Պատերազմի ավարտից և Արցախի կապիտուլյացիայից հետո մենք շարունակում ենք տարածքներ հանձնել: Օրեր շարունակ սյունեցիները ահազանգում են, որ թշնամին հասել է իրենց տուն, սպառնալիքի լեզվով է խոսում, վերջնագրեր է ներկայացնում և որ կարևոր է, իրենք չեն իմացել որ այդպես պետք է լինի: Բայց արի ու տես, իշխանավորները «դուխով» ասում են, որ ՀՀ տարածքից մի մետր չի զիջվելու և նույնքան «դուխով» զիջում են: Արդեն իսկ Շուռնուխի և Որոտանի որոշ հատվածներ հանձնել են թշնամուն: Փաշինյանն իր հերթին ասում է, դե ցավոտ է, բայց պետք է անենք կարևորը, որ տնից զրկված քաղաքացիներին կփոխհատուցենք:
Օրեր առաջ էլ Սյունիք այցի ժամանակ, երբ անհասկանալի սահմազատումներն էր փորձում բացատրել, Փաշինյանը նախ հղում արեց 2010 թվականի ինչ-որ փաստաղթղթի և ասաց. «Որովհետև մեր օրենքով գրված է, որ մեր սահմանը սա է։ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է։ ՀԱՊԿ–ը մեզ ասում է, որ ձեր սահմանը սա է և դուք եք նկարագրել այն։ Մենք ձեր սահմանից դուրս ո՞նց կարանք միջամտություն անենք»:
Դժվար է մեկնաբանել Փաշինյանի այս հայտարարությունը, դժվար է, առհասարակ, հասկանալ, թե ինչ արագությամբ և ինչու են ՀՀ տարածքները մետր առ մետր հանձնվում թշնամուն, բայց առաջ են գալիս գործիչներ որոնք ոչ միայն հասկանում են, այլ նաև նորմալ են համարում այն, ինչ կատարվում է և հոժարակամ քարոզչություն են անում, ադրբեջանական շահերից բխող թեզերը:
Օրինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սյունեցի Կարեն Համբարձումյանն անդրադառնալով կատարվածին ասում է. «Սյունիքի մարզում, իմ տվյալներով, ոչ մի արտառոց խնդիր չկա։ Եթե Որոտանին կից կան վարելահողեր, որոնք այլ պետության տարածք են և Որոտանի բնակիչները օգտագործում են դրանք դա չի նշանակում որ Որոտան համայնքի հողակտոր է: Կոչ եմ անում հետայսու Սյունիք հետ կապված էդքան չդնենք-վեկալենք»։
Իսկ, օրինակ, շատ պատգամավորներ, որ մեկ տարի առաջ հենց նույն Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել/տեղացիները ծեծի էին ենթարկել մի խումբ ԼԳԲՏ անձանց/, շտապում էին հայտարարություններ անել, դատապարտել, անհանդուրժող որակել այդ մարդկանց: Հիմա, Շուռնուխ գյուղում շուրջ 20 ընտանիք զրկվում է տնից, թշնամին գալիս է և մադրկանց իրենց տունը լքելու համար ժամանակ տալիս, քար լռություն է: Ոչ ոք ասելու ոչնչի չունի:
Կատարվողն արդարացնող փաշինյանամերձ տարբեր անձինք այս օրերին ևս ակտիվացել են:
Արցախի հերոս, ՀՀ ազգային հերոս, Արցախյան հաղթանակների ակունքներում կանգնած, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, հարցազրույցի ժամանակ ասում է, որ Շուռնուխը ադրբեջանական գյուղ է․ «Հիմա, երբ որ այս խնդիրը հետ է վերադարձել, այդ 7 շրջանը հետ պիտի վերադարձնենք, քարտեզով դա (Շուռնուխ) իրենց գյուղն է, ու եթե վաղն իրենք գալիս են իրենց գյուղ՝ դա չի նշանակում, որ մենք Գորիսը տվեցինք»: «7 շրջանները պիտի վերադարձնենք․․․» նշանակում է, որ ինքը համարում է, որ 7 շրջանները, ժամանակին խլե՞լ ենք Ադրբեջանից, այլ ոչ թե ազատագրել։ Հետաքրքիր է, այդ ո՞վ է «խլել» ըստ Արամ Սարգսյանի։ Ազատագրողներից մեկն եղել է Արամ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը։ Հիմա, այս մարդը իր եղբորը համարում է ռազմական հանցագո՞րծ՝ ինչպես ադրբեջանցիներն են համարում, որովհետև եթե գրավել ենք, այլ ոչ ազատագրել, ուրեմն ուրիշի տարածքը գրավելը հանցագործություն է։ Այստեղ հիշում ենք, թե ինչ հանգստությամբ էր Սարգսյան կրտսերն ընդունել Շուշիի հանձնումը, և եղբոր արձանը պղծելը, ստացվում է, որ Արամ Սարգսյանը իր եղբոր անվան և շողքի տակ ապրելով, անունն օգտագործելով՝ պատեհ-անպատեհ, կյանքի գործի առումով լրիվ հակառակ սկզբունքներն ունի, ավելի ճիշտ կլինի ասել որ սկզբունք առհասարակ չունի, քարոզում է այն ինչն ասում են։
Մեկ այլ իշխանական քարոզիչ՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել․ «Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»: 10 րոպեում Արմեն մարտիրոսյանն այնքան հայհոյանք հավաքվեց, որ ջնջեց գրառումը, հետո հանդես եկավ սա արդարացնող գրառմամբ, 15 րոպե անց ավելի շատ հայհոյանք հավաքեց ու ստիպված եղավ ջնջվել ֆեյսբուքից։ Սա հույս տվեց մտածելու, որ քիչ են նման ապազգային տարրերը, Սյունիքն ու Արցախը թուրքի հող համարողները։ Բայց, ցավոք, քիչ են, բայց կան։
Այն, որ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ Սիսիանից այն կողմ անցնել, կառավարության նիստերն անում է շրջափակված մուտքերով, Եռաբլուր գնում հարյուրավոր թիկնապահներով, այն, որ Արմեն Մարտիրոսյանը իր գրառումից րոպեներ անց ստիպված է լինում ջնջել ֆեյսբուքյան էջը՝ տեղացող հայհոյանքների և նախատինքների հետևանքով, ցուցիչ են, որ հանրությունը հակառակի սպասումն ունի, այլ կարծիք ունի:
Նման կարծիք արտահայտողներ մեր հասարակության մեջ եղել են, դա նորություն չէ, բայց հենց դրա պատճառով էր, որ նրանք առերեսվեցին իրականությանը և հեռացան իշխանությունից: Հիշեցնեմ՝ դեռ պատերազմի հետքը շատ թարմ էր՝ 90-ականներին, երբ տերպետրոսյանական իշխանությունը պնդում էր, որ պետք է Արցախը հանձնենք, որ լավ ապրենք։
Իսկ հիմա իշխանության ղեկին շարունակում են մնալ մարդիկ, որոնք ոչ միայն Արցախը, այլ արդեն Հայաստանի տարածքներն համարում են ադրբեջանական, խոսում են արդարությունից և առանց մի պահ վարանելու, դրանք հանձնում են:
Հարց է առաջանում՝ մինչև ո՞ւր են պատրաստվում գնալ և որ ամենակարևորը՝ արդյո՞ք համաձայն եք այն ամենի հետ, ինչ կատարվում է, ինչ կատարվելու է վաղը, երբ ինչ-որ կասկածելի նոր փաստաթղթով հասնեն ձեր տուն։ Եթե ոչ, մինչև ե՞րբ եք պատրաստվում հանդուրժել:
Որոշեք ինքներդ:
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը