28 12 2020

Սգի և արյան վաշխառուն

Սգի և արյան վաշխառուն

Այն, ինչ կատարվեց արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում, ողբերգություն էր բոլոր առումներով։ Արցախ հայրենիքի մեծ մասի և մեր զավակների կորուստը չսպիացող վերք է, իսկ մեր գոյությանը սպառնացող վտանգը՝ իրողություն։ Ակնհայտ է, որ այս ամենը սկսվել էր ավելի շուտ՝ 2018 թ․-ի ապրիլ-մայիսին, երբ Հայաստանի դեմ սկսվեց հիբրիդային պատերազմ և որի վերջին արարն էր միայն արցախյան պատերազմը։ Սակայն առավելի ցավալին այն է, որ մենք ինքներս մասնակիցն ու անմիջական մեղավորն ենք մեր այս օրերի ողբերգությանը, իսկ դրա հիմնական մեղավորը սգի և զոհվածների արյան վաշխառությամբ է զբաղված։

2018թ․ ապրիլ-մայիսին փողոցներն ու հրապարակները հեղեղածների մեծ մասը 14-17 տարեկան դպրոցական տղաներն ու աղջիկներն էին։ Այդ օրերին, ինքնամոռացման մեջ ընկած այդ երեխաները չգիտեին, որ իրենցից ոմանք կամ իրենց եղբայրները երկու տարի հետո դառնալու էին պատերազմի զոհեր։ Նրանք չգիտեին, որ այդ ամենն արվում էր մեր երկիրն ու մեր բանակը թուլացնելու և Արցախը թշնամուն հանձնելու համար, չգիտեին, որ մեզ պարտություն տանող գերագույն դավաճանը ամեն անգամ հավաստիացնելու էր, որ մենք հաղթելու ենք և հայտարարելու էր պատերազմը շարունբակելու մասին՝ հազարավոր նորանոր երիտասարդ կյանքեր զոհաբերելով, չգիտեին, որ նա դա անելու էր, ինչպես ինքն է խոստավանել, որ հետո իրեն չասեն դավաճան։ Արդյունքում նա դարձավ և դավաճան, և մարդասպան։ Եթե իմանային այն ժամանակ այդ երիտասարդները, որ իրենցից հարյուրավորների կամ իրենց ավագ եղբայրների մահվան վճիռն են կյանքի կոչում ․․․ Չիմացան, չհասկացան, չցանկացան հասկանալ ․․․ 

Ավաղ, անգամ հիմա զոհվածների ծնողներից ու հարազատներից ոմանք դեռ չեն հասկանում, թե ո՞վ է իրենց զավակների դահիճը, ո՞վ էր նրանց ամեն անգամ ուղարկում մահվան՝ հաճախ առանց սաղավարտի և զրահաբաճկոնի՝ լավ իմանալով, որ պատերազմը ընթանում է դեպի մեզ համար պայտառակ պարտության։ Սիսիանում զոհված զինվորի մայրը ծնկի է իջնում իր որդու դահճի առջև ասելով, որ որդիս շատ էր ցանկանում հանդիպել վարչապետին։  Որդին այդպես էլ չիմացավ, թե ով իրեն ուղարկեց մահվան բերան, իսկ մա՞յրը ․․․ Մայրն էլ չհասկացավ, որ ակամայից դարձավ որդու մահը քաղաքական նպատակներով օգտագործողի հրեշավոր խաղի մաս։

Պատերազմի մյուս ողբերգությունը անհայտ կորածներն ու գերիներն են։ Շահարկելով վերջիններիս ծանր հոգեբանական վիճակը, իշխող ոչնչությունները այդ մարդկանց ներշնչել էին, որ իրենց գերի ընկած որդիներին կամ հարազատներին Ադրբեջանը չի վերադարձնում Հայաստան ․․․ մեր ընդդիմության հանրահավաքների պատճառով։ Պարզապես անհնար է հավատալ, որ մարդիկ կարող են այնքան կույր լինել, որ չտեսնել, թե ի՞նչ նպատակով և ո՞վ է նման զազրելի քայլեր անում, չհասկանալ, որ այդ մարդու ամեն օր իշխանության մնալը ավելի անորոշ է դարձնում իրենց կորած կամ գերի ընկած հարազատների հետ վերադարձը, քանի որ այդ մարդը մեկուկես ամիս շարունակ ոչինչ չի ձեռնարկել այդ հարցի լուծման համար։ Եթե 2018 թ․-ի ապրիլ-մայիսի անչափահասները չէին հասկանում, թե ինչ է կատարվում և ինչի կարող է բերել «թավշյա» պետականակործան արկածախնդրությունը, ապա հիմա, այս ամենից հետո, չափահաս մարդիկ ինչպե՞ս կարող են դա չհասկանալ ․․․ Պարզապես անհնար է հավատալ, բայց փաստ է։

Բոլոր սգի և ցավի մեջ գտնվող մարդիկ տառապում են, անում են քայլեր, որոնց ճիշտն ու սխալը չեն հասկանում և միայն մի հոգի և նրա շուրջ հավաքված սրբապիղծների խմբակն է ձեռքերը շփում դրա վրա։ Միայն Նիկոլ Փաշինյանն է ոստիկանության և թիկնազորի միջոցով տրորելով զոհվածների ծնողներին բիրտ ուժող մտնում Եռաբլուր և նկարվում զոհվածների շիրիմի առջև իբր թե խոնարհված, նույնը անում Սիսիանում, անհայտ կորածների հարազատներին հրահրում բախումների ընդդիմության ցուցարարների վրա, որոնցից շատերը պատերազմի մասնակիցներ են և հերոսական էջեր են գրել այդ պատերազմում։ Միայն  Նիկոլ Փաշինյանն է՝ սգի և արյան վաշխառուն, որ անգամ պատերազմի ողբերգություններն է օգտագործում քաղաքական շահ ստանալու համար․․․

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ