Տևական ժամանակ է՝ «Համահայկական հիմնադրամի» շուրջ աղմուկը չի դադարում, կառավարությունը այդպես էլ չի տրամադրում կոնկրետ հաշվետվություն, թե ինչի վրա է ծախսվել համահայկական հանգանակության մեկ մասը՝ 52 մլրդ դրամը:
Ավելին հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները:
Ստորև ներկայացնում ենք 2016 թվականի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ» հոդվածից որոշ հատվածներ: Նկատենք, որ չորսօրյա պատերազմի օրերին Արցախի կառավարությունը հատուկ հաշվեհամար էր բացել: Ապրիլի 4-ից մինչև օգոստոսի 18-ը հատուկ հաշվեհամարում կուտակվել էր 4 միլիարդ 661 միլիոն դրամ, որից հուլիսի 1-ի դրությամբ ծախսվել է 2 միլիարդ 101 միլիոն դրամը:
ԼՂՀ կառավարությունը օգոստոսի սկզբին հանդես եկավ նախաձեռնությամբ՝ մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների Արցախ հրավիրելու և ներկայացնելու, թե ինչի վրա են ծախսվել գումարները և ինչպես: Այս հոդվածում Փաշինյանն իր տպավորություններով է կիսվում:
«ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը մեր առաջին հանդիպման ժամանակ չկարողացավ զսպել իր վրդովմունքը սոցիալական ցանցերում տարածվող գրառումների կապակցությամբ, թե հատուկ հաշվեհամարի միջոցները մսխվում են:
Արայիկ Հարությունյանը հարցադրում արեց. «Բոլորիս ընտանիքները Ղարաբաղում են ապրում. մենք առաջնագծի համար նախատեսված միջոցները մսխում ենք, որ թուրքերը գան մեր ընտանիքներին կոտորե՞ն»: Այս թեմայի շուրջ բավականին ծավալուն ու բուռն քննարկում ունեցանք:
Իմ եզրակացությունը մեկն էր. անպատասխան մնացած հարցերը, մարդկանց մեծամասնության համոզմունքը, թե Հայաստանի եւ հետեւաբար նաեւ ԼՂՀ իշխանությունները կոռումպացված են, այնպիսի միջադեպերը, ինչպիսիք, օրինակ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի առեւանգումն ու ծեծը, 2015 թվականի բերձորյան հարձակումը Հիմնադիր խորհրդարանի անդամների վրա՝ անվստահության վիհ են ստեղծել, եւ սա այլեւս ազգային անվտանգության հարց է:
Իսկ որ այդ անվստահությունը իր սև գործն արել է, երեւում է հենց թեկուզ հատուկ հաշվեհամարին արված վճարումների աշխարհագրությունից: Հավաքված 4 միլիարդ 661 միլիոն դրամի շուրջ 50 տոկոսը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությունից:
ԼՂՀ կառավարության եզրակացությունը մեկն է. օգնության ամենաարդյունավետ ձևաչափը ֆինանսական փոխանցումներն են և այս պարագայում է միայն երաշխավորվում, որ այդ միջոցների ծախսման արդյունքում ձեռք կբերվի այն, ինչ տվյալ պահին իրոք անհրաժեշտ է: Բայց մյուս կողմից, հաշվի առնելով այն ահռելի անվստահությունը, որ գոյություն ունի, վարչապետն ու նախարարները ընդունում են, որ հատուկ հաշվեհամարի ծախսումները պետք է լինեն պատշաճ հանրային, համահայկական վերահսկողության ներքո:
Մեր այցի կարեւորագույն նպատակներից մեկը հենց այս խնդրի քննարկումն էր. ի՞նչ անել, որ այդ վերահսկողությունը լինի արդյունավետ, վստահելի, մյուս կողմից՝ կարելի լինի խուսափել ռազմական գաղտնիքների հրապարակումից»:
Նկատենք, որ հենց Փաշինյանն իր հոդվածում նշում է, թե կոնկրետ ինչքան է ծախսվել այդ պահի դրությամբ և ինչի համար, անգամ դրանից հետո կասկածներ է հայտնում ամեն դեպքում․ իսկ հիմա, երբ խոսքը գնում է տասնապատկի ավել գումարի մասին, առանց ամաչելու հայտարարում է, որ ընթացիկ ծախսվել է, կոնկրետ ասել չեն կարող:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը