28 10 2020

Ի՞նչ էր ասում Վազգեն Մանուկյանը ու ի՞նչ գնահատականների արժանացավ

Ի՞նչ էր ասում Վազգեն Մանուկյանը ու ի՞նչ գնահատականների արժանացավ

Հայաստանում հոկտեմբերի 27-ին ակտիվորեն քննարկվում էր ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի հայտարարությունը։

Կարծում եմ, խելքը գլխին որևէ մարդ չի կասկածում երկար ճանապարհ անցած 74-ամյա պետական-քաղաքական գործչի փորձառությանը, մարդու, որը կանգնած է մեր պետականության հիմքում, որին ամենադժվար ժամանակաշրջանում պետություն ու բանակ է վստահվել, և նա պատվով կատարել է գործը։ Եվ նա ահազանգում է՝ վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։ Ու ելք է առաջարկում՝

«1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։

Պարոն Մանուկյանը ներկայացրեց իր կարծիքը, տեսլականը այս օրհասական վիճակից դուրս գալու վերաբերյալ, ներկայացրեց միգուցե ավելի կոնկրետ, քան կարելի էր պատկերացնել, երևի թե պաթոսախառը տեքստերին այս մեկ ամսվա ընթացքում շատ ենք սովորել։ Նա դա արեց որպես առաջարկ նույն իշխանությանը` պատկերացնելով և նկարագրելով այն ինչ միգուցե ինքը կաներ, լինելով Նիկոլ Փաշինյանի տեղը։

Կրկնեմ, քանի որ առաջարկը կոնկրետ որոշումներ էր պարունակում, այլ ոչ հիպոթետիկ, կամ պոպուլիստական, համացանցային ակտիվ մասը իսկույն սկսեց քննարկել, ճիշտ ու սխալ անել, տարբեր հասարակական դեմքեր իրենց ֆեյսբուքյան էջերում սկսեցին իրենց կարծիքը ևս ներկայացնել։ Բնականաբար, հետաքրքրություն առաջացավ՝ ինֆորմացիոն այս վակուումի մեջ պետական գործչի առաջարկությունների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեն այլ քաղաքական, հասարակական, մշակույթային դեմքերը։

Նախ, զրուցեցինք նախկին երկու այլ վարչապետների հետ, որոնք տարբեր փուլերում խիստ հակադիր հայացքներ են ունեցել Վազգեն Մանուկյանի հետ։ Զրուցեցինք այլ գործիչների հետ ևս։

Պարզվեց, որ Վազգեն Մանուկյանի տեսակետը կրողների թիվը բավականին մեծ է ու ավելին՝ գերակշռող է։ Ընդ որում՝ նաև լայն հանրության շրջանում է գերակշռող։

Հետաքրքիր էր, թե ովքե՞ր են դեմ արտահայտվել և արտահայտվում Վազգեն Մանուկյանի առաջարկին։ Նրանք ընդամենը երկու խումբ են՝ բուն իշխանական գործիչներ և իշխանամերձ շրջանակ, պաշտպանող ֆեյքեր։ Այլ դեմ արտահայտվողներ չեղան։

Ֆեյքերին չարժե անդրադառնալ․ դրանք երկար ժամանակ ու երկար ժամկետով բուծած անձինք են, որոնք գրում են միայն հայհոյախառն, համարվում են իշխանության բռի աջակիցները, չեն մտնում որևէ բանավեճի մեջ․ հայհոյանք և վերջ, սակայն կարող են որոշակի տրամադրություններ ձևավորել։ Նրանք աշխատում են Հայաստանում և Հայաստանից դուրս։ Այդ ֆեյքերը միայն իշխանությանը պաշտպանողները չեն, նրանց շարքում, ամենայն հավանականությամբ, շատ են նաև թուրքական ու ադրբեջանական ծագում ունեցողները։ Ու բնականաբար, ֆեյսբուքը գոնե այս օրերին փայկելու պահանջը հենց թուրք-ադրբեջանական ֆեյքերին արգելակելու նպատակ ևս ուներ մեծ մասով։ Իսկ թե ինչու են թուրքական ու ադրբեջանական ֆեյքերը, որոշ դեպքերում գործում հայկական իշխանական ֆեյքերին ձեռք ձեռքի տված, կարծում ենք, պարզելու կարիք ունի։

Մյուս դեմ արտահայտվողները իշխանամերձ շրջանակն են ու իշխանական գործիչները։ Բայց ուշագրավ է, թե ովքեր են նրանք։ Իշխանական գործիչների (պատգամավոր, նախարարի օգնական, տեղեկատվության վարչության պետ և այլն) այդ քննադատող հատվածում գերակշիռ թիվ են կազմում մարդիկ, որոնք իրենցից երբեք ոչինչ չեն ներկայացրել՝ թե՛ նախկինում, թե՛ հիմա, ապագան էլ ավելի մշուշոտ է։ Այո, պատգամավոր են, բայց նրանք որևէ ազդեցություն չունեն ո՛չ որոշումների կայացման վրա, ո՛չ պետության կառավարման մեջ։ Ընդամենը բախտի բերմամբ հիմա ոչ թե տաքսի են քշում (ամենևին չենք ուզում նսեմացնել տաքսու վարորդների աշխատանքը), այլ՝ պատգամավորի մանդատ, աթոռ են զբաղեցնում։ Նրանց կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չէ, անգամ՝ սեփական թիմում, պարզապես հիմնականում քննադատում են իրենց քննադատողներին և գովում են վարչապետին, որը նրանց ոչնչից դարձրել է պաշտոնյա։

Վազգեն Մանուկյանին անգամ քննադատում են մարդիկ, որոնք թեև հիմա բարձր պաշտոնյաների կանայք են, բայց կուրծք էին ուտում էն ժամանակ, երբ Մանուկյանը պաշտպանության նախարար էր ու պատերազմ էր հաղթում։ Իրենք էսօր, չեմ չափազանցնում, կյանքով են պարտական Վազգեն Մանուկյանին և իր նման գործիչներին, բայց քննադատում են։

Հիմա հարց, Վազգեն Մանուկյանը բացառիկ պետական գործիչ է, հեղինակություն է, մարդը եղել է ՀՀ առաջին վարչապետ, եղել է պաշտպանության նախարար՝ պատերազմի ժամանակ, որում մենք հաղթել ենք, եղել է ընդդիմադիր կոալիցիայի թեկնածու, ըստ շատ-շատերի կարծիքի՝ հաղթել է 1996թ․ նախագահական ընտրություններում, չկա որևէ փաստ, թե նա թալանել է, պետության շահերին դավաճանել է կամ պատասխանատվություն է իր վրայից գցել, դուք ո՞վ եք, որ իրեն համարեք դավաճան, թալանչի։ Դուք ձեզանից ի՞նչ եք ներկայացնում։ Դուք ընդամենը սպառող եք, մարդիկ, որոնք երկու տարի առաջ ապառիկով հազիվ լվացքի մեքենա էիք առնում, իսկ հիմա քեշ փողով առնում եք կահույք ամենաթանկարժեք խանութից ու զուտ մի պատճառով, որ իշխանության մեջ եք։

Վազգեն Մանուկյանը իր դիրքորոշումն է հայտնել, հեղափոխության կոչ չի արել, հեղաշրջման կոչ չի արել, չի ասել՝ Նիկոլին հանեք, ես գամ իշխանության, ինչքան էլ մանիպուլացնելով ներկայացնեն տարատեսակ սորոսական էլեմենտները։ Կոնկրետ առաջարկ է արել, իր պատկերացմամբ՝ այս իրավիճակում ամենից ճիշտը։ Ընդունում եք, թե ոչ, դա անգամ ձեր գործը չէ, նրա գործն է, ում ուղղված է առաջարկը, դուք եթե անգամ ունեք բացասական կարծիք, կարող եք դա ներկայացնել շատ ավելի կոռեկտ կամ ավելի էմոցիոնալ, բայց՝ ձեր ներքին քննարկումների ժամանակ, ոչ հրապարակային անվանարկելով, մեղադրանքներ հնչեցնելով, որովհետև դրա իրավունքը չունեք՝ չկաք էդքան, ուղղակի։ Մի հարց էլ․ իսկ դուք, թեկուզ իշխանության ներկայացուցիչներ, որ քննադատում եք, ունե՞ք վարչապետի կարծիքը, միգուցե նա համարում է, որ դա փայլուն առաջարկ է իր համար։

Ի վերջո, ամենակարևոր գնահատականը հանրության՝ իրական մարդկանց, ոչ ֆեյքերի ու պաշտոն չունեցողների, նրանց ընտանիքում չգտնվողների կարծիքն է։ Իսկ Վազգեն Մանուկյանի, նրա կարծիքը կիսողների գնահատականների տակ մենք տեսնում ենք, որ խելացի, և ամենից կարևորն է՝ իրական մարդիկ տեսակետ չեն հայտնում, նրանք հավանության նշան են դնում ու չեն մտնում բանավեճի մեջ քֆուրչիների հետ։ Իսկ գոնե հավանումների թվից մենք հասկանում ենք, որ Վազգեն Մանուկյանի առաջարկն գուցե ունի հանրային պահանջ։

Նույն կերպ, 15 կուսակցությունների առաջարկը՝ ռազմաքաղաքական շտաբ ձևավորելու մասին, հանրային պահանջարկ ուներ, ու էլի միայն իշխանության ֆեյքերն էին քննադատում ու իշխանական գործիչները։ Նույնկերպ, Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպումը քննադատում էին միմիայն ֆեյքերը ու իշխանական շրջանակները, այն դեպքում երբ անգամ Փաշինյանը բացասական գնահատական չտվեց։

Լավ, ժողովուրդ, ի վերջո, մեր հանրությունը, արժանի չէ՞ նորմալ կարծիք լսելու, մեր պետությունն արժանի չէ՞ գնահատականներ համադրելու, պարտադիր պետք է լինի «բազմոցային ռազմական մասնագետների», ֆեյքերի, պաշտոնյաների ու նրանց կանանց էքսցենտրիկ ելույթների գերի՞։

Բթամտությունը հասել է այնտեղ, որ քննադատում են ոչ միայն կարծիք արտահայտողներին, այլև այդ կարծիքը հրապարակած լրատվամիջոցներին։ Մենք, իհարկե, թքած ունենք ձեր անհաջող քննադատությունների վրա։ Մենք շարունակելու ենք հրապարակել բոլոր ազատ մտքերը, առաջարկները, որոնք կհամարենք մեր պետության համար օգտակար՝ անկախ նրանից, թե ֆեյքերը, տնաբույծ գործիչները, պետությանը ոչինչ չտված ու միայն մեր ռեսուրսները քամող պաշտոնյաները որքան կանդրադառնան մեզ։

Սևակ Հակոբյան

Հ․Գ․ Մեր պետությանը, Արցախին, Սփյուռքին, հայ ժողովրդին, բոլոր-բոլորիս այսօր, ինչպես երբևէ, անհրաժեշտ է խելացի, փորձառու պետական, դիվանագիտական, ռազմաքաղաքական միտք ունեցողների լսել, լսել այն մարդկանց, ովքեր այս երկրում բան ունեն արած, քարը-քարի վրա դրած, և միմիայն նրանց լսելուց է պետք ձևավորես կարծիքդ, այլ ոչ թե ֆեյքերի հայհոյանքներից որոնք իրենց «համեստորեն» անվանում են ժողովուրդ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ