Ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու և մասնավորաբար Վեհափառ Հայրապետի դեմ վաղը` դեկտեմբերի 27-ին կառավարության աջակիցներ ներկայացած անձանց պլանավորած հարձակման մասին:
Իսկ ինչու՞ է լուռ, ի՞նչ գործողություներ է ձեռնարկել ԱԱԾ-ն՝ կանխելու Մայր Աթոռի և Վեհափառի դեմ նախաձեռնած խայտառակ արշավը, որը ինչպես մամուլն էր նկատել` բացահայտ կերպով խրախուսվում է անգամ իշխանական պաշտոնյաների կողմից, ԱԱԾ-ն մինչ այս պահը ձեռնարկած և այդ օրը կատարվելիք գործողությունների մասին իր ծառայության մամուլի կենտրոնի միջոցով նախընտրեց մի լակոնիկ ու ոչինչ չասող պարզաբանում տալ Yerevan.Today-ին. «ԱԱԾ-ն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները և ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն համապատասխան գործողություններ»: Ահա այսքանն է պաշտոնապես փոխանցվել մեր լրատվամիջոցին:
Հատկաշական է Եկեղեցու վրա հարձակման բռնակոչին վարչապետի տարօրինակ լռությունը, որը, ինչպես ասում են, շատ դեպքերում համաձայնության նշան է համարվում։ Այդուհանդերձ, դիմեցինք Կառավարություն` հասկանալու` ի՞նչ դիրորոշում ունի ինքը` Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ պլանավորված ոտնձգության վերաբերյալ և արդյո՞ք պատրաստվում է վարչապետը ուղերձով դիմել իր աջակիցը ներակայացած բողոքի ակցիայի կազմակերպիչներին` թույլ չտալու ոտնձգություններ Եկեղեցու դեմ։ Երեք օր է՝ Կառավարություն մեր հարցմանը վարչապետի խոսնակը հարկ չի համարում արձագանքել՝ ներկայացնելու Փաշինյանի տեսակետը։ Մանե Գևորգյանը համառորեն չի պատասխանում մեր լրատվամիջոցի զանգերին, ստիպված եղանք կառավարության լրատվական ծառայության միջոցով մեր հարցադրումները փոխանցել, սակայն խուսափոխական վարքագծից տպավորություն է, որ վարչապետը նախընտրում է իր հրաժարականը պահանջած Վեհափառ Հայրապետի դեմ հարձակման բռնակոչերին ընդդեմ կարծիք չարտահայտել։
Նշենք, որ Եկեղեցին արդեն հայտնել է իր կարծիքը սոցցանցերում ակտիվորեն շրջանառվող տեղեկատվության՝ կիրակի օրը Էջմիածնում, Կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա իրականացնելու վերաբերյալ:
«Մեր եկեղեցականները և մեր հավատացյալները պատրաստ են դիմակայելու հակաեկեղեցական ցանկացած գործողության և ոտնձգության, Եկեղեցին հալածանքին դիմակայելու պատմական հարուստ փորձ ունի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների՝ վարչապետին ուղղված հրաժարականի պահանջը միայն ու միայն թելադրված է ազգային, պետական շահերից»,- ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է հարձակումը կնախելուն՝ դիվանապետը այսպես է պատասխանել «Եկեղեցին գործում է բոլոր նրանց համար, ովքեր այցելում են աղոթելու և մեղքերից ազատվելու: Նրանք, ովքեր կշեղվեն հոգևոր հիմնարար այս սկզբունքից, կամավորաբար իրենց դուրս կդնեն Եկեղեցուց, իսկ այդպիսի անձանց հետ Եկեղեցին հոգևոր խնամատարության և դաստիարակության այլ միջոցներ ունի»:
Նշենք, վարչապետի աջակցի նախաձեռնած Եկեղեցու դեմ բռնակոչին այսօր արձագանքել է Մայր Աթոռը և Գլխավոր դատախազությունը, իսկ ահա հասարակական կարգ պահպանող ոստիկանությունը ԱԱԾ-ի պես դարանն է մտել` սպասելու վարչապետի հրահանգներին։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը