30 11 2020

Ո՞րն է Спасибо России պաստառից խրտնածների նպատակը

Ո՞րն է Спасибо России պաստառից խրտնածների նպատակը

Եթե շատերին թվում է, որ Արցախն ու Հայաստանը անվտանգ են, ապա չարաչար սխալվում են։ Եվ խոսքն ամենևին էլ արտաքին վտանգի մասին չէ, որը ոչ միայն չի թուլացել, այլ ավելացել է։ Դրան զուգահեռ, մեր երկիրն ու ժողովրդին ներկա տագնապալի վիճակին հասցրած ուժերը նոր հարձակման են անցել։ Քարոզչական հարձակումն իրականցվում է երկու ուղղությամբ՝ միմյանց հակադրել հայ ժողովրդի երկու հատվածներին՝ բաժանելով հայաստանցիների ու արցախցիների և արցախցիներին մեղադրել անշնորհակալության մեջ՝ հակառուսական հիստերիայի հերթական ալիքը բարձրացնելով։ Անցնող օրերին իշխանության կողմից ստեղծված սոցացնցային տարատեսակ էջերի և ֆեյքերի, սորոսական շրջանակների, ամերիկաներից և այլ վայրերից վայրահաչող դոգերի ու քիսոների թիրախը դարձել էր Ստեփանակերտում դպրոցի բացման լուսանկարը։ Լուսանկարում դպրոցի մուտքին փակցված էր Спасибо России գրառմամբ պաստառը, իսկ դպրոցականներից մեկի մոտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարն էր։

Վերոնշյալ շրջանակները փորձում են իրենց կեղտոտ արշավը հիմնավորել հետևյալ կերպ՝ «փոխանակ հայ զինվոներին շնորհակալություն հայտնեն, Ռուսաստանին են հայտնում»։ Ֆեյսբուքյան «պոզիտիվ» էջում էլ գրում են, թե արցախցիները «ռուսից փող չեն վերցնում, բայց զինվորին ջուր չեն տալիս»։ Եվ այս դատարկ նախադասությունը «արձանագրում են» որպես «փաստ», իսկ 2 հազար «մարդ» էլ կուրորեն հավատում և հավանություն է տալիս այդ զրպարտությանը։ Հիմա՝ ըստ էության։

Արցախցիները շնորհակալություն են հայտնում Ռուսաստանին, և դա շատ տրամաբանական է։ Ներկա պահին նրանց անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են, այլ ոչ թե վայրահաչող արևմուտքի սպասարկուները։ Ի դեպ, Ռուսաստանը պարտավոր չի եղել Արցախում մարդկանց կեցությունը բարելավել՝ գազ ու հոսանք անկացնել, վերականգնողական աշխատանքներ, ականազերծում անել, 2 մլն դոլար հատկացնել գերիների և զոհվածների հայտնաբերման և փոխանակման համար և այլն։ Եվ այդ ամենի վերահսկողությունը իրականացվում է նախագահի մակարդակով։ Ռուսաստանի ստանձնած պարտավորությունը միայն խաղաղապահ զորքեր մտցնելն է եղել, որով փրկվել է Արցախի՝ դեռևս հայկական մնացած հողակտորը և պահպանվել Արցախը հայկական պահելու հույսը։ Սա թող նկատի ունենան Ռուսաստանի նախագահի նկարը պահելուց խիստ վիրավորվածները։ Նաև չմոռանան, թե ինչպե՞ս ավարտվեց պատերազմը, ո՞ւմ մեղքով նման ավարտ ունեցավ, ի՞նչ տարածքային և մարդկային կորուստներ ունեցանք, ի՞նչ վտանգներ են ստեղծվել արդեն անմիջապես Հայաստանի անվտանգության համար, ապա իրենց «հպարտությունը» արտահայտել՝ մեկնելով Արցախ մշտական բնակության։ Ավելին, այսօր ոչ միայն Արցախը, այլև Նիկոլ Փաշինյանի կողմից աղետի հասցված Հայաստանն է զգում Ռուսաստանի ավելի մեծ աջակցության կարիքը։  

Հայ զինվորներին շնորհակալություն  հայտնելու մասին։ Ողջ հայ ժողովուրդն է շնորհակալ հայկական բանակին՝ զինվորներին և սպաներին։ Սակայն ի՞նչ կապ ունի դա Ռուսաստանին շնորհակալություն հայտնելու հետ, ինչո՞ւ են ճգնում հակադրել հայ զինվորին և Ռուսաստանին՝ արցախցուն մեղադրելով անշնորհակալության մեջ։ Տեսեք, թե միանգամից քանի՞ թիրախ են հարվածում։ Արցախցիների վերաբերմունքը հայ զինվորի նկատմամբ տեսել են բոլոր նրանք, ովքեր զինծառայության մեջ են եղել մեր հայրենիքի այդ չքնաղ հատվածում։ Արցախցիների հյուրընկալությունը, նվիրումն ու ազնվությունը հայտնի է բոլորին։  Նրանք բնական պատվար էին ադրբեջանական ագրեսիայի դեմ և նրանց շնորհիվ է, որ 26 տարի Հայաստանի Հանրապետության սահմանները եղել են անվտանգ և հեռու կրակոցներից ու ռազմական գործողություններից։ Հիմա նրանց մեղադրում են անշնորհակալ լինելու մեջ սեփական երկրի դեմ աշխատող տարատեսակ ոչնչությունները։

Միանշանակ է, որ սա նոր մարտահրավեր է մեր՝  առանց այն էլ ծանրագույն վիճակում գտնվող երկրի համար։ Հետևաբար, չափազանց կարևոր է ակտիվորեն հակազդել վերոնշյալ քարոզչական արշավին, բացահայտել դրա դավաճանական էությունն ու թույլ չտալ մարդկանց զանգվածային հիպնոսացման և ինքնաոչնչացման նոր սեանսի իրագործումը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ