12 01 2021

Նիկոլի կնքած վերջին «համաձայնագիրը»՝ հեռանալուց առաջ

Նիկոլի կնքած վերջին «համաձայնագիրը»՝ հեռանալուց առաջ

Պուտին, Իլհամ, Նիկոլ եռակողմ հանդիպումը Կրեմլում, այնուամենայնիվ, կայացավ։ Այն` ինչ Պուտինը ասաց Իլհամին ու Նիկոլին եռակողմ հանդիպման հրապարակային առաջին րոպեներին, առողջ տրամաբանության ու նորմալ իրավիճակի դեպքում` Նիկոլն ու Իլհամը պետք է տեղեկացնեին Պուտինին։ Նրանք նաև պարտավոր էին արտահայտել իրենց գնահատականները, դիտողությունները, դժգոհությունները, պահանջները, և անգամ` առաջարկներ ներկայացնել։ Նման բան մենք չտեսանք, իսկ տեսածից էլ շատ դժվար է համարձակ հետևություն անել, թե 4 ժամ տևած եռակողմ փակ հանդիպման ժամանակ նման ինչ-որ բան եղել է։ 

Եռակողմ հանդիպման նախօրեին, համենայն դեպս, ասվում էր, թե իբր հրավիրում են` նոյեմբերի 10-ի հայտարարության կատարման ընթացքը ու հետագա անելիքները քննարկելու համար։ Մինչդեռ ակնհայտորեն չլսելու տվեցին, պարզորոշ անտեսեցին Նիկոլի խեղճ ու կրակ, իսկապես միայն մեզ` ներքին լսարանի համար արձակած ծղրտոցը, որով նա կցկտուր ակնարկնեց ընդամենը`որ Ադրբեջանը չի կատարում գերիներ փոխանակելու պայմանավորվածությունը։ Եվ սա` ռուսական խաղաղապահների գերազանց աշխատանքի պայմաններում։ Ու ոչ մի խոսք GPS-ով կամային սահմաներ գծելու, նոր տարածքներ զավթելու, խաղաղ հայ բնակիչներին առևանգելու ու գերեվարելու, նրանց նկատմամբ հնարածին քրեական գործեր հարուցելու, հայկական մշակութային, կրոնական հուշարձաններն ու շինությունները մեթոդաբար ոչնչացնելու, հրադադարը քմահաճորեն խախտելու, պարբերաբար կիրառվող շանտաժի ու սադրանքների... մասին։

Տակավին անհայտ է մնում, թե իրականում ինչ են քննարկել չորս ժամ տևած եռակողմ հանդիպման ժամանակ, բայց դատելով Նիկոլի ճնշված կեցվածքից, Իլհամի ժպիրհ շարժուձևից ու հրապարակված ամփոփիչ «արդյունքներից»` դժվար թե հետագա զարգացումները տևական խաղաղություն ու անվտանգություն ապահովեն Արցախում ու Հայաստանում, սահմանային բնակավայրերում ու ընդհանրապես` տարածաշրջանում։

Կրեմլի աղբյուրները հայտնեցին, թե եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու են բոլոր «ցավալի» խնդիրները։ Մինչդեռ, Նիկոլի պարտվողական, կցկված տեսքը, վախվորած, դեպի անհայտություն ուղղած հայացքը միանշանակ հուշում են, որ նա լուռ ու ուշադիր լսողի և գլխի պարբերական խոնարհումներով ամեն ինչի հետ համաձայնողի խղճալի վիճակում է եղել։   

Տակավին հայտնի չէ, թե փակ դռների հետևում այդ ո՞ր «ցավալի» փաստերն ու հանգամանքներն են ներկայացվել, որ եկել են եզրահանգման, թե նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված պարտավորությունները կատարվում են և լուրջ ինցիդենտներ չեն եղել։ Միթե այն, որ մարդիկ թողնում են իրենց պապենական բնակավայրերը, վառում են իրենց տները ու մատնվում են անորոշության` դա լուջ ինցիդենտ չէ՞։ Լուրջ ինցիդենտ չէ՞, երբ թշնամին հրադադարի պայմաններում նոր տարածքներ է զավթում, թրքաբարո ոչնչացնում է տեղացիների բոլոր մշակութային հետքերը։ Եվ սա համարվում է Արցախի զարգացման ծրագի՞ր։ Այդ ծրագիրն ի՞նչ տեսք է ունենալու, երբ արցախցին ու թուրքը տրամագծորեն ընդհակառակն են պատկերացնում իրենց վաղվա օրը։ Թ՞ե հիմա էլ այդ ծրագիրը պետք է բավարարի, ի՛բր, բոլորի շահերը, բայց հատկապես պետք է համապատասխանի թուրքերի ու արբեջանցիների պահանջներին։

Ինչևէ. ըստ հունվարի 11-ի եռակողմ համատեղ հայտարարության` Պուտինի առաջարկության համաձայն ստեղծվելու է երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խումբ, արդեն հունվարի 30-ին աշխատանքային խումբը պետք է առաջին նիստում կազմի աշխատանքային պլան` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի պահանջները կատարելու համար, ապա համանախագահները պետք է հաստատեն փորձագիտական ենթախմբերի կազմերը, որոնք էլ մեկամսյա ժամկետում պետք է հաստատման ներկայացնեն հիմնավորված նախագծերի ցանկ, իսկ մարտի 1-ին բարձրագույն մակարդակում պետք է հաստատվի եռակողմ համատեղ ծրագրի մեջ ներառված միջոցառումների ցանկն ու դրանց իրագործման ժամանակացույցը։

Մինչև հիմա լսե՞լ կամ տեսե՞լ եք, որ մեր փոխվարչապետերից մեկնումեկը մի պիտանի բան անի. այսուհետ անելո՞ւ են, կարողանալո՞ւ են անել... Դժվար է անգամ պատկերացնել։ Առանց ինքնահամոզման ջանքի և շատ մեծ ցանկության դժվար է հավատալ, որ Պուտինը Նիկոլին ու Իլհամին Մոսկվա էր հրավիրել ընդամենը այսքանի համար։ Կարելի էր, ու նա կարող էր, այս ամենը անել նաև հեռակա կամ միջնորդավորված` առանց իր թանկ ժամանակի ընդհանուր առմամբ վեց ժամերն անգամ վատնելու։ Ուստի. փակ հանդիպման չորս ժամերի խորհուրդը դեռ պետք է հասկանալ. կամ սպասել հաջորդելիք դրսևորումներին` նոր միայն եզրահանգումներ անել։

Հիմա կարելի է միայն արձանագրել, որ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծվելիք աշխատանքային խումբն, ըստ էության, պետք է վերականգնի առնվազն 32 տարի` 1988 թ-ից գոյություն չունեցող տնտեսական ու տրանսպորտային հարաբերությունները հակամարտող կողմերի միջև։ Գործնականում սա Թուրքիայի համար դեպի Անդրկովկաս ու անդին հնարավոր բոլոր տեսակի ճանապարհներն ու հնարավորությունները հարթելու և հաստատելու, տնտեսական կոլապսից փրկվելու ծրագիր է, որտեղ Հայաստանը ու Արցախը լավագույն դեպքում տարանցիկ տարածքներ են լինելու` առանց շահույթ հետապնդելու որևէ ակնկալիքի։

Իսկ որ հենց այդպես էլ լինելու է` արդեն հաստատում են առկա փաստերը։ Օրինակ. Իլհամը Պուտինի հետ առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով Հայստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի հետ։ Միայն թե` չի հստակեցրել. ովքե՞ր են վերահսկելու այդ երկաթուղու շահագործումը, ուղևորների տեղափոխումն ու բեռնափոխադրումները, որքանո՞վ է դա տարբերվելու թալանի ու գերեվարման պրակտիկայից, եթե ամեն ինչ հանձնվելու է ռամիլսաֆարովների նման ազգային հերոսներ ունեցող խուժանի քմահաճույքին։ Չէ՞ որ, խոստացել էին, բայց այդպես էլ չորոշակիացրեցին Արցախի խնդիրը կարգավորելու հաջորդական քայլերը, չհստակեցրեցին դեմարկացիոն սահմանները ու խաղաղապահների գործառույթները։ Համենայն դեպս, այդ մասին ոչ ոք ոչինչ չհայտարարեց ու չկա որևէ արձանագրում «նոր» հայտարարության մեջ։  

Հիմա կարելի է նաև համոզված արձանագրել։ Չկա Նիկոլի արածներում գեթ մեկ քայլ, որ չէր անի Իլհամը, եթե դառնար Հայաստանի վարչապետը։ Ուստի. փաստացի ստացվում է, որ Նիկոլը դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Իլհամի արտակարգ ու լիազոր դեսպանն է մեր երկրում։ Միայն թե. Իլհամն այնքան է տարբերվում թերուս Նիկոլից` իր մգիմոյական կրթությամբ, որ պաշտոնապես դեռ մեր երկում իր թուրքական վասալապետության դեսպանատուն չի բացել, բայց` իր դրածո կառավարությունն արդեն ունի՛։

Հ․Գ․ Մեկ փաստ ևս հետաքրքրական է․ ստորագրված համաձայնագրի մեջ նշված գործողությունների ժամկետները շատ մոտ են՝ 2021 թ.-ի հունվարի 30, մարտի 1, իսկ դա նշանակում է որ անգամ Պուտինն ու Ալիևը հասկանում են որ իրենց հետ համաձայնագիր է կնքում քաղաքականապես վերջացած գործիչը, որի օրերը հաշված են և երկարատև և նաև կարևոր համաձայնություններ նրա հետ կազմելու իմաստ չկա։                                                    

Գևորգ Հարությունյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ