06 11 2020

Մեծ Բրիտանիա՞ն է տապալել Արցախում խաղաղություն հաստատելու գործընթացը

Մեծ Բրիտանիա՞ն է տապալել Արցախում խաղաղություն հաստատելու գործընթացը

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նոյեմբերի 5-ին խորհրդարանում հայտարարեց, որ ոչ մի իրավական կազմակերպություն, բացառությամբ ՄԱԿ-ի, Ղարաբաղում իրավիճակին խառնվելու ուղիղ լիազորություն չունի: Որպեսզի ՄԱԿ-ը որևէ երկրի նկատմամբ ուժի կամ պատժամիջոցների կիրառման որոշում կայացնի, պետք է դրա համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ գումարել և Անվտանգության խորհրդի մշտական անդամները պետք է միաձայն ընդունեն համապատասխան բանաձև: Միաձայն։

Շավարշ Քոչարյանն ասաց․ «Դա շատ բարդ գործընթաց է: Սրա շուրջ մենք կարող ենք համաձայնության գալ՝ ելնելով այն բանից, որ հրավիրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ: Հենց սկսվեց Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղում, համանախագահ երկրները, որոնք նույնպես ընդգրկված են Անվտանգության խորհրդի մշտական անդամների ցուցակում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, ներկայացրեցին շատ հավասարակշռված լուծում, որը պետք է հնչեցներ նախագահը: Նախագահն ամեն ամիս փոխվում է: Այս անգամ նախագահությունը անցավ Ռուսաստանին: Այս դեպքում խոսքը կրակի անհապաղ դադարեցման, երրորդ կողմի չմիջամտելու, այս հակամարտության մեջ ահաբեկիչներին ներգրավելու անթույլատրելիության մասին էր: Եվ պարզապես պատկերացրեք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեջ մի երկիր կա, որը տապալեց ամեն ինչ»:

Փոխարտգործնախարարը չնշեց երկրի անունը, չնայած դա դժվար չէ կռահելը։

Եվ ուրեմն՝ ո՞վ է այդ երկիրը։

ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Չինաստանը եւ Մեծ Բրիտանիան, ընդամենը 5 երկիր։ Նրանցից 3-ը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրչներն են՝ Ռուսաստանը ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որոնք մշտապես հանդես են գալիս որպես լուծման միջնորդ և այս ընթացքում բազմիցս կոչ են արել դադարեցնել կրակը։ Նրանք նաև կազմակերպել են հանդիպում արտգործնախարարների միջև և երեք անգամ հասել են հրադադարի որոշման, որը չի պահպանել Ադրբեջանը։ Ուրեմն, վստահաբար, այդ երկրներին նկատի չունի Շավարշ Քոչարյանը գործընթացը տապալող ասելով։

Չինաստանը պատերազմի առաջին իսկ օրից մի կողմ է քաշվել, նա որևէ կերպ չի խառնվում գործընթացներին, անգամ՝ կարծիք հայտնելու մասով, շահագրգիռ չէ որևէ կերպ։ Այսպես ասած՝ նրա համար միևնույն է, թե ինչ է կատարվում Արցախում։ Մնում է Մեծ Բրիտանիան, որին և նկատի ուներ Շավարշ Քոչարյանը։

Իսկ ինչո՞ւ պետք է Մեծ Բրիտանիան շահագրգիռ լինի։

Բրիտանական նավթային British Petroleum կորպորացիայի՝ Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում տարածաշրջանային նախագահ Գերի Ջոնսը նամակ հղեց Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հանդես գալով հօգուտ Ադրբեջանի, ցավակցել էր զոհերի, գնդակոծությունների համար և հայտարարել, որ BP-ի աշխատակիցներն ամեն ջանք գործադրել են գազի և նավթի անխափան արտադրությունն ու տեղափոխումը ապահովելու համար:

Դեռ 2017 թվականին Բաքվում ճեպազրույցով հանդես եկան այդ երկրի և Մեծ Բրիտանիայի էկոնոմիկայի նախարարները, որի ժամանակ նշվեց, որ Ադրբեջանում գործում են ավելի քան 500 բրիտանական հիմնարկներ, Բրիթիշ Պետրոլիումը Ադրբեջանում ամենախոշոր նավթաարդյունահանող կազմակերպություններից է, մասնակցում է ադրբեջանական նավթագազային 7 նախագծերի, այդ թվում՝ «Շահ Դենիզն» նավթահանք, «Հարավային գազային միջանցք», Հարավկովկասյան գազամուղը, Տրանսատլանտիան գազամուղ և այլն։

Եվ ընդհանրապես, Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումներով առաջատար է, 2017 թվականի դրությամբ, կազմում էր 27 մլրդ դոլար։

Պատերազմը համընկավ Տրանսադրիատիկ գազատարի շինարարության ավարտին, որում շահառու է «Բրիթիշ Պետրոլիումը»։ Եվ հիմա Մեծ Բրիտանիան անհանգստացած է նավթամուղերի անվտանգությամբ։

Մեծ Բրիտանիան Ադրբեջանում ունեցած բիզնես շահերը պետք է զարգացնի նաև Թուրքիայի օգնությամբ։ Թուրքիան իր հերթին Արևմուտքում ունի բիզնես ու քաղաքական շահեր, որոնք պետք է իրականացնի Մեծ Բրիտանիայի օգնությամբ։ Եվ սա այն ժամանակահատվածն է, որտեղ համընկնում են Թուրքիայի ու Անգլիայի շահերը։

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները համագործակցում են թուրքական հետախուզության հետ։ Հուլիս ամսին, երբ Ադրբեջանը կարճատև պատերազմ սկսեց Հայաստանի հետ սահմանին, նույն ժամանակ Թուրքիան առաջին անգամ ակտիվություն ցուցաբերեց։ Նա հայտարարեց, որ ամեն կերպ կաջակցեն Ադրբեջանին՝ թե՛ զենքով, թե՛ զորքով ու այլ բաներով։ Նույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար նշանակվեց Ռիչարդ Մուրը, որը եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը և բավական մտերիմ հարաբերություն ունի Էրդողանի հետ՝ ընկերներ են։ Եվ հիմա Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները, ըստ տարբեր հրապարակումների, ակտիվորեն աշխատում են Թուրքիայի հետ Արցախյան պատերազմի շուրջ։ Այս օրերին բավականին հրապարակումներ եղան, անգամ նշվում էր որ այս անգամ ադրբեջանական օպերացիան պլանավորվել է նույն Ռիչարդ Մուրի օգնությամբ, որին այնուհետ նշանակել են բրիտանական հետախուզության ղեկավար։

Նշենք, որ Մեծ Բրիտանիան Հայաստանում ունի դեսպանատուն, իրականացնում է մի շարք ծրագրեր, հայտարարվում է, որ հայ-բրիտանական կապերը գնալով զարգանում են, իհարկե, այդ ամենը՝ հայտարարությունների մակարդակով։ Իսկ Հայաստանում մեկ տարուց ավելի դեսպանատունը դեսպան չունի, մինչ օրս ներկայացված է միայն փոխդեսպանի մակարդակով․ դա խոսում է իրականում ոչ լավ հարաբերությունների մասին, այնինչ Ադրբեջանում ՄԲ դեսպանատունը ներկայացված է դեսպանով, որն իր աշխատակիցներին այս օրերին ուղարկում է Գյանջա՝ հռթիրակոծությունից հետո ծաղիկ դնելու։ Իսկ իրականում ահա թե ինչով է զբաղված այդ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկիրը։ Իսկ թե ինչ ջանք է գործադրում ղարաբաղյան խնդրի «կարգավորման» գործում, կարծում եմ, ակնհայտ է։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ