29 08 2020

Հերոսների հաշվին հերոսացողները, հերոս չեն դառնում՝ պարո՛ն վարչապետ

Հերոսների հաշվին հերոսացողները, հերոս չեն դառնում՝ պարո՛ն վարչապետ

 

Հուլիսի 28-ին Սարդարապատում տեղի ունեցավ հուլիսյան մարտերի հերոսների պարգևատրման արարողությունը: Նշենք, որ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հուլիսյան ակտիվ դերակատարներից 16 զինծառայող արժանացել է՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, իսկ 55 զինծառայող՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններով:

Պարգևները սակայն, նախագահի փոխարեն, հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կրկին, հերթական անգամ շտապեց տեղի ունեցածի մեջ գտնել ու մատնանշել աննախադեպությունը:

«Այս պարգևատրման արարողությունը բացառիկ է նրանով, որ Տավուշյան մարտերի մասնակիցներ անձամբ են ստանում իրենց շքանշանները, իսկ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ Ազգային հերոսի կոչումը շնորհվում է գործող զինծառայողի»:

Այս ելույթի ընթացքում ի դեպ Նիկոլ Փաշինյանն առանց դիմակի էր, քանի որ միջոցառումից բառացիորեն րոպեներ առաջ պարետը որոշել էր, որ վարչապետը և որոշ ղեկավար անձինք ավելի հավասար են օրենքի առաջ, քան մյուսները: Ելույթից հետո էլ վարչապետը հանդիսավոր կերպով շքանշանները հանձնեց տերերին:

Նշենք, որ արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահը, կառավարության անդամները և այլ պաշտոնյաներ։ Ճիշտ է, ինչպես նկատեցիք, ներկա չէր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Ներկա չէր, որովհետև ինչպես նախագահականից էին տեղեկացրել, միջոցառումից մեկ օր առաջ նա մեկնել էր արձակուրդ:

Իսկ, ըստ ՀՀ սահմանադրության, պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման ու հանձնման գործում նախագահի դերակատարությունն առանցքային է: Այսպես, «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին»  ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է Հանրապետության Նախագահը` հրապարակելով հրամանագրեր՝ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա:

Միաժամանակ նախագահն է հաստատում միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, ինչպես նաև պետական մրցանակները և դրանց շնորհման կարգը:

Նույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնում է Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը։

Ստացվում է՝ ով, ինչ շքանշան ստանա, երբ ստանա, որտեղ և կարևորը՝ ում կողմից, որոշել է Նիկոլ Փաշինյանը, հաստատել Արմեն Սարգսյանը: Դե մեծ հաշվով ոչ մի նորություն, Արմեն Սարգսյանը բազմաթիվ անգամներ արդեն ցույց է տվել, որ ոչ միայն չի ընդդիմանում, այլ մեծ հաճոյությամբ է իրեն վերապահված չնչին լիազորություններից հրաժարվում և դառնում գործող իշխանության, իսկ ավելի կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կամակատարը:

Այս արձակուրդը, իհարկե գուցե հնարավոր լինի նայել նույն տրամաբանության մեջ, ինչ օրինակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանինը, երբ որպես պատերազմ հռչակած կորոնավիրուսի պայմաններում, ոլորտի պատասխանատուն մեկնում է արձակուրդ, իսկ այն մարդիկ, ովքեր համարձակվում են մատնանշել համավարակի ձախողման սխալները, որակվում են որպես թշնամի՝ «Կորոնավիրուսը պատերազմ է, էս ինչ ե՛ք ասում» լոզունգով:

Բայց, կարծում ենք, վստահաբար սա այդ դեպքը չէ: Ամեն ինչից և ամեն տեղ «փիարվող» Նիկոլ Փաշինյանը, ով իրեն վատ չի զգում անգամ իր կողմից մերժելի նախկինների արդյունքներն իրենով անել, բնականաբար չէր կարող այս առիթը ևս բաց թողնել` զիծառայողների սխրանքում իրեն առաջին պլան մղելով: Չնայած, ակնհայտ է, որ հերոսների հաշվին հերոսացողները, միևնույն է,  հերոս չեն դառնում:

Մյուս կողմից էլ կարելի է հասկանալի Փաշինյանին, երբ ինքնդ հերոսության և որևէ դրական արդյունքի ընդունակ չես, մնում է անընդհատ կամ փնովել այդ արդյունքը ստեղծածներին կամ էլ բոլոր պետական ինստիտուտները, օրենքներն ու նորմերը ոտնատակ անելով փորձել քեզնով անել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ