Մեր երկրի տնտեսության վիճակը հստակ պատկերացնելու համար բավարար է իմանալ, որ հիմա էկոնոմիկայի նախարար է մեկը, ով երեկ լոկ սննդի առաքիչների շեֆ էր աշխատում։ Նա Հ1-ի եթերում ասել է, թե` մարդիկ փող ունեն, բայց չեն ուզում ծախսել։ Անդրադառնալով սպառման ցուցանիշների՝ վերջին ամիսներին կտրուկ նվազմանը, ասել է․ «հիմնական պատճառը մարդկանց տրամադրության անկումն է, ոչ թե եկամուտների պակասը»։
Վահան Քերոբյանի այս նկատումն ինքնին նենգամտություն է և սպառնալիքի պես է հնչում․ ո՞նց, ժողովուրդը դեռ ինչ-որ գումար ունի պահա՞ծ։ Իսկ նրա՝ «տեսնում ենք վիճակագրական տվյալներից, որ եկամուտներն այնքան չեն ընկել, ինչքան սպառողունակ են» թափանցիկ ակնարկը գործին կպնելու ուղղակի կոչ է յուրայիններին. ուրեմն մերոնցով օրենքներ պետք է ընդունենք ու բանկերից, հաշվեհամարներից, բարձերի տակերից... քերենք այն, ինչ ժողովուրդը դեռ ունի։ Եվ կանե՛ն։ Սրանք իրենց մասին են միայն մտածում, ուրեմն ժողովուրդն էլ պետք է մտածի, թե դեռ ինչպես կփոխվի իր տրամադրությունը, եթե շարունակի համբերել ու հանդուրժել սրանց։
Իշխանավորները համառորեն չեն ուզում խոստովանել, որ հարկերի փոխարեն կաշառք են հավաքում, որ տնտեսությունում ոչ ներքին, ոչ էլ արտաքին ներդրումներ չկան, որ բիզնեսը չի աշխատում, որ պարտադրած վիրուսային լոկդաունների, նաև քաղաքական ու տնտեսական ճգնաժամի հետևանքով ժողովուրդը աղքատացել է ու կորցրել է գրեթե բոլոր սպառողական ռեսուրսները։ Սրանք այդպես էլ չհասկացան` թե ինչ է պետությունը, որ ժողովուրդը սպառողական կոոպերատիվ չէ, որ պետությունը շուկա չէ, որ էկոնոմիկան ու պետական տնտեսությունը բիզնես չէ։ Նախարարն էլ կասի, որ քանի որ դեռ աշխատանք չունեցող մարդը կարող է առանց մուրալու հաց գնել, ուրեմն դեռ աղքատ չէ. ուղղակի տրամադրություն չունի։
Եթե երկիրը թշնամուն նվիրաբերելուց հետո պնդերեսությամբ վարչապետի աթոռին կառչածն է շարունակում հիպերբոլիկ ստեր շռայլել, սա ինչո՞ւ պետք է հետ մնա նրանից։ Ահա և միլիարդով ներքին ու արտաքին ներդրումների, նաև անորոշության, մարտահրավերների, անկայունության, ռիսկերի բացակայության մասին բլթոցների աղբյուրը։ Իսկ գուցե ազգադավ դավաճան հողատուի ամեն գնով հրաժարական չտալու բուն պատճառներից մեկն էլ այն է, որ երկիրն ու ազգին բերի այն հիպերճգնաժամային, վատթարագույն վիճակին, որ միակ «փրկությունը» թվա` թուրքի ներդրումներին ապավինելը։ Այսինքն. մի կտոր հացի և խիստ պայմանական անվտանգության դիմաց ազգովի թուրքական ստրկության հանձնվելը։
Ուստի. ոչ ոք թող չզարմանա ու անակնկալի չգա, եթե առաջին իսկ հնարավորության դեպքում երկիրը արագ դատարկվի աննախադեպ ծավալային արտագաղթի հետևանքով. և երկրում մնան միայն սրանք` պահելով թուրքահպատակի իրենց կարգավիճակը։
Գևորգ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը