07 05 2021

Նախագահ Քոչարյան, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան». Սպասված և կարողունակ դաշինք

Նախագահ Քոչարյան, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան». Սպասված և կարողունակ դաշինք

Արդեն մայիսի 9-ին, հանրությունը լիարժեք հնարավորություն կստանա անմիջականորեն ծանոթանալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅ Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» ձևավորված դաշինքի մոտեցումներին, առկա անտանելի իրավիճակի գնահատականներին ու «թավշաչարքերի» ստեղծած կործանարար ճահճատիղմից պետությունն ու ժողովրդին դուրս բերելու պատկերացումներին:

Հարկավ, Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արտահերթ ընտրությունները լավագույն ելքը չեն նրա իսկ հանցավոր գործունեության հետևանքով մոտ 3 տարի ձգվող, իսկ 2020-ի նոյեմբերի 9-ից ցայտուն արտահայտված համընդգրկուն ու խորագույն ճգնաժամից: Ավելին, այդ արտահերթ ընտրությունները, առավել ևս՝ Արցախի մեծ մասը թշնամուն հանձնած, պետությունն ու ժողովրդին արնակոլոլ աղետի մեջ նետած Նիկոլ Փաշինյանի ու նրա «քայլոների» մասնակցույթամբ ընտրությունները ևս մեկ ծանր հարված են Հայաստանի հասարակությանն ու քաղաքական համակարգին: Ճիշտ քայլը կլիներ նոյեմբերի 9-ից հետո փաշինյանական ռեժիմի հեռացումն ու դրանց դատական կարգով, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելը: Բայց դա տեղի չունեցավ, և ունենք այն, ինչ ունենք, այսինքն՝ ամենայն հավանականությամբ հունիսի 20-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Բնական է, որ այդ ընտրություններին ընդառաջ, քաղաքական դաշտում տեղի են ունենում որոշակի վերադասավորումներ, մոտեցումների հստակեցումներ,  քաղաքական ուժերի միավորումներ, ձևավորվում են դաշինքներ: Նախօրեին պաշտոնական հայտարարությամբ հաստատվեց այն, ինչի մասին արդեն մի քանի օր լուրեր էին շրջանառվում. Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և վերջերս ձևավորված և Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը նախընտրական դաշինքով են գնում արտահերթ ընտրություններին:

Պետք է միանգամից նկատել, որ նման դաշինք կանխատեսելի էր: Կարելի է ասել, որ նախագահ Քոչարյան-ՀՅԴ-«Վերածնվող Հայաստան» դաշինքը նաև սպասված է: Ավելին, որքան էլ ցանկացած նախընտրական միավորում ենթադրում է որոշակի պայմանականություններ, կոնկրետ այս դաշինքը նաև ամենից բնական ու տրամաբանական միավորումն է:

Հիմնավորենք. Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ-«Վերածնվող Հայաստան» դաշինը միավորում է երկրի քաղաքական իրականության ամենից ազգային, ամուր ու կայուն գաղափարաքաղաքական մոտեցումներ ու համոզմունքներ ունեցող, ի լրումն՝ կարողունակ ուժերին և գործիչներին: Նկատենք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դեռևս Արցախի ղեկավար եղած ժամանակվանից համագործակցել է ՀՅ Դաշնակցության հետ: Այսինքն, երկուստեք առկա է տասնամյակներով ձևավորված փոխըմբռնում և գործնական ու արդյունավետ համագործակցության փորձ: Ըստ որում, հատկանշական է, որ երբ, օրինակ 1994-ի վերջերին Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ տարածքում կամայական որոշմամբ կասեցրեց ՀՅԴ գործունեությունը, Արցախի իշխանությունը, ի դեմս ԼՂՀ ՊՊԿ նախագահ, փաստացի ղեկավար, ապա՝ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նույնը չարեց, չնայած Երևանից եղած որոշակի ճնշման փորձերին: Ի դեպ, այն բանից հետո, երբ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայնեց ստանձնել ՀՀ վարչապետի պատասխանատվությունը, ապա մեկ տարի անց ընտրվեց Հայաստանի նախագահ (1997-98թթ.), Հայաստանում վերացվեց նաև ՀՅԴ գործունեության արգելքը:

Նման հպանցիկ ակնարկն իսկ ընդգծում է, որ ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան համագործակցությունը թրծվել ու կայացել է՝ անցնելով ամենատարբեր, այդ թվում՝ պատերազմական ու քաղաքական վայրիվերումների փորձություններով:

ՀՅԴ մասին, իհարկե, կարելի է երկար գրել, խոսել, և էլի ասելու շատ բան կմնա: Բանական է. հայկական իրականության մեջ դժվար է գտնել նման հարուստ պատմաքաղաքական կենսագրություն ունեցող և մինչ օրս իր գործունակությունն ու կուսակցական կառույցների կենսունակությունը թե՛ Հայրեանիքում, թե՛ Սփյուռքում պահպանած ու իր ներուժը շարունակաբար թարմացնող մեկ այլ քաղաքական ուժ: Այսպես ասենք. Դաշնակցությունը մեր իրականության եզակի քաղաքական ուժերից է (եթե ոչ միակը), որ իրավամբ համապատասխանում է կուսակցության դասական բնորոշմանը: Գումարեք ՀՅԴ ազգային ուղնուծուծը, ու պատկերը կամբողջանա:

«Վերածնվող Հայաստանը», որքան էլ որ նորակազմ քաղաքական միավոր է հայրենի իրականության մեջ, պետք է նկատել, որ այն ձևավորվել է միանգամից կայացած: Նախ, արժե հաշվի առնել այն, որ ուժը գլխավորում է երիտասարդ պետական-քաղաքական գործիչ՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Երկրորդ, «Վերածնվող Հայաստանի» շարքերում համախմբվել են մարդիկ, որոնք նախքան կուսակցություն ստեղծելու որոշմանը հանգելը, մինչև այս գործել են միասին, դիմագրավել ամենատարբեր, այդ թվում պատերազմական ու ինքնապաշտպանական մարտահրավերների: Հարկավ, չի կարելի ու սխալ կլինի, օրինակ, կապիտուլյանտին «սյունիքյան ողջույնով» դիմադարձելու ժողովրդական պոռթկումը վերագրել որևէ քաղաքական ուժի կամ անհատ-գործչի: Սակայն դրանից հետո սյունեցիների դեմ ներկա թրքահպատակ իշխանությունների սանձազերծած ռեպրեսիաների ընթացքում պարզ երևաց, թե ով՝ ով է: Մասնավորապես, լավ երևաց նաև «Վերածնվող Հայաստանի» շիտակ դիրքորոշումը, որ, ըստ էության Սյունիքով Հայաստանը վերջնական աղետից փրկելու և պահպանելու նժդեհյան առաքելության մերօրյա արտացոլումն է:

Դեռ շատ առիթներ կլինեն անդրադառնալու ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան-«Վերածնվող Հայաստան» դաշինքին ու այս միավորման ներկայացնելիք մոտեցումներին, բայց մեկ բան արդեն հիմա հստակ է. ի դեմս այս նախընտրական միավորման կա՛ այն իրական ու ազգային ուժը, որը կարող է իրապես պայքարել «թավշյա» չարիքի դեմ, ժողովրդի աջակցությամբ հաղթել ընտրություններում՝ Հայաստանին ու հայությանը վերադարձնելով ինքնիշխանությունը, պետության ազգային նկարագիրը, զարթոնքի հույսն ու իրական հնարավորությունը:

Սա ճիշտ դաշինք է. ազգայի՛ն, պրագմատի՛կ, վճռակա՛ն, ճշտախո՛ս, գաղափարակա՛ն, ուժե՛ղ, կարողունակ ու պատասխանատո՛ւ: 

Արմեն Հակոբյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ