Թշնամու վերսկսած լայնածավալ ագրեսիան, սեպտեմբերի 27-ի լուսադեմից ծավալվող պատերազմական գործողությունները տեղի են ունենում նաև բավաականին ինքնօրինակ ներքաղաքական պայմաններում և իրավիճակում: Ըստ այնմ, կարծում ենք, հարկ է առնվազն արձանագրել դիտարկված հիմնական իրողություններն ու դրանց կարևոր նշանակությունը:
Առնվազն նույնքան էական ու գնահատելի է սեպտեմբերի 27-ին ակնհայտորեն արձանագրված ևս մեկ իրողություն, որն ինչ-որ տեղ կարելի է նաև բնորոշել աննախադեպ, որքան էլ այդ բառը, հասկանալի պատճառներով արդեն «ծեծված» լինի:
Խոսքը, բնականաբար այն մասին է, որ թշնամական ագրեսիային հաջորդած ժամերի ընթացքում Հայաստանի գրեթե բոլոր, առնվազն առավել հայտնի, առավել ակտիվ ու ճանաչված ընդդիմադիր կուսակցությունները, որոնց մեծ մասը հիմա ներկայացված չէ խորհրդարանում, հանդես եկան հստակ ու աներկբա հայտարարություններով՝ հավաստելով, որ փորձության ժամին միահամուռ կանգնած են Հայոց բանակի կողքին, Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Գիտեք, որ նման հայտարարությամբ հանդես եկավ նախկին իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, միաժամանակ ու բնականաբար, հավաստելով, իր հնարավորություններն ու նաև արտաքին-քաղաքական կապերը Հայրենիքի անվտանգության ապահովմանն ի սպաս դնելու պատրաստականությունը: Նաև որոշակի քայլեր արդեն ձեռնարկել է այդ ուղղությամբ՝ դատելով ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանի հրապարակած տեղեկություններից:
Ավանդական ՀՅԴ-ն, սեպտեմբերի 27-ի առավոտից արդեն գործնականում կամավորական խմբերի համակարգված հավաքի և պատերազմական գործողությունների գոտի մեկնելու կազմակերպչական գործընթացի մեջ էր, ինչը ցանկացած հայտարարույթունից ավելի տպավորիչ է: Բնականաբար, հայտարարություն էլ հնչեց:
Գնահատելի է նաև ԲՀԿ-ի կեցվածքը, որի ղեկավարին բառացիորեն պատերազմի նախօրեին կալանավորեցին:
Առանձնահատուկ պետք է ընդգծել Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հստակ ու գոտեպնդող հայտարարությունը: «Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը: Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը: Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք կազմակերպված, միասնական ու ևս մեկ անգամ, ինչպես դա եղել է 1992-94թթ․, միահամուռ ուժերով ջախջախենք թշնամուն»։
Վերջին երկու տարիներին ձևավորված համեմատաբար նոր քաղաքական ընդդիմադիր ուժերի ու միավորումների դիրքորոշումը, ըստ էության, չի տարբերվում արդեն նշվածից:
Մեծ հաշվով, այդ դիրքորոշումը հանգում է մի քանի հիմնական կետի. Այս պահից սկսած, մինչև պատերազմի ավարտը սառեցվում է ներքաղաքական պայքարը, սառեցվում են ներքին հարցերը և բոլոր հնարավորություններն ու ուժերը ուղղվում են թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու, թշնամուն հաղթելու նպատակների ապահովմանը, բոլորս կանգնում ենք մեր բանակի կողքին՝ եղած բոլոր հնարավորություններով: Մնացած բոլոր հարցերը՝ հետո:
Եվ չնայած նախկինում էլ, մեծ հաշվով, ընդհանուր գիծը նույնպիսին է եղել, բայց նման հստակ, արագ ու միահամուռ, կարելի է ասել՝ նույնական դիրքորոշման արտահայտումն ու դրա գործնական դրսևորումը, ինչ արձանագրվեց հիմա, որոշակի առումով աննախադեպ է: Եվ նման, ընդգծված պետական մտածողության ու ընկալման դրսևորումը կրկնակի գնահատելի է, եթե հաշվի առնենք գործող իշխանության կողմից իր ընդդիմախոսների նկատմամբ «խաղաղ ժամանակահատվածում» նախաձեռնած հետապնդումները, կալանավորումները և մնացյալ դրսևորումները:
Կարծում ենք նաև, որ այս ամենի կարևորությունը, ներքին համերաշխությանը նպաստելու կարևորությունը պետք է սկսի գիտակցել նաև իշխանությունը՝ առնվազն այս փուլում իր կողմից ևս սառեցնելով, այսպես ասենք՝ «ներքին հարցերը»:
Գնահատելի է, որ նաև ռազմական գործիչները, որոնք նույնպես հայտնվել են հետապնդումային ջրապտույտում, մի կողմ դնելով ամեն ինչ, առաջնահերթ ու գործնական դրսևորեցին Հայրենիքի պաշտպանության ընդհանուր գործին օգտակար լինելու իրենց պատրաստականությունը: Խոսքը, այո, առաջին հերթին ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մասին է...
Կարելի է և այլ օրինակներ նշել: Բայց ինչ է հուշում նման իրավիճակը:
Ամենից առաջ, որքան էլ որ դա պարադոքսալ չհնչի, ներքին բոլոր խրթին ու ծանր հարցերով հանդերձ, այսօր մեր հասարակության ներսում, մեր քաղաքական կյանքում ձևավորվել է մի իրավիճակ, մի այնպիսի միահամուռ միասնականություն, որը տվյալ պահի մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը լիարժեք հնարավորություն է ընձեռում գործել վստահ, կամ տալիս է լիարժեք վստահությամբ գործելու ազատություն: Միայն թե, Աստված սիրեք, առանց «համարձակ սխալների» «ռազմավարության»:
Դա նաև լավ հնարավորություն է, որ իշխանությունը կարողանա գնահատել ոչ միայն կոնկրետ իրավիճակը, այլև չկորցնի առիթը՝ ցանկացած արտաքին ագրեսիայի դիմակայելու հարցում առանցքային նշանակություն ունեցող ազգային, հասարակական միասնության գործոնն ընդհանուր հաղթանակի օգտին առավել արդյունավետ ծառայեցնելու համար: Համենայն դեպս, այդ հարցում արդեն ամեն ինչ կախված է իշխանության ղեկին գտնվողների՝ ողջախոհություն և լայնախոհություն դրսևորելու ունակության աստիճանից:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը