ահռելի կորուստներին.
Ա) Արցախի տարածքի գրեթե 75-80 տոկոսը, այդ թվում՝ տասնյակ հազարավոր հեկտարներով մշակովի հողատեսքեր, պտղատու այգիներ, արոտավայրեր:
Քանի՞ միլիարդ դոլար կարող է գնահատվել այդ ամենի կորուստը: Եվ քանի՞ միլիարդ դոլարի վնասակար ազդեցույթուն է այդ կորուստը թողնելու առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսության վրա:
Բ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թշնամուն է հանձնել Արցախի գրեթե բոլոր փոքր ՀԷԿ-երը, թշնամու տիրապետմանն են անցել ջրային ռեսուրսների հիմնական պաշարներն ու աղբյուրները: Սա՞ քանի միլիարդ դոլարով կարող է չափվել:
Գ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թշնամուն է հանձնել տարածքներ, որտեղ գտնվում էին ինչպես շահագործվող, այնպես էլ՝ հետագայում շահագործման ենթակա հանքավայրեր: Նշենք, օրինակ, Դրմբոնի հանքավայրը: Դեռ չենք խոսում ոչ մետաղային հանքերի մասին:
Ի լրումն, լրջագույն խնդիրներ են առաջացել ու թշնամին, օգտվելով առիթից, լրջագույն խնդիրներ է հարուցելու Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման հարցում: Սա՞ քանի միլիարդ դոլարով է չափվում:
Դ) Նիկոլ Փաշինյանի իշխանավարման վնասարար հետևանքներից մեկն էլ Արցախի էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջրամատակարարման, կապի ենթակառուցվածքներին հասցված խոշոր վնասն է:
Ե) Որևէ մեկը հաշվե՞լ է կամ պատրաստվո՞ւմ է հաշվել, թե ինչ ծավալների է հասնում թշնամուն հանձնված տարածքում մեր հայրենակիցների կորցրած անշարժ գույքի, շենքերի, առանձնատների արժեքը: հաշվե՞լ են, թե ինչ ծավալի վնաս է պատճառվել Արցախից մնացած բեկորի վրա եղած բնակֆոնդին՝ շենքերին, տներին:
Զ) Եվ մի բան էլ, որ շիստ դժվար է ֆինանսանյութական չափումներով գնահատել. Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնել Հայրենիքի մի մասը՝ այնտեղ եղած պատմամշակութային ժառանգույթան հուշարձաններով հանդերձ:
Սա՞ քանի միլիրադ կամ տրիլիոն դոլարով կարելի է արտահայտել:
Դե գնացեք ու հաշվեք, թե անցյալը փոշիացրած, ներկան ապականած ու ապագան գողացած Նիկոլը քանի՞ տասնյակ կամ քանի՞ հարյուր միլիարդի վնաս է պատճառել:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը