11 01 2021

Բանակին նսեմացնելը ճանապարհ է դեպի նոր ցեղասպանություն

Բանակին նսեմացնելը ճանապարհ է դեպի նոր ցեղասպանություն

Հայաստանի անկախ պետականության գաղափարախոսությունը պետք է հիմնվեր երկու հիմնական արժեքների վրա՝ Արցախ և բանակ։ Ցավոք, պետականության կայացմանը զուգահեռ չձևավորվեց այդ գաղափարախոսությունը։ Արդյունքում, ստանանք պարարտ հող 2018թ․-ի գունավոր հեղափոխության և դրա ցավալի հետևանք՝ ներկայիս կորուստների համար։ Սակայն, դեռ ունենք հնարավորություն և պարտավոր ենք փրկել մեր գոյության և զարգացման կարևորագույն արժեքներն ու երաշխիքները։ Դրա համար առաջին հերթին չպետք է թույլ տանք բանակը վարկաբեկող գործողություններ։

Հայկական բանակն այժմ դժվար օրեր է ապրում, ինչպես մենք բոլորս։ Դրա հիմնական մեղավորը երկրի ղեկին հայտնված անձն է, որը մեծագույն «ծառայություններից» մեկը բանակի շարունակական վարկաբեկելն ու նրա դերի նսեմացնելն է եղել։ Այդուհանդերձ, այն մեր անվտանգության գլխավոր երաշխիքն է։ Միայն այն, որ Արցախի պաշտպանության բանակը 44 օր կենաց-մահու կռիվ է տվել ադրբեջանաթուրքական բանակի և ահաբեկիչների զինված կազմավորումների դեմ, պատճառել նրանց ծանր կորուստներ, ցուցաբերել հերոսությունների զանգվածային օրինակներ, ամուր պահել իրեն վստահված պաշտպանական գրեթե բոլոր շրջանները, փաստում է այն մասին, որ մեր բանակը արել է առավելագույնը և արժանի է հարգանքի։ Սխալներն ու բացթողումները, որոնց պատճառով թշնամին կարողացավ հաջողություններ ունենալ հարավային ուղղությամբ, հետևանք էին Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարությունների անհասկանալի գործողությունների, որոց մասին շատ է խոսվել զինվորականների ու ոլորտի մասնագետների կողմից և որոնք մանրակրկիտ հետաքննության կարիք ունեն։

Ցավոք, տվել ենք ծանր մարդկային կորուստներ՝ մոտ 5 հազար զոհվածներ, 8 հազար վիրավորներ։ Ունենք զինտեխնիկայի մեծ կորուստներ։ Այս ամենը լրջորեն ազդել են հատկապես Արցախի պաշտպանության բանակի վրա, բայց այն ջախջախված չէ և շարունակում է պաշտպանել մեր հայրենիքի այդ հատվածի սահմանները։ Չի կարելի մեր գործողություններով թուլացնել նրան, կտրականապես պետք է մերժել «թող մեր երեխեքը չգնան Արցախ ծառայելու» ազգակործան մոտեցումը։ Այս տրամաբանությամբ վաղը կասենք, որ մեր երեխեքը չծառայեն Զանգեզուրում։ Այս մոտեցումը ուղիղ ճանապարհ է դեպի պետության կործանում և ցեղասպանություն։

Ուղղակի ողբերգություն է, որ այդպես էլ չհասկացանք, որ «մեր երեխեքը» Արցախում՝ Ջաբրայիլում կամ Ֆիզուլիում պաշտպանում էին Գորիսն ու Վայքը, Արտաշատն ու Վարդենիսը, Երևանն ու Աշոցքը, Ստեփանակերտն ու Ստեփանավանը և ամբողջ Հայաստանն ու Արցախը։ Ցավոք, հիմա արդեն անմիջականորեն Սյունիքի և Գեղաքունիքի սահմաններն ենք հարկադրված պաշտպանել։ Եվ դա պետք է անի մարտունակ և ժողովրդի վստահությունը վայելող բանակը։

Հայաստանի զինված ուժերը, ի տարբերություն Արցախի պաշտպանության բանակի, արցախյան պատերազմում լուրջ կորուստներ չունեցան։ Թե ինչո՞ւ դրանք չմասնակցեցին այդ պատերազմին, ինչո՞ւ 10 օր շարունակ Արցախից օգնություն խնդրողներին աջակցության չեկան, որը կփոխեր պատերազմի ելքը, նույնպես ապագայում հետաքննության առարկա պետք է դառնա։ Այսպես, թե այնպես, ՀՀ զինված ուժերը իրենց հիմնական ներուժը պահպանել են։ Նրանք համալրման և նոր սպառազինության կարիք ունեն անշուշտ։ Զորակոչիկներով համալրումը պետք է կատարվի պատշաճ ձևով, զինտեխնիկան պետք է համալրվի մեր դաշնակից Ռուսաստանի աջակցությամբ։ Բնականաբար, դրա համար առաջին հերթին պետք է ունենանք փորձառու և գիտակից քաղաքական ղեկավարություն, այլ ոչ թե պարտության տարած և դավաճանի խարանով ապրող մեկը։ Քանի դեռ ներկայիս խմբակն է իշխանության, ակնկալել բանակի վերազինմանն ուղղված լուրջ և մտածված, մասնագետների կողմից մշակված քաղաքականություն, անհնար է։ Այս առումով ամենահրատապ անհրաժեշտությունն է օր առաջ ազատվել այս իշխանությունից և պատրաստ լինել դիմագրավելու նոր սպառնալիքների, որոնք ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են։  Առանց բանակի արմատական վերակառուցման և վերազինման դա անել չենք կարող, իսկ մինչ այդ մենք բոլորս պարտավոր ենք պահել ու պահպանել մեր բանակը և թույլ չտալ շարունակելու նրա վարկաբեկման արշավները՝ ակնհայտորեն ուղղորդված իշխանության որոշակի շրջանակների կողմից։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ