19 03 2021

Նիկոլի ԲՏ նախարարը... հուզված, անհաշվետու, վայրենի խուլիգան

Նիկոլի ԲՏ նախարարը... հուզված, անհաշվետու, վայրենի խուլիգան

Սրանք՝ Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլաթիմը» ոչ միայն բովանդակազուրկ, ապազգային, ստախոս թրքահպատակներ են, այլև անհաշվետու-հիստերիկների թունավոր հաքածո, ավելի ճիշտ՝ կույտ կամ, որ վերջերս նշում եմ՝ խմբոն: Ձեռքերը հուզված թափահարում են, մարդկանց վրա են հարձակվում: 

Դե, եթե «թավշապետը» մայրաքաղաքի կենտրոնում մի վարչական շենքից մեկ այլ վարչական շենք 200 մետր քայլելու համար բոլոր տանիքներին ցուցադրաբար դիպուկահարներ ու հեռահար ծանր հրազեն է տնկում, որպեսզի կրակեն հայ մարդկանց վրա, նրա նախարար-մախարարներն էլ, շնաբարո դուրսպրծուկների նման, սրճարաններում հարձակվում են խաղաղ բնակչության ներկայացուցիչների վրա, բռունցքներ են թափահարում, գույք են փչացնում... 

Ահավասիկ, ցցուն մի նմուշ. Հակոբ Արշակյան: Սա այն «թավշակադրն» է, որ ԲՏԱ նախարար է, փետրվարի 31-ի հայտնագործողը, զենքի ցուցահանդեսին առանց ցուցանմուշի գնացողը և հարկատուների հաշվին հավայի պրեմիա մսխող «նիկոլներից» մեկը: Սույն սուբյեկտը նախօրեին, գիտեք, մի սրճարանում բռունցքներով վրա պրծավ այդ պահին սեղանի մոտ նստած լրագրողի վրա: Հարվածեց, քաշքշեց, վնասելու դիտավորությամբ հարվածեց սեղանին դրված ու քաղաքացուն պատկանող դյուրակիր համակարգչին: Մի խոսքով, Արշակյան Հակոբն իրեն պահեց որպես ամենավերջին խուլիգան: Դե, կատարվածն արձանագրած տեսագրությունը սոցցանցերի երեկվա «հիթն» էր, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կողմից անկապ հայտարարված «արտահերթ ընտրությունների» թեման այդքան չարծարծվեց: Չնայած, այդ մյուս թեման՝ «արտահերթը» ավելի կարևոր խնդիր է, բնականաբար:

Եթե նախարարական հարձակման դեպքը լիներ որևէ այլ պետությունում, նույնիսկ՝ «նախկին Հայաստանում», անկասկած դրան կհաջորդեին կազմակերպչական և իրավական հետևանքներ: Նախարարն առնվազն հրաժարական կտար, կհեռացվեր իշխանությունից, ի լրումն՝ նրան մեղադրանք կներկայացվեր՝ «խուլիգանության հատկանիշներով» և նախաքննություն կիրականացվեր:

Բայց քանի որ մենք արդեն մի քանի ամիս է (իսկ ըստ իս՝ արդեն 3 տարի), որ ոչ թե  պետության մեջ ենք ապրում, այլ ինչ-որ թրքաբարո և անհասկանալի տարածքում, «նիկոլազոմբիները» լցվեցին սոցցանցեր ու ծավալվեց մի հեքիաթասացություն, թե իբր այդ քաղաքացին «խեղճ նախարարին» հայհոյել էր, դե, նա էլ՝ հուզվել էր ու՝ այդպես...

Ի դեպ, Արշակյանն ինքը, ասում են բռնել է այդ «հուզվելու» վարկածի պոչից, որպես իր թույլ տված, բռնությամբ և գույքի վնասմամբ ուղեկցված խուլիգանության արդարացում:

Չէ, ԲՏ նախարարը կարող էր, իհարկե, հրաժարական հայտնելուց հետո, քննիչին գրավոր տրված բացատրության մեջ կամ իր ցուցմունքներում ինչ-որ բաներ դայլայլել հուզված լինելու մասին: Բայց միայն՝ քննիչի մոտ: Առավել ևս, որ նրա կարծեցյալ «հուզմունքը» վրա է հասել իրենց հորինած «հայհոյանքի պահից» մի 4-5 րոպե անց, այլ ոչ՝ միանգամից: Այդպես է, քանզի Արշակյանի «թավշյա-վիրտուալ» «փաստաբանների» վարկածով ստացվում է, որ ինչ-որ մեկը նրա հասցեին հայհոյական արտահայտություններ է արել, նա շարունակել է հանգիստ նստած մնալ, մի 4-5 րոպե վերլուծել է հնչած հայհոյանքները, ի վերջո, «տեղ է հասել» ասվածը, որից հետո միայն հուզվել է, բռնկվել ու հարձակվել ենթադրյալ հայհոյանքի հեղինակի վրա:

Ցանկացած դեպքում, նման «բացատրույթունները» քրեական պատասխանատվույթունից չեն ազատում:

Փաստ է այն, որ նա իրեն թույլ է տվել բացահայտ խուլիգանական արարք: Եվ փաստ է այն, որ նա բացարձակապես ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել ու տակավին շարունակում է նախարար-մախարարել: Դա արդեն բացարձակ արհամարհական վերաբերմունք է Նիկոլի կառավարույթան կողմից, անգամ՝ իրենց ադեպտների նկատմամբ: Ու սրանք բոլորը նրանք են, ովքեր իշխանության են հասել, իշխանություն են զավթել նաև բռնության, անիրավության դեմ սրտաճմլիկ կոչերով, օրենքի, օրինականության մասին ճվճվիկ ճամարտակումներով: Իսկ հիմա էլ՝ հրեշի նման, բոլոր շոշափուկներով կառչել են իրենց պաշտոններից, գրեթե արդեն սերտաճել դրանց

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ