Այս օրերին թերևս ամենից տարածված փաշինյանական քարոզչաթեզն այն է, թե՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ընդունելով, Նիկոլ Փաշինյանը փրկեց Արցախում այդ պահի դրությամբ եղած զինվորներին, սպաներին, կամավորականներին: Ըստ որում, հայկական զինուժի փրկված անձնակազմի վերաբերյալ ինքը՝ «գերագույն» կապիտուլյանտը խառը տվյալներ է ասել: Մի դեպքում խոսեց 15 հազար զինվորների ու սպանելի մասին, հետո արագորեն այդ թիվը դարձավ 20-25 հազար, մեկ անգամ նույնիսկ 30-35 հազար զինվոր ու սպա ասվեց:
Այսինքն, ըստ այս քարոզչաթեզի, Արցախում մի ամբողջ զորք կամ ռազմական տարբերակով ասված՝ բանակ է փրկվել, իսկ Փաշինյանն էլ, համապատասխանաբար՝ փրկիչ է: Ու այս թեզը, ասես՝ ապուշացման տրանսի մեջ ընկած կամ զոմբիական հիպնոսի տակ մնացած կրկնում են բազմաթիվ հայրենակիցներ: Երեկ էլ, օրինակ, պատահաբար մի ծանոթի ու զինվորական համազգեստով մի անծանոթի հանդիպեցի: մեկը նշեց, որ կամավորական է եղել, կրկնելով, թե՝ «էդ թուղթը ստորագրելով, Փաշինյանը մեզ փրկեց...», երկրորդը՝ մոտավորապես նույնը:
Բացի այն, որ Փաշինյանի ձևակերպած ու իր՝ ծաղրանկարային-գեբելսյան քարոզչությամբ տարածվող այդ թեզը պրիմիտիվիզմ է ու անհեթեթ, այն նաև մանիպուլյատիվ է ու, իր խորքում՝ բավականին նենգ:
Բնականաբար, ոչ մի նորմալ մարդ, առավել ևս հայ մարդ չի կարող ուրախ չլինել, որ պատերազմի դաշտից իր հազարավոր հայրենակիցներ ողջ են վերադարձել: Բայց, օրինակ, կամավորական զինվորագրված և հիմա փաշինյանական «փրկչական» անհեթեթությունը կրկնող իմ հայրենակիցներին ուղղված անխուսափելի հարց է ծագում.
-Տղե՛րք, դուք անձնապես ձեր կյանքը փրկելո՞ւ համար էիք զինվորագրվել, թե՞ Հայրենիքը փրկելու: Բնականաբար՝ երկրորդը: Այդ դեպքում ինչո՞ւ եք շարունակ ձեր կյանքը փրկելու պահը այդքան շեշտում:
Ձեզ հետ ուրախ եմ, որ փրկվել եք, իսկ ի՞նչ կասեք, տղերք, ձեր կողքին կռված, ձեզ հետ եղած հազարավորների մասին, որոնք չեն փրկվել, այլ զոհվե՛լ են: Ըստ որում, հարյուրավորներ ու էլի հարյուրավորներ զոհվել են ամենավերևից եկած անհասկանալի, հակասական, բավարար չափով չհիմնավորված հրամանների, սխալ տեղում հայտնվելու, սխալ զորաշարքով շարժվելու հետևանքով: Բա նրանց չփրկված կյանքերի մասի՞ն ինչ կասեք: Հատկապես մեր այդ զինվորների ծնողներին և հարազատներին: Կարո՞ղ եք նույն բանը, թե՝ «ապրի Փաշինյանը, մեր կյանքը փրկեց», կրկնել ձեր ու մեր այդ որդեկորույս կամ այրիացած հարազատների աչքերին նայելով:
Այս բարոյահոգեբանական ծանր հարցում թող ամեն մեկը իր մեջ, իր ընկալունակության և արժեհամակարգի սահմաններում կողմնորոշվի:
Շատ կոնկրետ և ռացիոնալ մտածողության տեսանկյունից դիտարկենք խնդրո առարկա փուչ քարոզչաթեզը` հասկանալու համար՝ Փաշինյանն ո՞վ է. փրկի՞չ, թե՞ կործանիչ: Չնայած, այդ փուչիկ-թեզը չի դիմանում նույնիսկ հպանցիկ քննադատական մոտեցման, քարուքանդ է լինում անգամ թեթևակի տրամաբանական դիտարկման դեպքում:
Ամենից առաջինը. եթե Նիկոլ Փաշինյանի համար իսկապես թանկ էր Հայոց բանակի ամեն մի զինվորի կյանքը, որ նա այդպես կուրծք է ծեծում, թե՝ 45-րդ օրը անվերապահ կապիտուլյացիայի ակտով պատերազմը դադարեցնելով փրկել է 20-25 հազար կյանք, ապա ինչո՞ւ էր նա վարում ամեն կերպ պատերազմը մոտեցրած, պատերազմն անխուսափելի դարձրած արտաքին քաղաքականություն: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարվա ընթացքում հետևողականորեն արեց ամեն ինչ, որպեսզի Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը զրոյանա, իմաստազրկվի և, ի վերջո, պատերազմը մնա միակ տարբերակը:
Ինչո՞ւ էր Փաշինյանը ամեն գնով գնում պատերազմի, մանավանդ, եթե դեռևս հունիսին իր նշանակած, իր համերկրացի ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը շատ կոնկրետ վերլուծությամբ նախազգուշացրել էր, թե դա ինչ կարգի ու ինչ այլ ուժերի, կոնկրետ՝ Թուրքիայի ներգրավմամբ պատերազմ կարող է լինել:
Շարունակենք: Նախ, զուտ փաստեր: Հաստատուն փաստեր:
Պատերազմն սկսվել է սեպտեմբերի 27-ին: Սեպտեմբերի 30-ին կամ պատերազմի 4-րդ օրը նույն ԳՇ պետը Անվտանգության խորհրդի նիստում, անմիջապես Փաշինյանիններկայացրել է պատերազմի դաշտում տիրող իրական վիճակը (էն Արծրուն Հովհաննիսյանի միջոցով հանրությանը մոլորության մեջ գցող հորինվածքները չէ) և, ուշադրությո՛ւն. »...նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում, այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում, մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Ասե՞լ է: Ասե՛լ է:
Ես չեմ, դուք եք, եթե Նիկոլ Փաշինյանի հոգսն ու ցավը մեր զինվորականների կյանքերը փրկելն էր, ինչո՞ւ նա ոչ միայն ոչինչ չի ձեռնարկել, ԳՇ պետի՝ պրոֆեսիոնալ կադրային զինվորականի ու գեներալի հորդորը իրականացնելու համար: Չի ձեռնարկել ոչինչ, քանզի ակնհայտ է պատերազմի շարունակվելու իրողությունը:
Ավելին, ՌԴ նախագահ Պուտինը պաշտոնապես ու հրապարակավ հայտարարեց. հոկտեմբերի 19-20-ին ինքը համոզել է Ալիևին, որ դադարեցվեն ռազմական գործողությունները: Բայց ի զարմանս Պուտինի, Փաշինյանը մերժել է պատերազմական գործողությունները դադարեցնելու առաջարկությունը:
Դա անհերքելի փաստ է: Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը հակասական ու ապուշ «կռուտիտներ» ներկայացնի, առաջին հերթին հենց ի՛նքն է կրում անմիջական պատասխանատվություն՝ նման ռեալ իրավիճակում նման հիմար որոշում կայացնելու և պատերազմը չդադարեցնելու համար:
Առավել ևս, դիտարկվող «փրկչական» թեզի տեսանկյունից, նրա արարքը ուղղագծորեն հակասում է նրա հայտարարություններին, թե 45-րդ օրը կապիտուլյացիայի գնաց, որ գոնե 20-25 հազար զինվորականների կյանքը փրկի:
Էհ, պատերազմի 24 կամ 25-րդ օրը կռիվը դադարեցնելու համաձայնություն թող տար, եթե նրա ամբողջ նպատակը զինվորների կյանքը փրկելն էր: Առավել ևս, որ այդ ժամանակ պատերազմադադարի պայմանները չէին լինելու այն բացարձակ խայտառակությունն ու կործանարար ակտը, որը ժողովրդի թիկունքում, միանձնյա, գիշերով ստորագրել է նոյեմբերի 9-ին:
Դե հիմա, թող որևէ մեկը, ում գանգատուփում դատարկություն չէ, ինքնուրույն պատասխանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը փրկի՞չ է, կյանքե՞ր է փրկել, թե՞ 18-20, 20-25, 25-30 տարեկաների սերունդների ճակատագրերն ու կյանքերն է կործանել:
Արդեն մեկ ամսից ավել ժամանակ է անցել պատերազմական գործողությունների դադարեցումից, բայց «փրկիչ» Փաշինյանի կառավարույթունը այդպես էլ չի ասում, թե կոնկրետ քանի՞ զոհ ենք ունեցել, քանի՞ վիրավոր: Ոչ պաշտոնապես շրջանառվում է մոտ 4500 զոհված, ավելի քան 10000 վիրավոր, ու դեռ անհայտ է, թե որքան անհայտ կորած և գերեվարված զինվորներ ու սպաներ: Հայաստանի քաղաքացիներ, հայեր...
Ու ազգի և պետության գլխին նման ողբերգական հետևանքներ, նման համակողմանի աղետ բերած սուբյեկտին դուք դեռ համարձակվում եք ասել... փրկի՞չ: Ո՞ւմ եք ուզում խաբած լինել, ինքներդ ձե՞զ...
Փրկի՞չ: Ո՛չ:
Նիկոլ Փաշինյանը Հայրենիքի ու բանակի կործանի՛չ է: Նենգ ու ստոր խառնակի՛չ: Ստախո՛ս: Եվ սերունդների զոհողությունների ու կյանքի գնով ձեռք բերած-ստեղծածի ավերի՛չ:
Ահա՛, թե ինչ անձնավորության եք փորձում պաշտպանել, երբ հիպնոսացած կրկնում եք նրա ու իր քարոզիչների ասած հիմարությունները: Լավ, Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանաթիմը սպասարկում է Ալիևի և Թուրքիայի շահերը: Իսկ դո՞ւք ովքեր եք. Թշնամու առաջ նվաստացածի առաջ կռացողնե՞ր:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը