08 05 2021

Այս կոնսոլիդացիան թույլ չի տալու հակասահմանադրական ռեժիմի վերարտադրությունը

Այս կոնսոլիդացիան թույլ չի տալու հակասահմանադրական ռեժիմի վերարտադրությունը

Հայաստանի ու Արցախի ինքնիշխան պետականությունը պահպանելու, հայոց երկու պետությունների սահմանները վերականգնելու և անսասան պահելու, հայրենի հողի վրա պաշտպանված ու խաղաղ ապրելու, ժողովրդի պառակտումը վերացնելու ու ազգը միավորելու, հայրենական փլուզված տնտեսությունը վերականգնելու, ամեն քաղաքացու հավատը բարեկեցիկ ապագայի նկատմամբ վերադարձնելու նպատակ հետապնդող ու այս տեսլականը իրագործելու ընդունակ քաղաքական առողջ ուժերը միացան ու գաղափարական դաշինք կազմեցին։ Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նախընտրական դաշինք կազմելու և հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու իրենց կայացրած որոշումները մայիսի 6-ին հրապարակեցին ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։

Փաստացի կայացավ այն քաղաքական ու գաղափարական կոնսոլիդացիան, որը վստահաբար թույլ չի տալու 2018-ի գարնանը ժողովրդից իշխանությունը խլած ու յուրացրած հակասահմանադրական ռեժիմի վերարտադրությունը։ Ռոբերտ Քոչարյան - ՀՅԴ - «Վերածնվող Հայաստան» դաշինքը միաժամանակ նաև մերժեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու» գաղափարը։ Սա ըստ էության հենց նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղաքականապես մեկուսացնելու նպատակով հնարված «տրոյական ձին» էր։ Այս «դանայական նվիրով» Նիկոլի քաղաքական հոգեհայրը վերջին ճիգն արեց` իր քաղաքական հոգեզավակի վերարտադրությունը հնարավոր դարձնելու համար։ Եվ մերժվեց։

Քաղաքական ու գաղափարական կայացած կոնսոլիդացիայի շնորհիվ արդե՛ն թավշյա ռեժիմի վերարտադրությունը անհնարին է դարձել։ Իսկ հայոց ոգու և մտքի անվերապահ հաղթանակի և թուրքահպատակ, օտարասեր դավաճանների անխոսափելի պարտության ճանապարհը հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին Ազատության հրապարակում  ժողովրդին կներկայացնի անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մենք հիմա ապրում ենք այն ճգնաժամային, օրհասական իրավիճակում, երբ ժողովուրդի գիտակցված, իրազեկ ընտրությունը առաջնային անհրաժեշտություն  է։   

Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը և քաղաքացիական պարտքի կատարումը յուրաքանչյուր հայ մարդու վաղվա խաղաղ ու բարեկեցիկ կայնքի երաշխիքն է։ Հայաստանի քաղաքացին այլևս իրավունք չունի մի կողմ քաշվել կամ բոյկոտել ընտրությունները, իշխող ռեժիմին ադմինիստրատիվ ռեսուրսն ու այլ ապօրինի հնարքներ կիրառելու, ընտրությունների արդյունքները կեղծելու հնարավորություն տալ։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է, պարտավոր է արտահայտել իր կամքը և դա անել գիտակցաբար. իմանալով` ինչին կողմ ու ինչին դեմ պետք է քվեարկի հայ մարդը։

Հայ մարդը չի կարող քվե տալ վախկոտ ու ստախոս մեկին, ով անվերապահ կապիտուլյացիա է ստորագրել ու թուրքին է նվիրել Արցախը։ Ով հանձնում է Հայաստանի տարածքը, բայց չի խոստովանում իր մեղքը, այլ իր արածի համար մեղադրում է ժողովրդին։ Ով ամբաստանում է Արցախի այն հերոսին, ում նախագահության օրոք ոչ մի օր պատերազմ չի եղել, ում ազատագրած Արցախն ու հարակից տարածքները թշնամուն հանձնելիս ինքը մոդերատորի դերն է նախընտրել ու մոռացել է պետության ղեկավար լինելու փաստը, կարգավիճակից բխող պատասխանատվությունը։ Հայ մարդը չի կարող քվե տալ մեկին, ով 44 օր հետևողականորեն զոհաբերել է առնվազն հինգ հազար հայ զինվոր, գերության  է դատապարտել հազարավոր հայ մարդկանց, որպեսզի կատարի թուրքից ստացած հանձնարարությունը։

Այսօր Նիկոլի հույս ու ապավենը այն է, որ անգիտակից ընտրողները մեծամասնություն են ու իրեն են քվե տալու։ Հետևաբար, իրեն հայ զգացող, ինքնագիտակցություն ունեցող, Հայաստանում ու Արցախում պաշտպանված ու խաղաղ ապրել ցանկացող յուրաքանրյուր քաղաքացի պերք է, պարտավոր է գիտակցված ընտրություն կատարի։ Իսկ Ռոբերտ Քոչարյան - ՀՅԴ - «Վերածնվող Հայաստան» դաշինքի առաջնային խնդիրն է դառնում` խոսել ժողովրդի հետ ու ամեն հայի հանել թմբիրից, ապատեղեկատվության ու խաբեությունների ճահիճից։

Եթե ամեն քաղաքացի չիմանա` ինչո՞ւ  է անհրաժեշտ, որ անվերապահորեն ինքը կատարի իր քաղաքացիական պարտքը, եթե ժողովուրդը չիմանա, որ ամեն  գիտակից ընտրության փոխարեն ընտրակաշառքով քվեարկելու դեպքում հայրենիքն ու տունն է կորցնելու, ապա հավանական երկրորդ արտահերթից հետո ունեցած-չունեցածը տալու է` մեկ ուղղությամբ երկրից հեռանալու որևէ տոմս գնելու համար։ Հավատացած եմ, որ ժողովուրդը այլևս գիտակցում է իր դերը ու երկրի տերը լինելու կարող, ունակ ղեկավար է ուզում ունենալ։

Ժողովուրդն այսօր ունի՛ ճիշտ ընտրություն կատարելու` Ռոբերտ Քոչարյան - ՀՅԴ - «Վերածնվող Հայաստան» դաշինքի հետ միասին իր խաղաղ ու բարեկեցիկ ապագան ընտրելու հանարավորություն։ Այսօր մեր երկրի քաղաքացին իր ամեն գործողությամբ, յուրաքանչյուր կատարած ընտրությամբ որոշելու է մեր պետության ու ժողովրդի ապագան։

 

Գևորգ Հարությունյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ