22 12 2020

Ինքնաբերաբար տեղի է ունենում լյուստրացիա և սահմանազատում

Ինքնաբերաբար տեղի է ունենում լյուստրացիա և սահմանազատում

«Սողացող պատերազմի»՝ հետկապիտուլյացիոն այս գահավիժման օրերին մեր երկրում և, եթե դեռ կարելի է ասել՝ հասարակության ներսում տեղի է ունենում որոշակի սահմանազատում կամ՝ ինքնաբերաբար լյուստրացիա: Եվ Հայաստանի ու հայության համար իսկական չարիք դարձած Նիկոլ Փաշինյանը որքան ավելի է ձգում իր իշխանության չարաղետ տևողությունը, այնքան ավելի հստակ է ընդգծվում սահմանազատումը, այնքան ավելի որոշակի է դրսևորվում նշված լյուստրացիան:

Տվյալ դեպքում նկատի ունենք այն, որ նոյեմբերի 9-ից սկսած, ամեն օր բացահայտվել են կոնկրետ գործիչներ և շրջանակներ, որոնք ինչպես ուղղակիորեն, այնպես էլ՝ անուղղակիորեն աջակցել և աջակցում են Նիկոլ Փաշինյանին, ծառայում են նրան, սպասարկում են նրա ու նրա կորստաբեր «քայլաթմի» խմբակային ու անհատական շահերը: Դա, այո, որոշակի բացահայտում է, որը տեղի է ունենում ինքնաբերաբար, և որից կոշտ ու խիստ հետևություններ պետք է անի Հայաստանի ցանկացած հաջորդ իշխանություն, անկախ այն բանից, թե որ ուժը կգա իշխանության կամ ով կլինի պետության ղեկավարը:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին, կեսգիշերին մոտ, ժողովրդի թիկունքում, ըստ էության՝ միանձնյա ստորագրել է Արցախը թշնամուն հանձնելու, ինչպես նաև՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտող ու երկրի, ՀՀ քաղաքացիների կյանքի անվտանգությունը խաթարող խայտառակ և նվաստացուցիչ կապիտուլյացիա, բոլորը ունեին և ունեցել են ընտրության հնարավորություն:

Ընտրությունը, ըստ որում, երբեք այդքան պարզ չի եղել, քան նոյեմբերի 10-ից սկսած: Բոլոր նրանք, ովքեր շարունակում են մնալ ու մնում են Փաշինյանի կողքին ու նրա գլխավորած իշխանության մեջ, նույնպիսի կապիտուլյանտ և հողատու են, ինչպես «իրենց սրտի Նիկոլը»:

Այս շարքում պետք է առաջին հերթին նշել Փաշինյանի գլխավորած կառավարության բոլոր նախարարներին, այդ թվում՝ նոյեմբերի 9-ից մեկ շաբաթ, 10 օր անց հրաժարական տվածներին: Նաև, իհարկե, փոխնախարարներին: Նաև, բնականաբար, նորանշանակներին: Հաջորդը, իհարկե, Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊԿ-ն է, հարկավ՝ խորհրդանշական հապավմամբ (ՔՊ – քանդել պետությունը, այլ ոչ թե՝ քաղպայմանագիր, ըստ էության) կուսակցության ղեկավար ամբողջ կազմը, գումարած՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ամբողջ կազմը:

Որոշակիորեն «լյուստրացված» են նաև ուժային բլոկի գերատեսչությունների անխտիր բոլոր ղեկավարները, ոստիկանապետ, պաշտպանության նախարար, ԱԱԾ տնօրեն, ԳՇ պետ և այլն:

Հաջորդն այս շարքում Փաշինյանի համար  «խաղացածներն» ու «խաղացողներն» են, ի դեմս պայմանական ասած «սոսրոսյուգենդի» ամբողջ կազմի՝ սորոսական սնուցմամբ բոլոր այսպես կոչված՝ ՀԿ-ները: «Լյուստրացված» պետք է համարել նաև արմանբաբաջանյանական, ստյոպասաֆարյանական կարգի գործիչներին, այդ թվում՝ նրանցից ոմանց կողմից ղեկավարվող ապատեղեկատվության միջոցները, բնականաբար, չմոռանալով «հայտնի ՊՈԱԿ-ի», Հ1-ի, «Ազատության» և զուգահեռ աճեցված որոշակի «թի-վի»-ների ու այլ ընդգծված քարոզչառեսուրսների մասին:

Միաժամանակ, անհրաժեշտ է հետևություններ անել նաև որոշակի քայքայիչ աղանդների ու աղանդապետերի հետ կապված, որոնք ևս բացահայտվեցին (առանց այն էլ՝ բացահայտ էին):

Էական է չմոռանալ ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանի մասին, որքան էլ որ նա, ի վերջո, խոսեց Փաշինյանի հեռանալու անհրաժեշտույթան մասին, չափազանց շատ հարցեր կան:

Քաղաքական ուժերի շարքում լյուստրացիան՝ տվյալ դեպքում  ևս շատ պարզ ու արագ տեղի ունեցավ. բոլոր այն «մարդ-կուսակցությունները», որոնք շտապեցին հանդիպել ԱԺ քայլական նախագահ Արարատ Միրզոյանի հետ, հանգիստ կարող են համարվել Փաշինյանի «խաղը տանող»:

Նույն կերպ, այդ «խաղի» մեջ է նաև ԼՀԿ-ն, առավել ևս՝ «դասական» Էդմոն Մարուքյանը:

Բայց միայն թվարկումը չէ հարցը: Հարցն այն է, որ ցանկացած հաջորդ իշխանություն պետք է որոշակի քայլեր ու միջոցներ ձեռնարկի նշված գործիչների, ուժերի, շրջանակների հետ կապված: Հասկանալի է, որ խոսքը կամայկանության մասին չէ, այլ քաղաքական, իրավական, օրենսդրական գնահատականների ու դրանց վրա հիմնված կոնկրետ ու կոշտ քայլերի, որոնք տարբեր կարող են լինել, սկսած որոշակի տեսակի գործունեության արգելքից, ժամանակավոր սահմանափակումից, վերջացրած հասարակական հրապարակային պարսավանքով:

Դա անհրաժեշտ կլինի անել ոչ թե ու ոչ այնքան այն պատճառով, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկ ուրիշի հանդեպ չարություն կամ քեն ունի: Ո՛չ: Դա անհրաժեշտ կլինի անել զուտ այն բանի համար, որ Հայաստանը առաջընթացի ինչ-որ շանս ստանա՝ մաքրվելով կամ ազատվելով աղանդավորա-սորոսական, ադրբեջանաթուրքական բալաստից, որն այդպես հետևողականորեն այս օրերին ակտիվորեն բացահայտեց ինքը՝ Նիկոլ փաշինյանը կամ նրանք ինքնաբացահայտվեցին սեփական նախաձեռնությամբ: Դա անհրաժեշտ է նույնքան, որքան անհրաժեշտ է Պետական հատուկ հանձնաժողովով կամ Քննչական հատուկ խմբով կատարվածի քննությունն ու, այսպես ասենք՝ «համազգային քննությունը»:

Սա հասարակությանը միտումնավոր «սև-սպիտակի» բաժանել չէ, ինչպես արեց Փաշինյանը: Սա սահմանազատում է, որ տեղ ունեցավ ինքնըստինքյան, բնականորեն: Կա՛մ դու դավաճան բնորոշվող կապիտուլյանտի կողքին ես ու նրան հավասար վերաբերմունքի արժանի, կա՛մ դու Հայաստանի ու հայության կողմում ես՝ հանուն ապագայի և գոյության:

Ամեն ինչ չափազանց պարզ է: Պարզ չէ միայն հարցը, թե երբ և ինչպես կազատվենք փաշինյանական գահավիժապետումից, և կհասցնե՞նք արդյոք:

Արմեն Հակոբյան   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ