Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ փաշինյանական քարոզչական թեզերը նախատեսված են բացարձակապես պարզունակ, մտածելու բնական կարողությունից զուրկ, թութակային լեզվամտածողական, ավելի ճիշտ՝ լեզվավերարտադրողական մեխանիզմ ունեցող «պողոսների» համար:
Վերցնենք այս օրերին բավականին հաճախ հանդիպող այնպիսի «թեզ», ըստ որի, ստորացուցիչ պարտվողագիր ստորագրած փաշինյանի ու նրա «թավշյա» թափոնի հեռացումը պահանջող կուսակցություններն ու գործիչներն ընդամենը... «իշխանության են ձգտում»: Երբեմն այդպես էլ ասում են՝ «դե աթոռակռիվ է, էլի»:
Հասկանալի է, իհարկե, թե ինչ հաշվարկով է փաշինյանի գեբելսային քարոզչությունը ֆեյքաբուծարանի թութակների միջոցով տարածում այս և նմանօրինակ կաղապարներ: Խնդիրը հստակ է. տեղի ունեցածի հարուցած բնական ու անխուսափելի ցասումը, վրդովմունքը, ձախավեր ու կապիտուլյանտ իշխանության առնվազն հեռացուման պահանջը խեղաթյուրել ու հանգեցնել ընդամենը «աթոռակռվի», այդպիսով մարդկանց փորձել հետ պահել փողոց կամ հրապարակներ ելնելուց:
Հասկանալի՞ է, չէ, որ եթե վաղը, մյուս օրը հրապարակում հավաքվի 50 կամ 100 հազար, էլ չենք ասում՝ 200 հազար քաղաքացի, ապա փաշինյանի «թավշյա» խարխլված կլոունաբուրգը կփլուզվի, փաշինյանի վարձած կրիմինալ ավազակախմբերն ու դանակահարող ստահակներն էլ նրան չեն փրկի:
Բայց վերադառնանք բուն քարոզչական թեզին, թե՝ հրապարակ ելած ուժերը սոսկ իշխանության են ձգտում:
Այդ թեզը ինքնին անհեթեթ է այն պարզ պատճառով, որ քաղաքականության մեջ մտած ցանկացած կուսակցություն և ուժ ձգտում է իշխանության: Քաղաքական պայքարի մեխանիզմն է դա, առհասարակ: Բայց սա դեռ մի կողմ:
Ապրիլ, 2018 թվական, Երևանում օր՝ օրի ծավալվում է Նիկոլ Փաշինյանի հրահրած «թավշյա, անարյուն, ոչ բռնի հեղափոխության» (իրականում՝ հեղաշրջման) ընթացքը: Դեռ ամսի 15-16-ն է, օրինակ: Փաշինյանն ու նրան միացածները, քայլողներն ու վուվուզել փչողները, ոչ մեկը չի խոսում այն մասին, որ իրենք ձգտում են իշխանության, ոչ մեկը չի ասում, թե սա աթոռակռիվ է ընդամենը:
Հակառակը, հիմնական կարգախոսըգործող իշխանության, կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի հեռացումն է, կհիշեք՝ «Մերժի՛ր Սերժին»: Ոչ մի խոսք այն մասին, որ «Սերժին մերժելու» ամբողջ նպատակը այն է, որ հենց նա՛, երկուսուկես տարի անց ընդհանուր նզովքի արժանացող և Արցախը թուրքին տված, Հայաստանի մնացյալ մասն էլ լինել-չլինելու վտանգի առաջ դրած Նիկոլ Փաշինյանը վարչապետ կամ պետության ղեկավար դառնա:
Դա խնամքով թաքցվում է Նիկոլի ետևից ընկած, աստիճանաբար կռապաշտության մեջ դրվող ամբոխից, աղանդավորասորոսական այդ տնաքանդներին միացող, օբյեկտիվորեն դժգոհ կամ դժգոհություններ ունեցող, Սերժ Սարգսյանի՝ «երրորդ շրջանով» պետության ղեկավար դառնալու որոշումից վրդովված քաղաքացիներից:
Ապրիլի 20-22-ն է: 2018 թվի: Մասսան դեռ «մերժիր Սերժին» հիպնոսացման շրջածիրում է: Հընթացս խմորվում է բուն նպատակային թեզը՝ Նի-կո՛լ, վարչապետ...
Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հայտարարում է իշխանությունից հեռանալու մասին:
Ամբոխը ցնծում է, ուրախության քեֆեր, երգ, պար, տոնախմբություն... Կհիշեք, վաղուց չէր:
Սերժ Սարգսյանի անունից տարածված հայտարարության մեջ ասվում է, թե Նիկոլը ճիշտ էր, իսկ ինքը՝ Սարգսյանը սխալ: Հիմա, իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կասեն, թե՝ Սերժ Սարգսյանն իսկապես սխալ էր, քանզի ավելի լավ կլիներ, որ նա արյուն թափելով մնար իշխանության ղեկին, քան Նիկոլն անարյուն գար իշխանության և պետությունը, ժողովրդին, անհասկանալի է, թե ինչու իրեն վստահած բազմությանը չբերեր ու անպատվության ու խայտառակության, աղետալի պարտության այս արնափոսը չգցեր, հազարավոր երիտասարդների՝ կյանքից զրկվելու, էլ ավելի շատերի ճակատագիրն ու առողջությունը խեղելու պատճառ չդառնար: Բայց չշեղվենք 2018-ի դեպքերից...
Սերժ Սարգսյանը հեռացավ... Ովքեր միայն դրա համար էին ելել փողոց, հիմնականում գոնե այնքան գիտակցություն ունեին, որ հասկանում էին՝ Նիկոլի նման մեկին չի կարելի կարգել պետության ղեկավար... Բայց նրանք ա) փոքրամասնություն էին, բ) արագորեն նրանք էլ ընկան ամբոխային էյֆորիայի մեջ և... հիմա երևի խիստ երջանիկ և ուրախ են, որ այդ պոպուլիստ, արկածախնդիր, պաթոլոգիկ ստախոսին բերեցին իշխանության:
Մեծ հաշվով, իհարկե, Սերժ Սարգսյանը իշխանությունը կապույտ եզրաշերտերով սկուտեղի վրա մատուցեց սրան, բայց դա առնվազն չի ազատում խիղճը տանջելու անխուսափելիությունից նրանց, ովքեր հավատացին ու վստահեցին բացահայտ ավանտյուրիստին, դատարկախոս ու որկրամոլ, իմաստակ ու անպատասխանատու ստախոսին:
Հաջորդող օրերին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին մերժելն արդեն «տեխնիկայի հարց» էր: Բարեհաջող մերժեցին:
Ու Նիկոլ Փաշինյանը, կհիշեք, հռչակվեց ժողովրդական վարչապետ: Արդեն դե ֆակտո անիշխանության պայմաններում առանձնապես դժվարություն չէր ԱԺ-ի վրա ճնշում գործադրելով, ոչ առանց նախագահ Արմեն Սարգսյանի խիստ բացասական և կազմաքանդիչ դերակատարման պայմաններում Նիկոլ Փաշինյանին նստեցնել վարչապետի աթոռին:
«Կախարդական» արտահայտությունը Փաշինյանի այն հայտարարույթունն էր, որ կա՛մ ինքը պետք է լինի Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Շանտաժը, աշխատեց:
Բայց դե ո՞վ ասաց, որ դա ընդամենը աթոռակռիվ էր, Նիկոլն ընդամենը իշխանության էր ձգտում... Հետո՞ ինչ, որ նրա նախաձեռնած, իսկ հիմա արդեն կարելի է համարձակ ենթադրությամբ ասել, որ ըստ երևույթին ոչ առանց թշնամական երկրների հատուկ ծառայությունների մասնակցության հրահրված «քայլաշարժումը» մեկնարկել էր ընդամենը Սերժ Սարգսյանին մերժելու նպատակ-կարգախոսով:
Ժամանակակից, ասենք, նույնիսկ 30-40 տարվա վաղեմության քաղաքական ու քարոզչական մանիպուլյատիվ տեխնոլոգիաներին տիրապետողների համար ընդհանրապես խնդիր չէ «մերժիր Սերժին»-ը հընթացս դարձնել՝ «Նիկոլ Վարչապետ»...
Հարցը դա չէ: Այլ այն, որ նրանք, այն մեր հայրենակիցների մեծ մասը, ովքեր թույլ են տվել իրենց, կներեք «քթից բռնած» ֆռռացնել ու խաբել, հիմա՝ տեսեք-տեսեք, սրտնեղում են, թե՝ վայ, էս Նիկոլի հեռացումը պահանջելը... «աթոռակռիվ» է, «իշխանության են ձգտում»:
Քաղաքական ուժերը և գործիչները բոլոր երկրներում միշտ էլ ձգտում են իշխանության: Հարցն այն է, թե ինչ ծրագրերով և ում աջակցությամբ: Ծրագիր և գաղափարախոսություն չկար: Դրանով նույնիսկ հպարտանում էիք՝ ոչ մի «իզմ»-ի կողմնակից չենք: Վերջերս անգամ սկսեցին հպարտանալ... վճռական սխալների «ռազմավարությամբ»:
Կներեք, բայց «իշխանության «չձգտած», իշխանությունից ոչ մի կերպ «չկառչած», իբրև թե՝ ազնիվ, անկաշառ, բայց բոլորիդ անընդհատ խաբող ու բացահայտ ստախոս, հասարակության ներսում մշտապես թշնամանք ու ատելություն սերմանող Նիկոլ Փաշինյանի նման մեկին փրկիչ ու չգիտեմ էլ ինչ համարող բազմությունը, ցավոք, ավելի ահասարսուռ կորուստներ կարող է բերել իր ու նաև փոքրաթիվ գիտակից հայրենակիցների գլխին: Դեռ վերջինների գլուխը՝ քարը: Հայրենիքն են փորձանքի մեջ գցել: Վաղը նմանները կգերադասեն, որ Երևանն ու ընդհանրապես Հայաստանի մնացած այս 29 հազար քառակուսի կիլոմետրն էլ նվիրեն թուրքին, Մայր Աթոռի տեղում մզկիթ էլ կհանդուրժեն, միայն թե իրենց «վարչապետը» Նիկոլը լինի, միայն թե՝«վայ, ամա՜ն, հանկարծ «նախկինները» չգա՜ն...»
Մանթրայի նման կկրկնեն՝ «թալանի ու նախկինների մասին (կարծես երկրում էլ ուրիշ ոչ մեկը չկա), առանց գիտակցելու, իհարկե, որ իրականությունը համարժեք ընկալող բանիմաց կառավարիչներին դեռ պետք է համոզել, որպեսզի համաձայնեն մտնել Փաշինյանի ու նրա «պողոսների» համատեղ ուժերով ստեղծած այս խայտառակ ու ծանրագույն վիճակից, Հայաստանի այս ավերակներից վերստին պետություն ու հասարակություն, բանակ ու հաղթանակ վերականգնելու ահռելի բեռի տակ:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը