Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում հայտնված Վահան Քերոբյանը օրերս հետևյալ հայտարարությունն արեց․ «Այս տարվա զբոսաշրջության աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 319 տոկոսով, իսկ 2019 թվականին համեմատ՝ 20-25 տոկոսով անկում»։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նա մեկ այլ՝ ոչ պակաս անմեղսունակ բովանդակությամբ գրառում էր արել, նշելով, թե «Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է»։ Վերջին ասածի անհեթեթ լինելուն անդրադարձել ենք https://yerevan.today/heghinak/79295/tntesakan-oghbali-ankoum,-orov-ekonomikayi-naxarary-hpartanoum-e?fbclid=IwAR2kVfODgAafgoGMjjaS7a50gBn83wAnCvPsW7Hf0ykKbD0M7vW8hqR2Sfc Այժմ անդրադառնանք զբոսաշրջության վերաբերյալ վերոնշյալ անձի հայտարարության հիմնազուրկ լինելուն։
Անցյալ տարվա՝ 2020թ․-ի զբոսշարջության ցուցանիշները ձևավորվել են միայն առաջին եռամսյակում և մասամբ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Անկումը պայմանավորված էր կորոնավիրուսով, որի տարածմանը ակտիվորեն նպաստում էր հենց իշխանությունը՝ մարդաշատ հանրահավաքներ անելով հանրաքվեի քարոզչության շրջանակներում։ Ընդհանուր առմամբ Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվն անցած տարի կազմել է 372 հազար մարդ (311 հազարը հունվար-մարտին)։ Տարեկան անկումը՝ 80,2 տոկոս։
Այժմ պարզենք, թե 372 հազարի 319 տոկոսը որքան է կազմում՝ 1 մլն 186 հազար։ Եթե այդքանով զբոսաշրջիկների թիվը ավելանալու է, ապա դրան պետք է գումարել անցած տարվա 372 հազարը։ Ըստ էկոնոմիկայի նախարարի, կստացվի, որ այս տարի Հայաստան պետք է այցելի ավելի քան 1 մլն 558 հազար զբոսաշրջիկ։ Սա շատ նման է Վահան Քերոբյանի «շեֆի»՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությոնը, ըստ որի, Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման նշաններ է ցույց տալիս։ «Փետրվարի առաջին 15 օրերին ունեցել ենք հսկիչ-դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվող գործարքների աճ՝ նախորդ տարվա համեմատ։ Դրամաշրջանառությունն ավելացել է 12 տոկոսով։ Աճել է նաև արտահանումն ու ներմուծումը»։ Երբ հրապարակվեցին փետրվար ամսվա տվյալները, տեսանք, որ ոչ մի վերականգնում էլ գոյություն չունի, որ առևտրում անկումը երկնիշ է, այնպես ինչպես ներմուծման և արտահանման դեպքում։ Այլ խոսքերով, ինչպես Նիկոլ Փաշինյանի ասածն էր սովորական խաբեություն, այնպես էլ Վահան Քերոբյանի ասածը։
Ակնհայտ է, որ վերոնշյալ թվով զբոսաշրջիկներ Հայաստանում չեն լինի այս տարի և անգամ եկող տարի։ Իշխանության փոփոխության դեպքում առաջիկա տարիներին հնարավոր է հասնել վերոնշյալ ցուցանիշին։ Որքան երկար է այս իշխանությունը պահպանվում, այնքան ավելի անհուսալի է դառնում վիճակը նաև այս՝ զբոսաշրջության ոլորտում։
Հիմնական պատճառը տեղի ունեցած պատերազմական գործողություններն են և Հայաստանի անվտանգության սպառնալիքները, այդ թվում զբոսաշրջային գոտի համարվող տարածքներում, որոն դարձել են սահմանային բնակավայրեր (Վայքում՝ Ջերմուկ, Արենի, Սյունիքի տարբեր հատվածներ, Սևանա լճի ավազան և այլն)։ Սա անմիջականորեն շաղկապված է Հայաստանի հեղինակության սասանված լինելու հետ։ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը վերածել է պարտված, ստորացված, աշխարհի կողմից արհամարված կամ լավագույն դեպքում խղճահարության արժանացած երկրի։ Որևէ երկիր գնալիս զբոսաշրջիկները կցանկանան որոշակի տեղեկություններ ստանալ նրա մասին, այդ թվում նաև իրենց երկրի պաշտոնական աղբյուրներից։ Ոչ մի երկիր ներկա պահին Հայաստանի մասին դրական երաշխիք չի տա, եթե խորհուրդ չտա իր քաղաքացիներին զերծ մնալ այստեղ գալուց։ Եվ դրա պատասխանատուն ու մեղավորը ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլև նրան ծառայող և մեղսակից դարձած Վահան Քերոբյանն ու իր նմանները։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը