19 10 2020

Միասնականությունն է որ կփրկի պետությունը և զինվորին

Միասնականությունն է որ կփրկի պետությունը և զինվորին

Մեկ տասնյակից ավելի կուսակցությունների՝ հոկտեմբերի 17-ին ընդունած համատեղ հայտարարությունը մեծ փոթորկումներ է արել որոշ «հայտնի շրջանակներում»։

Վերհիշենք թե ի՞նչ են ասում կուսակցությունները։ Նրանք պահանջում են և կոչ են անում՝

  1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:
  2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:

Շատերի կարծիքով, կարևոր գաղափար է, շատ պետքական։ Ակնհայտ է, որ մեր ազգային ամբողջ ներուժն այսօր ճիշտ չի օգտագործվում և արդեն անգամ ուշացած է, բայց անհրաժեշտ է սթափվել իրականում, այլ ոչ կոչերով։ Ակնհայտ է, որ շատերը շատ բան կարող են անել, բայց չեն անում, որովհետև դա անելու համար պետք է լիազորություն, լծակ, ինֆորմացիային տիրապետում, պետք է պետական լիազորություններով պատվիրակում, առնվազն՝ պետական «դաբրո»։ Իսկ այդ «դաբրոն» պետք է տա պետությունը՝ ի դեմս իշխանության։ Երբ ասում ենք միասնականություն, ի՞նչ նկատի ունենք՝ միասնական լռե՞ն, թե՞ միասնական աշխատեն։ Թվում էր, թե այդ նախաձեռնությամբ հանդես կգա իշխանությունը, սակայն դրա պակասի պարագայում այդ միասնական աշխատելու հայտ են ներկայացնում ոչ իշխանական մի շարք կարող ուժեր, որովհետև հասկանում են որ, սխալ է մտածելը՝ դու ես իշխանությունը, դու էլ տակից դուրս արի։ Պետք է, կպնել, գործել, օգնել․ երկիրը բոլորինս է։ Այսպես ասած՝ գնդակը իշխանության դաշտում է, ինքը, բնականաբար, պետք է որոշի՝ ընդունի՞ առաջարկը, չընդունի՞ առաջարկը կամ առաջարկի իրենը։

Կուսակցությունների այս հայտարարությունը հավաքել է բազմաթիվ դրական և մի քանի բացասական ու չեզոք կարծիք։ Չեզոք արտահայտվողների թվում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա չի ասում, թե դա լավ նախաձեռնություն է, սակայն նշում է, որ չի կարծում, թե նախաձեռնողներն առաջնորդվել են պետական հեղաշրջման նպատակադրմամբ, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ։ Միևնույն ժամանակ, չի ասում, թե Հայաստանի ղեկավարությունը փայլուն է գործում և նրան օգնության կարիք չկա։ Ընդ որում, կան տեղեկություններ, որ մինչև հրապարակային արտահայտվելը, մասնավոր շփման մեջ դրական է արտահայտվել նախաձեռնությանը։ Ինչևէ, դա առաջին նախագահի կարծիքն էր, հրապարակային, ով ինչ, պետք է հասկանար, հասկացավ։

Ուշագրավ է նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի կարծիքը․ նա միանգամից, հապշտապ քննադատեց՝ ասելով, որ դա անգամ վնասակար է, և չի միանա նախաձեռնությանը՝ հատուկ հիշեցնելով, որ «Երկիրն ունի ղեկավար, որն ամբողջական պատասխանատվություն է կրում իրավիճակի համար: Եթե գտնի նպատակահարմար՝ կխորհրդակցի ում հետ կուզի»։

Դժվար է չհամաձայնվել նախկին վարչապետի հետ՝ երկիրն ունի ղեկավար և ում հետ կուզի՝ կխորհրդակցի․ վստահ եմ, որ այդպես էլ անում է։ Որ պատասխանատվությունն էլ է նա կրում, պարզ է։

Նախկին արտաքին գործոց նախարար Վահան Փափազյանն էլ արձագանքեց՝, որակելով նախաձեռնությունն անհեթեթություն, անգամ դավաճանություն, ըստ էության՝ բացառելով որ կարող է կամ իրավունք ունի օգուտ տալ։

Արձագանքողներից անգամ նյարդային համակարգի խանգարում ստացածներ եղան։ Այս դեպքում ուշագրավ է, որ սա նույն ցանկն է մարդկանց, որոնք երկուսուկես տարի է՝ ամեն ինչ անում են, որ մեր ժողովուրդը սև ու սպիտակի բաժանվի, պառակտվի հնի-նորի, հարուստ-աղքատի ու այսպես մնա։ Նրանց մեջ կան խորհրդարանականներ, կան այլ՝ հանրությանը անհայտ մարդիկ, որոնք ամբողջ կյանքներն ապրել ու աշխատել են միմիայն դրսի գրանտներով, ունեն կասկածելի համբավ, մարդիկ, ովքեր քարոզում էին պաշտպանության տակ առնել Ադրբեջանի նավթատարն ու ռազմավարական օբյեկտները, երաշխիքներ էին փնտրում, որ հանկարծ Արցախի բանակը չխոցի։ Կուսակցությունների կոչին դեմ են մարդիկ, որոնք վերջին 10 տարում, գիշեր-ցերեկ Ադրբեջանի հետ եղբայրություն են քարոզել, խաղաղասիրություն են քարոզել, ովքեր գրանտներով հայ-թուրքական հարաբերություն-եղբայրություն են քարոզել։ Բնականաբար, այդ մարդկանց ու նրանց պատվիրատուներին այսօր պետք չէ ազգային միասնականությունը, նրանք դա կանվանեն դավադրություն, դավաճանություն։

Ու հետաքրքիր է, թե ի՞նչ են ասում․ ասում են, թե սահմանադրությանը հակասում է, կամ էլ՝ այդ կուսակցություններն իշխանության են ուզում տիրանալ։ Նախ՝ սահմանադրությանը չի հակասում ու արդեն արձագանք եղել է այդ մասով։ Ինչ վերաբերում է իշխանություն ուզելուն, միայն ի ծնե խելապակասը կմտածի, թե այս պահին, երբ թշնամին մեր երկրի սահմաններին է արդեն հասել, երբ Արցախում ունենք կորուստներ, որևէ մեկը ցանկություն կունենա իշխանություն վերցնելու։ Եթե որևէ մեկը ամեն ինչի տակ դավադրություն է տեսնում, ուրեմն հենց ինքը նման էություն ունի, նրա ամեն քայլը դավադրություն է, և ուղղված չէ հայրենիքին ծառայելու, այլ՝ այլ նպատակներ է հետապնդում։

Կարծում եմ՝ այս փուլում, զանազան մանր-մունր գործիչների պետք է ուշադրություն չդարձնել՝ ինչ կխոսեն, ինչով կփորձեն խարխլել ազգային ներուժի միասնականությունը կամ ամեն ինչ անել, որ դա չկայանա, դրանց կանդրադառնանք հետագայում։ Քաղաքական ուժերը, որոնց մի մասը՝ բավականին հայտնի ու փորձառու է, մեր հայրենիքին ու պատերազմին շատ բան տված, հայտարարություն են արել՝ պատրաստ լինելով ներդնել ամենը, ինչ ունեն կամ գիտեն՝ դրան պետք է արձագանքի իշխանությունը, ոչ թե սաքունցանման կոմպլեկտը։

Իշխանությունը պետք է ինքը որոշի, արդյոք ներկա իշխանության պոտենցիալը բավարա՞ր է դիմագրավելու պատերազմի վտանգներին։ Պետք է որոշի, օրինակ, բավարա՞ր է, որ կազմակերպչական աշխատանքներով և կապերով զբաղվեն Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը, թե՞ պետք է ներգրավվել, օրինակ Կարեն Կարապետյանի ու Հրանտ Բագրատյանի ներուժը, գիտելիքները ու կապերը։ Գուցե որոշի, որ նրանք պետք է միասին աշխատեն այս փուլում։ Գուցե իշխանությունը որոշի, որ Նիկոլ Փաշինյանի, Զոհրաբ Մնացականյանի կապերը ՌԴ-ի հետ շատել լավ են, և բնավ Ռոբերտ Քոչարյանի անձնական հարաբերությունները ՌԴ նախագահի հետ և կապերը ռուսական ազդեցիկ մարդկանց շրջանում պետք չեն։ Կամ Սերժ Սարգսյանի կապերը Եվրոպայում ավելի ոչինչ չեն տա։ Գուցե իշխանությունը վստա՞հ է, որ, օրինակ՝ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի կապերն ու գիտելիքները բավարար են և կարիք չկա ներգրավվելու Դաշնակցության տեղի գործիչներին, առավել մեծ ջանք գործադրելու Սփյուռքի օգտակար գործողության գործակիցը բարձրացնելու համար։ Իշխանությունն է որոշողը, բայց, ամեն դեպքում, որևէ մեկի օգնությանը դիմելը չի նշանակում իշխանությունը հանձնել նրանց։ Խոսքը գնում է համատեղ լուծումներ գտնելու մասին։ Ես չգիտեմ՝ նախկին նախագահների հետ կուսակցությունները քննարկե՞լ են առաջարկը, տեղյա՞կ են նրանք։ Կարծում եմ՝ տեղյակ են և վստահ եմ՝ պատրաստ։ Վստահ եմ, որովհետև առանց հայտարարությունների կամ առանց հեռահար առաջարկությունների, վեր կացան-գնացին Արցախ և բնականաբար՝ առաջարկել են իրենց ծառայությունները։ Ընդունե՞լ են, լսե՞լ են նրանց՝ չգիտեմ․ հուսով եմ՝ այո։

Բայց այս պահին խնդիրը միասնականության մասին է։ Սա համայն հայության խնդիրն է, ուրեմն համայն հայությանը չպետք է ասել՝ դու ցույց արա քո երկրում, գումար հանգանակի, օգնություն ուղարկի ու վերջ։ Ոչ, ամեն մեկը որտեղ օգտակար է, պետք է ուժերն օգհտագործել և այդ ամենը պետք է կանոնակարգել, օգտագործելով ամբողջ պոտենցիալը։

Իշխանությունը դիմում է ժողովրդին, ասում է՝ եկեք կամավորագրվեք, հավաքեք փող, անհրաժեշտ միջոցներ և այլն։ Մի հարց տամ․ եթե մենք այսօր ունենք զենքի կարիք, սննդի կարիք, փողի կարիք, զինվորի կարիք, ծրագրավորողների կարիք, ինչո՞ւ է որևէ մեկը բացառում, որ ունենք կարիք նաև դիվանագետների, ռազմաքաղաքական աջակցության, միջազգային կարգի խաղացողների։ Ինչի՞ է մեզ թվում, որ այ այն տեղերում կարիք կա, իսկ այստեղ ամեն ինչ նորմալ է, ու առանց աջակցության իշխանությունը մենակով կլուծի բոլոր հարցերը։

Ի՞նչ կանեմ ես, եթե լինեմ Հանրապետության ղեկավարը․ կհրավիրեմ մեր փայլուն դիվանագետներին, որոնք այսօր պաշտոնյա չեն, մարդկանց, որոնք ունեն ամուր կապեր ՌԴ ղեկավարության, բիզնեսի հետ, կօժտեմ լիազորություններով, կտրամադրեմ ամեն բան, ինչին տիրապետում է պետությունը, կխնդրեմ գնալ ու պայմանավորվածություններ ձեռք բերել։ Բա միասնականությունը սա՛ է, որ պատերազմի ժամանակ պետությունը բոլորի ուժերն օգտագործում է, ցանկացած անձի, որը կարող է անգամ փոքրիկ օգուտ տալ։

Ու սրիկայություն են անում բոլոր նրանք, ովքեր քաղաքական կուսակցությունների մեկնած ձեռքը համարում են աթոռակռիվ։ Իշխանությունը պետք է ազատվի իր շրջապատում գտնվող այդ խառնակիչներից։ Նրանք չեն ուզում տեսնել այս գործում ոչ իշխանականների մասնակցությունը, որ վաղը, իրենց պատկերացնելով, հաղթանակը կիսելու հարցը չունենան։ Ոչ, հարգելիներս, հաղթանակն էլ է բոլորինս, պարտությունն էլ։ Բայց անհրաժեշտ է լինել միասնական, իրականում միասնական՝ չպարտվելու համար։

Վարչապետը հայտարարում է, որ մենք ունենք շատ կորուստներ, Արցախի նախագահը հայտարարում է, որ մենք ունենք կորցրած տարածքներ․ եթե այդպես է ուրեմն, նշանակում է, որ պետք է ինչոր բաներ փոխել։ Հնրավոր է՝ ա՞յլ է իրողությունը, և իշխանությունը գիտի՞՝ ինչ է անում և ումո՞վ է անում, շատ լավ։

Միաժամանակ, դիմում եմ հայտարարություն ընդունած կուսակցություններին․ պետք չէ այսքանից հետո, անգամ՝ ոմանց բացասական արձագանքից հետո ձեռքերը լվալ, թե՝ մեզանից ինչ հասնում էր՝ արեցինք, պետք է գտնել ուղիներ՝ հասկացնելու, որ պետությունն ու պետականությունը վտանգի տակ են, ոչ թե թվացյալ, այլ՝ ռեալ։ Չպետք է թույլ տալ, որ փորձառության, գիտելիքների ու զանազան բաների պակասի պատճառով տանուլ տան այս ամենը ու ասեն՝ չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում։ Ոչ, հիմա սխալն անդրադառնալու է մեր պետությունների ճակատագրին։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ