Անդրադառնալով նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանին, սովորաբար, շատերը կենտրոնանում են Հայաստանի տնտեսական թռիչքային վերելքի, երկիրը տնտեսապես ոտքի կանգնեցնելու (մեղմ ասած) անժխտելի իրողությունների վրա: Եվ դա բնական է՝ հաշվի առնելով 1998-2008 թվականներին Հայաստանում տեղի ունեցած տնտեսական բումը, կյանքի որակի էական բարելավումը, պետբյուջեի բազմապատկական ավելացումն ու, ամենից հատկանշականը՝ 1 շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի նույնպիսի զգալի ավելացումը: Այս մասին շատ է խոսվել, չկրկնենք, որքան էլ որ շատերը, իրենք իրենց ու մյուսներին, չգիտես, թե ինչի տեղ դրած, դրսևորվում են նաև որպես կույր, իսկ ոմանք ընդհանրապես «ուտող-ուրացող»: Ինչևէ:
Բայց պետք է նկատել, որ նախագահ Քոչարյանի պաշտոնավարման շրջանը էականորեն առանձնանում է նաև այդ տասնամյակում Հայաստանի վարած արտաքին-քաղաքականության որակի և բովանդակության տեսանկյունից: Ըստ որում, շատերը, անդրադառնալով այդ ժամանակահատվածում Հայաստանի վարած քաղաքականությանը, մշտապես կենտրոնանում են հայ-ռուսական հարաբերությունների որակական ամրապնդման և համագործակցության ընդլայնման ու խորացման վրա, դա որոշակիորեն կապակցելով նաև նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Վլադիմիր Պուտինի միջև ընկերական հարաբերությունների հաստատմամբ: Հարկավ, դա այդպես է, բայց հարցն այն է, որ դա այդ ժամանակահատվածում Հայաստանի արտաքին-քաղաքականությունը միագիծ ու միաբևեռ չի եղել:
Ավելին, արժե հիշեցնել, որ նախագահ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը բնորոշվում էր որպես կոմպլեմենտար: Դա երբեմն նաև սրախոսությունների առիթ էր տալիս, հատկապես հակաիշխանական շրջանակների կողմից: Բայց փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ոչ միայն չկասեցվեց եվրաինտեգրման՝ 90-ականների կեսերից մեկնարկած գործընթացը, այլև շարունակվեց, ավելին՝ տրամաբանական ու, ամենից կարևորը՝ Հայաստանի կենսական շահերին համահունչ ու մեր պետության արտաքին-քաղաքական մյուս գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը չհակադրվող ընթացք ստացավ: Այդ շրջանում էր, որ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիարվ անդամ, ի դեպ:
Ավելին, ԵՄ անդամ գերտերություններից կոնկրետ Ֆրանսիայի հետ հարաբերությունները զարգացան այնպիսի հունով, որ բովանդակությամբ լիովին համապատասխանեցին ընդգծված բարեկամական բնորոշմանը: Զուգահեռաբար, հստակ ու ընկալելի հիմքերով զարգացվեցին հարաբերությունները ինչպես Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, արևմտյան մի շարք պետությունների, այնպես էլ՝ Արևելքի հետ: Այս տեսանկյունից էական է ընդգծել հարաբերությունների զարգացումն ինչպես «Մեծ ութնյակի» («Յոթնյակի») անդամ Ճապոնիայի, այնպես էլ՝ Չինաստանի և Հնդկաստանի հետ:
Ամենից կարևորը՝ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, ունենալով սահմանակից Թուրքիայի ընդգծված թշնամական վերաբերմունքն ու «սառեցված» հակամարտություն՝ ադրբեջանական կողմի հետ, կարողացավ էապես բարելավել հարաբերությունները թե՛ հյուսիսային հարևան Վրաստանի, թե՛ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ավելին, Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը կարողացավ հանդես գալ այնպիսի փոխշահավետ նախաձեռնություններով, որոնք միանգամայն գործնական արդյունքներ ապահովեցին ու հնարավորություն տվեցին իրականացնել համատեղ էներգատնտեսական խոշոր նախագծեր: Սա, հատուկ ընդգծենք, մի իրավիճակում, երբ արևմտյան գերտերությունների, կոնկրետ ԱՄՆ-ի կողմից ոչ պակաս ճնշումներ կային՝ հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ:
Հասկանալի է, որ 20 տարի առաջ աշխարհաքաղաքական իրադրությունը այլ էր, գերտերությունների հակադրությունները այնպես սևեռուն չէին, ինչպես, ենթադրենք, վերջին 10 տարիներին: Բայց հարցն այդ չէ միայն:
Հիմնական հարցն այն է, որ որպես պետության ղեկավար, Ռոբերտ Քոչարյանը ու նրա գլխավորած իշխանությունը կարողանում էր ու կարողացավ վարել մե՛ր երկրի ու ժողովրդի շահերին ծառայող արտաքին քաղաքականություն: Ու այդ հարցում ունեցած հաջողությունները խարսխված են այն իրողությունների վրա, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստանը հանդես էր գալիս հստակ, փաստարկված ու ընկալելի դիրքորոշումներով, դրսևորում էր կայո՛ւն, կանխատեսելի՛ քաղաքական ուղեգիծ ու վարք:
Եվս մեկ կարևոր հանգամանք. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, զարգացնելով հարաբերությունները բոլոր ուղղություններով, Հայաստանը եղել է հուսալի ու վստահելի՛ արտաքին-քաղաքական գործընկեր թե՛ Ռուսաստանի, թե՛ հարևանների, թե՛ Արևմուտքի համար:
Բավական է թռուցիկ հայացք նետել վերջին 2-3 տարվա տնաքանդ իրողություններին, հասկանալու համար սարուձորային տարբերությունները: Աշխարհի հզորների հետ հավասարը՝ հավասարի պես նստող-ելնող Հայաստանը այսօր վերածվել է տարածաշրջանային փալասի:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը