Ուկրաինա-թուրքական սիրազեղ հարաբերությունները՝ սերիալային դերասան-նախագահ Զելենսկու և մինչև բեղերը արյան մեջ թաթախված, պատերազմական հանցագործ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ու հայտարարությունների տեսքով, ուշադրության կենտրոնում են: Եվ ուշադրություն գրավեցին ոչ միայն ուկրաինա-թուրքական առևտրատնտեսական, նաև՝ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցերը, այլև Զելենսկու և Էրդողանի հայտարարությունները:
Վերջինս, մասնավորապես հայտարարեց, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միավորումը (վերամիավորումը) Ռուսաստանին: Դե, օսմանական-կայսերապաշտական քաղաքականություն վարող ու իր սահմանների գրեթե ամբողջ երկայնքով արյունահեղության, ավերումների, սպանությունների պատճառ դարձած Էրդողանից հազիվ թե կարելի էր այլ հայտարարություն սպասել: Ի վերջո, 18-րդ դարում Ղրիմը կամ այդ երկրամասի վրա ազդեցությունը վերջնականապես կորցրած ու Ռուսասկան կայսրությանը զիջած Թուրքիան տարբեր ժամանակներում մշտապես ձգտել է հետ խլել այն: Ներկա ժամանակներում Ղրիմում թուրքական իշխանությունների հենման կետը ղրիմյան թաթարների, ինչպես թուրքերն են նշում իրենց «ազգակից ժողովրդի» ներկայացուցիչներն են: Բայց ահա թե ինչն է հետաքրքիր. խոսելով ղրիմյան թաթարների ու նրանց իրավունքների մասին, Էրդողանը հայտարարում է, որ այժմ իրականացվում է նրանց համար մզկիթի շինարարության ծրագիր... Կիևում: Որտե՞ղ է Կիևը և որտեղ Ղրիմը, ղրիմյան թաթարների փոքրամասնությամբ հանդերձ:
Ի դեպ, Ուկրաինայի նախագահին և ուկրաինական իշխանությունը կազմող թուրքական մյուս մանկլավիկներին կարելի է առաջարկել, որ ավելորդ ջանքեր ու միջոցներ չվատնեն: Նույն Զելենսկին, օրինակ, կարող է հանգիստ թլպատվել, մահմեդականություն ընդունել, իսկ Կիևում էլ նոր շինարարություն անելու խնդիր չի լինի: Պարզապես Կիևում Սոֆիայի տաճարը կվերածեն մզկիթի, կվերջանա-կգնա: Համ էլ՝ Էրդողանը նման հարուստ փորձ ունի, հատկապես՝ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասով:
Իսկ Զելենսկին էլ, նկատենք, Էրդողանին ոչ ավել, ոչ պակաս, շքանշանով պարգևատրեց: այն էլ ի՜նչ շքանշանով. Կիևյան մեծ իշխան Յարոսլյավ Իմաստունի առաջին աստիճանի շքանշանով, որը շնորհվում է պետության հանդեպ հատուկ ծառայությունների համար: Դե, թերևս միայն այն, որ Էրդողանը չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, Զելենսկին համարում է Ուկրաինային մատուցված մեծ ծառայություն:
Յարոսլավ Իմաստունի անվան և իշխանության հետ են կապվում Կիևյան Ռուսիայում քրիստոնեական բազմաթիվ տաճարների կառուցումը, կրթության, տնտեսության զարգացումը, օրենսդրության կարգավորումը և էլի շատ բաներ: Այնպես որ, երբ նրա անվան շքանշանը Էրդողանի նման մեկին է շնորհվում, երևի Յարոսլավ Իմաստունի սարկոֆագը մի անգամ էլ շուռ պիտի գար:
Առհասարակ, պատմությունից հայտնի է, որ ժամանակին Ուկրաինայի տարածքից բոլորովին այլ «մեսսիջներ» էին հղում թուրքական սուլթանին: Ամենահայտնի պատումը կապված է թուրքական Մահմուդ 4-րդ սուլթանին Զապորոժյան Սեչի կազակների պատասխանի հետ, որը արտացոլված է Ռեպինի հանրահայտ նկարում: Ըստ լեգենդի, Մահմուդ 4-րդը կազակներին առաջարկում է անձնատուր լինել և հետևել Դնեպրի աջափնյա հետման (կառավարիչ) Պյոտոր Դորոշենկոյի օրինակին: Կազակները պամֆլետային պատասխան են գրում թուրքական սուլթանին՝ առաջարկելով նրան համբուրել իրենց չասենք՝ ինչը: Բայց Զելենսկին երևի հետման Դորոշենկոյի ժառանգներից է...
Երևի Ուկրաինայում ոմանց թվում է, որ եթե Էրդողանը չի ճանաչում Ղրիմը որպես Ռուսաստանի անբաժանելի մաս, ապա վերցնելու է և Խրուշչովի նման նվիրի Ուկրաինային: Գրպաններդ լայն բացեք, ինչպե՜ս չէ: Ու հազիվ թե ուկրաինաթուրքական «ղրիմյան դրիմները» երբևէ իրականանան:
Եթե ավելի լուրջ, ապա ակնհայտ է, որ Հայկական լեռնաշխարհի արևելյան մասում, որին շատերը սխալմամբ Հարավային Կովկաս են անվանում, Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի միջոցով Թուրքիայի հրահրած պատերազմը արագացրել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացները: Այժմ տեղի է ունենում դիրքորոշումների արագ հստակեցում և տարածաշրջանային սուբյեկտների, ինչպես նաև՝ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր ունեցող տերությունների մոտեցումների և կողմնորոշումների վերակառուցում, ուժերի վերախմբավորում: Այդ համատեքստում Ուկրաինան, որը, մեծ հաշվով, լիովին Արևմուտքի ու ԱՄՆ վասալն է, նետվում է կամ հանձնարարություն է ստանում նետվել Թուրքիայի գիրկը՝ Ռուսաստանի դեմ պայքարի որոշակի թև ապահովելու նկատառմամբ: Թուրքիային կամ այս նախագծի հեղինակներին թվում է, որ դա հնարավորություն կտա լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել Ռուսաստանի համար՝ հնարավորինս կապած պահելով» նրա ձեռքերը արդեն կոնկրետ մեր տարածաշրջանում:
Ի՞նչն է միավորում Ուկրաինային և Թուրքիային: Նրանք համարում են, որ ունեն ընդհանուր թշնամի, ի դեմս Ռուսաստանի: Դա, ի դեպ, մեծապես ձեռնտու է Արևմուտքին և հիմնականում ԱՄՆ-ին, որտեղ ամենևին դեմ չեն, որ մինչ իրենք զբաղված են հերթական նախագահական ընտրություններով, ուրիշի, այս դեպքում՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի ու նաև իսլամիստ-ծայրահեղեկան ահաբեկիչների ձեռքերով կրակից շագանակներ հանվեն: Թե այնտեղ ինչ կկատարվի, թուրքերը մի նոր ոճրագործություն կփորձեն իրականացնել, հայկական քանի՞ քաղաք կռմբակոծվի ու որքան մարդ կսպանվի, մեծ հաշվով, «քաղաքակիրթ» Արևմուտքում ու նաև այլ «վճռորոշ» մայրաքաղաքներում որոշումներ կայացնողներին չի հետաքրքրում:
Միայն բիզնես, միայն շահեր ու՝ ոչինչ անձնական:
Դե, մտահոգություն կհայտնեն, մի երկու ճլորած անհասցե կոչ կանեն՝ դադարեցնել բռնությունները, իսկ տակից կբորբոքեն դրանք: Այս ամենը հին է, ինչպես ժամանակակից քաղաքակրթությունն ու կայսրությունների պատմությունն առհասարակ:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը