30 12 2020

Զինծառայողների հիմնադրամի վճարների ավելացման բեռը դրվելու է ցածր եկամուտ ունեցողների և փոքր բիզնեսի վրա

Զինծառայողների հիմնադրամի վճարների ավելացման բեռը դրվելու է ցածր եկամուտ ունեցողների և փոքր բիզնեսի վրա

2017 թվականին, երբ ստեղծվեց Զինծառայողների ապահովագրության կամ ինչպես ասում են «1000 դրամների» հիմնադրամը, ներկայիս իշխանավորները, որոնք այն ժամանակ «ակտիվիստ» էին աշխատում, տիեզերական ոռնոց բարձրացրեցին։ Խեղաթյուրեցին հիմնադրամի նշանակությունը՝ ասելով, թե «մեր փողերով բանակն են պահում»․ այնինչ հիմնադրամի գումարները ուղղված են զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ֆինանսական փոխհատուցմանը, ապա սկսեցին թմբակահարել, թե 1000 դրամներն էլ են «ուտելու»և, ի վերջո՝ թե «ժողովուրդը փող չունի», իսկ պետությունը նոր հարկ է դնում նրա վրա։ Ի պատասխան այդ վայրահաչությանը, այսօր պարզապես փաստենք, որ հիմնադրամը կատարում է իր առաքելությունը։ Սակայն արցախյան պատերազմում զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին անհրաժեշտ գումարը շատ ավելի է, քան հիմնադրամում առկա միջոցները։

Ի՞նչ է անում այս կացության մեջ իշխանությունը։ Անշուշտ «մոռացել» է, որ ժողովուրդը «փող չունի», որ «1000 դրամները» բեռ է նրա վրա և հիմա որոշել է բարձրացնել հիմնադրամին կատարվելիք վճարները։ Ի վերջո, իմքայլական շրջանակների համար բարոյական արգելքներ չկան և նրանք առանց աչք թարթելու կարող են անել այն, ինչի դեմ երեկ խոսում էին։ Հիմնադրամին վճարվելիք գումարների ավելացմանը հազիվ թե դեմ գտնվողներ լինեն։ Խնդիրն այն է, թե ինչպե՞ս է դա արվելու, ի՞նչ չափերով և ո՞ւմ վրա է ընկնելու այդ բարձրացման բեռը։ Եթե հակիրճ՝ այդ բեռի ծանրութունն, ինչպես եկամտային հարկի միասնականացման դեպքում, իրենց վրա զգալու են ավելի ցածր եկամուտ ունեցողները։

Այսպիսով, մինչև 100,000 դրամ եկամուտ ունեցողները վճարելու են 1500 դրամ, 100 000 դրամից մինչև 200 000 դրամ ունեցողները՝ 3000 դրամ, 200 000 դրամից մինչև 500 000 դրամ ունեցղոները՝ 5500 դրամ, 500 000-ից մինչև 1 000 000 դրամ ունեցողները՝ 8500 դրամ,1 000 000 դրամ և եկամուտ ունեցողները՝ 15 000 դրամ։ Խոսքը ֆիզիկական անձանց մասին է։Եթե փորձենք տոկոսներով ներկայացնել, ապա ակնհայտ կերևա, որ այս վճարի ավելացման բեռն ընկնելու է ավելի քիչ վարձատրություն ունեցողների վրա։ Այսինքն, որքան ավելանում է եկամտի չափը այնքան տոկոսային առումով իջնում է վճարի գումարը։

Մինչև 200 000 հազար դրամ ստացողների համար դրոշմանիշային վճար անվանումը ստացած այս վճարը կազմելու է նրանց եկամտի 1,5տոկոսը։ Սակայն սանդղակի մյուս մասերում, իրավիճակն այլ է։ Օրինակ՝ 250 000 դրամ աշխատավարձ ստացողի համար 5500 դրամը իր եկամտի 2,2 տոկոսն է, իսկ 500 000 դրամ ստացողի համար նույն չափով վճարվելիք գումարը՝ 1,1 տոկոսը։ Կամ՝ օրինակ 550 000 հազար դրամ ստացողների համար 8500 դրամ վճարը մոտ 1,55 տոկոսն է, իսկ 1 000 000 դրամ ստացողների համար՝ 0,85 տոկոսը։ Այսինքն, այս վճարների ավելացման հիմնական բեռն ընկնելու է միջին և միջինից ցածր սոցիալական խավի վրա, որը դժվարությամբ կարողանում է ապրել թանկացումների, դրամի արժեզրկման, տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Իսկ ահա բարձր վարձատրվողների համար բեռն ավելի քիչ բարձրանալու։ Սա է «թալանածը հետ բերելու», «կոռուպցիայի դեմ պայքարելու» մասին տեղի-անտեղի ճվճվացող իշխանության իրական դեմքը։

Ի դեպ, պատկերը համանման է նաև անհատ ձեռնարկատերերի համար սահմանված վճարների նոր դրույքաչափերի դեպքում։ Ավելի ցածր հաշվարկման բազա ունեցողները տոկոսային առումով ավելի մեծ չափով ավելացած վճար են վճարելու հիմնադրամին։ Սա, ըստ էության, հարկային բեռի բարձրացում է, որը հատկապես ծանր է լինելու փոքր բիզնեսի համար։ Մինչդեռ, արդարացի և տնտեսական արդյունավետության տեսակետից նպատակահարմար կլիներ այդ բեռի բարձրացումը ավելի մեծ ճափով ընկներ խոշոր բիզնեսի վրա։

Եվ ամենակարևորը, իշխանությունը եկող տարի ևս շարունակելու է պարգևավճարներ ստանալ։ Դա նախատեսված է պետական բյուջեով՝ խոսքն այդ նպատակով մոտ 18 մլրդ դրամի չափով բյուջեում նախատեսված գումարի մասին է։ Ոչ մի պատերազմ, զոհ, վիրավոր և հաշմանդամ, կորցրած տարածքներ ի վիճակի չեն զսպելու սեփական գրպանը պետական բյուջեի հաշվին լցնելու, այն թալանելու «թավշյա» իշխանության ախորժակը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ