25 12 2020

Համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը իսպառ վարկաբեկել են

Համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը իսպառ վարկաբեկել են

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «հեղափոխական» տնօրեն Հայկակ Արշամյանը կարծես քաղաքականացրել է հիմնադրամի գործունեությունը՝ այդպիսով վարկաբեկելով վստահությունը հիմնադրամի նկատմամբ:

Բանն այն է, որ Արշամյանն իրեն իրավունք է վերապահել, այսպես ասած՝ դուրս բերել հիմնդրամի գործունեությունը հոգաբարձուների խորհրդի և նախագահի վերահսկողության դաշտից՝ հավանաբար նրանց հաշվետու չլինելու նպատակով: Մինչդեռ սա նրա պարտավորությունն է, որ բխում է հիմնդրամի կանոնադրությունից:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ներառված անձինք, օրինակ՝ նախկին նախագահները, ավանդույթի ուժով և որպես հոգաբարձուների խորհրդի անդամներ իրավասու են վերահսկել հիմնադրամի ֆինանսական ողջ ելումուտը՝ ամենայն մանրամասնությամբ, իրենց հեղինակավոր կարծիքը հայտնել այս կամ այն ծրագրին, իսկ վերջում հավանություն տալ:

Ավելին, հիմնադրամի տնօրենը պարտավոր է բոլոր հաշվետվություններն անխտիր ներկայացնել ՀՀ և ԱՀ գործող ու նախկին նախագահներին, մանավանդ, որ հաշվետու լինելու համար մինչ այդ առկա է նախկին նախագահի գրավոր համաձայնությունը՝ մնալ Հիմնադրամի կողքին և ներգրավվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում և աշխատանքներում:

Այդ համաձայնությունը, պարզվում է, դեռևս 12 տարի առաջ գրավոր տրվել էր Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, երբ նա այլևս նախագահ չէր, բայց համաձայնվել էր իր դերը պահպանել Արցախը զարգացնելու Հիմնադրամի գործունեության ոլորտում:

Եվ այս հիմքով էլ նախագահ Քոչարյանը մշտապես ակտիվորեն ներգրավված է եղել հիմնադրամի գործունեությանը թե՛ բացահայտ կերպով և թե՛ ամենամյա մարաթոնների ժամանակ, ի մի բերած կապերը ծառայեցելու տարբեր ուղիներով:

Հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը հաստատեց Yerevan.Today -ի տեղեկատվությունը։ Ստացվում է՝ մինչև հեղափոխությունը նախագահ Քոչարյանին մշտապես ներկայացվել է ֆինանսական ողջ ելումուտի և իրականացված ծրագրերի հաշվետվությունները: Արա Վարդանյանի վստահեցմամբ՝ անկախ կարգավիճակից՝ բոլոր նախկին նախագահներին է հիմնադրամի հաշվետվությունը ուղարկվել:

Ուրեմն ինչո՞ւ է այս կապն արհեստականորեն խզվել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ո՞ւմ նախաձեռնությամբ, ինչի՞ հիման վրա և ո՞վ է այդ իրավունքը տվել հիմնադրամի տնօրինությանը։ Եվ վերջապես, ինչո՞ւ էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը հանվել Հիմնադրամի պաշտոնական կայքում հոգաբարձուների խորհրդի կազմից: Այս փաստերի հետքերով փորձեցինք «Հայաստան» համահայկական հիմնադրամից պաշտոնական պարզաբանումներ ստանալ: Տնօրեն Հայկակ Արշամյանը հիմնադրամի փողերի «անհետացման» շուրջ մեր աղմկահարույց բանցահայտումից հետո կատեգորիկ հրաժարվում է պատասխանել մեր հարցադրումներին։ Որևէ կապով նրա հետ խոսել այդպես էլ չհաջողվեց: Հարկադրաբար դիմեցինք հիմնադրամի մյուս պաշտոնատար անձանց, ովքեր իրենց գործառույթներով առնչվում են հիմնդրամում կայացվող  առանցքային նշանակության որոշումներին:

Նրանցից երկուսը խոստովանեցին, որ այո, հենց քաղաքական մոտիվացիայով է Ռոբերտ Քոչարյանի գործոնն հնարավորինս նվազեցվել հիմնդրամի վրա, վերջին շրջանում (ակնհայտ է՝ վերահսկողական․ լր․)։ Իսկ ինչո՞վ է դա պատճառաբանվում, և ի՞նչ իրավունքով հիմնադրամի հաշվետվությունը չի ներկայացվում նախագահներին, այս հարցին ամենաաբսուրդային պատասխանը հնչեց նրանցից․ «Որովհետև նախագահ Քոչարյանը գտնվում էր կալանավայրում»: 

Այսինքն, պատասխանի տրամաբանությունն այն է, որ նախագահ Քոչարյանն ընդամենը քննության փուլում գտնվելով կալանք խափանման միջոցի տակ, ընդամենը չունենալով ուղիղ կապ, արդեն բավարար է, որ հաշվետվութուններ չստանա։ Չնայած որ ունի գրասենյակ, փաստաբաններ, որոնք ամենօրյա կապի մեջ են։ Հեռավար կապ գոյություն ունի, միջնորդավորված կապ գոյություն ունի։ Նույն տրամաբանությամբ, հաշվետվություն չպետք է ներկայացվեր Հոգաբարձուների խորհրդի անդամ բոլոր արտասահմանցի բարերարներին, չէ՞ որ նրանք ևս ֆիզիկապես երկրից դուրս են և մշտապես բիզնես-գործունեությամբ գտնվում են աշխարհի տարբեր վայրերում:

Այս մեկնաբանությանը հիմնադրամի ներկայացուցիչները պատասխան չունեցան:

Ուստի հասկանալի է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի մեկուսացումը իշխանությունն ապահովել է բոլոր առումներով և բոլոր ոլորտների հետ, ու գուցե այն հաշվարկով, որ նա չխոչընդոտի Արցախի հողերի ճակատագիրը որոշելու պրոցեսներին, անգամ այդ օրերին արցախցում անվտանգության քողի տակ հանգանակված գումարների ծախսերին:

Համենայն դեպս, իրադարձությունների հետագա զարգացումները սա են հուշում:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ