20 01 2021

Բանակն ու զինվորին միմյանց հակադրելու` իշխանության «տեխնոլոգիան»

Բանակն ու զինվորին միմյանց հակադրելու` իշխանության «տեխնոլոգիան»

Մեր նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք բանակի դերի նսեմացման անթույլատրելիությանը, ինչն այսօր տեղի է ունենում իշխանությունների դրդմամբ։ Այն, որ իշխանությունը հետևողականորեն վարկաբեկում է Հայաստանի անվտանգության կարևորագույն կառույցը, մեկ անգամ ևս փաստվեց խորհրդարանի փոխնախագահի աթոռում հայտնված տիկնոջ հարցազրույցում։ Ի՞նչ էր նրա ասածը։ Եթե համառոտ, ապա պետք է հաշտվենք պարտության հետ, շարունակենք ապրել խայտառակված ու ստորացված։ Սա մատուցվում էր «18 տարեկան երեխաների» կյանքը իբր փրկելու ցինիկ երեսպաշտությամբ, իրագործելով բանակին և զինվորին հակադրելու հակապետական քաղաքական գիծը։։ Վերոնշյալ տիկինը գուցե մոռացել է, որ իր «թավշյա» ղեկավարն էր այդ երեխաներին տանում ստույգ մահվան՝ թույլ տալով պատերազմի սանձազերծում, հրաժարվելով ՀԱՊԿ-ի աջակցությունից, ապա՝ պատերազմը դադարեցնելու առաջարկներից, բազմաթիվ այլ քայլերով ուղղորդելով մեզ դեպի պարտություն։

Բանակը զինվորներն ու սպաներն են։ Զինվորների գերակշռող մասը ժամկետային ծառայողներն են՝ 18-20 տարեկանները։ Պայմանագրային զինվորները ավելի փոքր մասն են կազմում։ Նկատի ունենալով Հայաստանի աշխարհաքաղաքաղաքական կացությունը, անհնար է միայն պայմանագրային զինվորներով մեր անվտանգությունն ապահովել։ Գուցե նրանց վարձատրությունը կարելի է բարձրացնել և ծառայողների թիվն ավելացնել, բայց ամբողջությամբ նրանք չեն կարող փոխարինել ժամկետային զինծառայողներին։ Ուստի, ծնողների զգացումների շահարկմամբ ցանկացած փորձ ժամկետային զինծառայության մասնակի վերացման կամ փոխարինման մասին պետք է արմատապես կասեցվի։

Ավելին, պետք է բացառել ժամկետտային զինծառայությունից խուսափելու բոլոր հնարավորությունները, որ այսօր կան։ Զինծառայությունից ազատվելու միակ պատճառը պետք է լինի առողջականը՝ ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունը։ Կրթությունը արտասահմանում շարունակելու, բուհն ավարտելու, արտերկրից գալով և գումար վճարելով կամ որևէ այլ նմանատիպ պատճառով զորակոչից խուսափելը պետք է բացառվի։ Տարեկետումներն էլ պետք է լինեն առավելագույն կես կամ մեկ տարով, տվյալ ուսումնական հաստատությունը կամ ուսուցման տվյալ տարին ավարտելու նպատակով, որպեսզի բուհական կամ այլ ուսուցումը չդառնա զինծառայությունից խուսափելու «օրինական» ճանապարհ։ Բացառիկ դեպքերում միայն, որևէ ոլորտում աշխարհահռչակ անձի զինծառայության հարցը պետք է լուծվի կառավարության որոշմամբ։

Հաջորդը, հարկ է դադարել 18-20 տարեկաններին որպես երեխա դիտարկելը։ Նրանք անցած պատերազմում հերոսության և սխրանքի բազմաթիվ օրինակներ են ցուցաբերել։ Զինծառայությունը այդ տղաներին պետք է դարձնի տղամարդ և զինվոր, որոնք պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել իրենց երկիրը, ժողովրդին և հարազատներին։  Բանակի պարտավորությունն է առավելագույնս մարտունակ և զինվորական մասնագիտությանը լավ տիրապետող զինվորներ պատրաստել, որպեսզի նրանք բարձր արդյունավետությամբ կատարեն իրենց մարտական առաջադրանքը, և չզոհվեն վատ պատրաստվածության կամ վատ ղեկավարման հետևանքով։

Ինչ մնում է բանակը և զինվորին հակադրելու իշխանական տիկնոջ և նրա նմանների բարբաջանքներին, ապա հարկ է իմանալ մի քանի պարզ ճշմարտություններ։ Բանակը ստեղծվում է երկրի անվտանգությունն ապահովելու համար, այն բաղկացած է հիմնականում զինվորներից։ Եթե զինվոր պետք է դառնան ոչ թե երկրի անվտանգությունը պաշտպանելու, այլ ասենք՝ լավ սնվելու կամ «երեխա» մնալու համար, ապա ավելի լավ է այդ երեխաները մնան տանը։ Որքան էլ ցավալի է, բայց պատերազմում նաև զոհվում են և յուրաքանչյուր զոհ մեզանից մեկի որդին է, եղբայրը կամ հարազատը։ Սակայն այդ պատճառով ասել, թե մենք չպետք է փորձենք հզորացնել մեր բանակը և անհրաժեշտության դեպքում վերակագնել մեր հայրենիքի կորուստները, նշանակում է բանակի դերը հավասարցենել զրոյի։ Այդ մտայնությամբ, ինչպես նշել ենք վերևում հիշատակված հոդվածի վերնագրում, մենք ոչ թե զոհեր կունենանք, այլ պարզապես կոչնչացնենք բանակը և կենթարկվենք ցեղասպանության։

Ի դեպ, բանակի դերը նսեմացնող «քայլողներին» տեղեկացնենք, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են սպասվում մեր սահմանի անմիջական մոտակայքում՝ Կարսում։ Լրատվամիջոցներում այդ մասին հայտնվել է, բայց վերոնշյալ անձիք կամ մինչ օրս անտեղյակ են կամ էլ ասում են «վտանգ պետք չի տեսել»։ Ճիշտ նույնն էին ասում նրանք արցախյան պատերազմից առաջ Ադրբեջանի տարածքում անցկացվող զորավարժությունների մասին ․․․

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ