28 08 2020

Ավտոներկրողների «ուղտը» ու Փաշինյանի «հեղինակությունը»

Ավտոներկրողների «ուղտը» ու Փաշինյանի «հեղինակությունը»

 

Տնտեսական մեկնաբանների հետ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խիստ հագեցած, նաև՝ ուսանելի զրույցի ընթացքում, ի շարս բազմաթիվ հիմնախնդիրների ու երևույթների, արծարծվեց մի հրատապ հարց ևս, որի «ուղտը» հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր հայրենակիցների դռանն է չոքել: «Ուղտն» այդ չոքել է անողոքաբար, որքան անողոք ու ծանր կարող են լինել անցյալ տարվա ավտոմեքենաների հախուռն, եթե չասենք՝ խելագար ներկրման հետևանքները:

Դատեք ինքներդ, միայն անցյալ տարի Հայաստան է ներկրվել 189.019 ավտոմեքենա: Հասկանալու համար, թե սա ինչ ահռելի ու, հայտնի մեկի սիրած բառով՝ աննախադեպ ծավալ է, բավական է նշել, որ 2018 թվականին, օրինակ, ներկրվել էր 64 հազար ավտոմեքենա: Պարզ ասած, անցած տարի 3 անգամ ավելի շատ ավտոմեքենա է ներկրվել, քան՝ դրա նախորդ տարի:  

Ավտոներկրման «բում»-ի շարժառիթները հանրահայտ են. 2019-ը վերջին տարին էր, երբ Հայաստանը կարող էր օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելիս համաձայնեցված մաքսատուրքային արտոնությունից՝ ոչ ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրման հետ կապված:

Դե, մեր բազմաթիվ հայրենակիցներ էլ, շահույթի հրապուրանքին տրված, ավտոներկրման տենդով համակվեցին ու բերում, բերում, ու բերում էին, այդ մեքենաները ԵԱՏՄ այլ երկրներում հընթացս իրացնելու հաշվարկով (հիմնականում՝ Ղազախստան էին արտահանում, ինչը նույնպես հայտնի է՝ հաջորդած բարդություններով հանդերձ):

Եվ ահա, գրեթե բոլոր այդ ճարպիկ, ձեռներեց, ավտոներկրման տենդով համակված հայրենակիցները, առնվազն նրանց ճնշող մեծամասնությունը հայտնվել է ծանր կացության մեջ. բերած ավտոմեքենաները, իրենց խոսակցականով ասած՝ «վրաներն է մնացել», իրացման շուկա չկա կամ փակ է, ներքին շուկայում էլ, մանավանդ ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում դրանք հազիվ թե հաջովի շահույթով իրացնել: Անգամ «տակ չտալու» կամ «0»-ական շահույթով վիճակից ելնելու շանսերն են գրեթե զրոյական: Էլ չենք ասում այն մասին, որ հնարավորինս շատ ավտոմեքենա ներկրելու համար շատերը ահռելի վարկերի տակ են մտել:

Լավ, ինչո՞ւ այդպես եղավ: Չէ՞ որ տարբեր մեկնաբաններ, լրագրողներ, ձեր խոնարհ ծառան էլ այդ թվում (այս թեմայով 2019-ին առնվազն 2-3 հրապարակում եմ ունեցել), համառորեն  ու հետևողականորեն զգուշացնում էին հայրենակիցներին, որ չհաշվարկված, հախուռն ներկրումը, այն էլ՝ նման կառավարություն ունենալով, որը ոչ մի կայուն ու վստահելի երաշխիքներ չի տալիս, խիստ ռիսկային է, եթե չասվի՝ արկածախնդրություն է: Բայց նրանք երևի «թերթեր չէին կարդում», միայն վարչապետի լայվերն էին նայում: Ու հետագայում արձանագրված «ավտոներկրողների բողոքի ցույցը» պարզ վկայությունն էր այն բանի, որ մարդիկ փաստի ու դաժան իրականության կտոր-կտոր եղած տաշտակի առաջ են հայտնվել:

Լավ, նրանք «թերթ չէին կարդում»: Ենթադրենք:

Հապա կառավարությո՞ւնն ինչ էր անում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ի՛նչ էին անում: Փող էին հաշվում ու ավտոներկրման տենդի հետևանքով տնտեսական որոշ ցուցանիշների աճով գլուխ գովում, փափախները վեր թռցնում:

Ի դեպ, փողերի մասին. Եթե 2018-ին ավտոմեքենաների ներկրումից (ՊԵԿ գծով գանձումներից) պետությունը մոտ 37 միլիարդ դրամի եկամուտ էր ստացել, ապա միայն 2019 թվականին ու միայն այդ ավտոներկրումատենդից ստացած մաքսային մուտքերը կազմում են... 95 միլիարդ դրամ՝ երկուսուկես անգամ ավելի:

Դե, Փաշինյանի կառավարությունն էլ այն օրերին երևի առաջնորդվում էր «ավել փողը բյուջեի փորը չի ծակի» տարբերակով և ուրախանում էին: Ինչո՞ւ չուրախանային. Ահռելի ու չարդարացված պարգևավճարների համար գումարն «ինքն իրեն» էր հոսում պետբյուջե:

Մինչդեռ, անցյալ տարի, առնվազն տարվա կեսից սկսած, կառավարությունն ուղղակիորեն պարտավոր էր ընդգրկուն իրազեկման արշավ իրականացնել, զգուշացնել հայրենակիցներին, ավտոներկրողներին, բացատրել իրավիճակը, ինչպես դրա մասին զրույցի ժամանակ միանգամայն տեղին շեշտեց Ռոբերտ Քոչարյանը:

Բայց չէ՜, օրվա իշխանությունը, կառավարությունը գրեթե եռապատկված տասնյակ ու տասնյակ միլիարդների գանձման վրա էր կենտրոնացած ու մեկ էլ՝ ավտոներկրման հոսքը սպասարկելու և այդպիսով այն է՛լ ավելի խթանելու վրա: «Հետո»-ի մասին կառավարությունում չէին էլ ուզում մտածել, երևի:

Իսկ «հետո»-ն վրա հասավ, այն էլ՝ կորոնավիրուսային բարդությամբ:

Լավ, ի՞նչ անել:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին հստակ տարբերակներ նշեց. կառավարությունը պետք է կամ գործնական ֆինանսական քայլեր ձեռնարկի՝ ավտոներկրման տենդի մեջ ընկած ու տուժած քաղաքացիներին հատուցելու համար, այդպիսով կրելով իր բաժին պատասխանատվությունը՝ անցյալ տարի այդ բումը չզսպելու, մարդկանց չզգուշացնելու, խիստ ռիսկային «բիզնեսից» հետ չպահելու համար, կամ պետք է կոնկրետ քայլեր իրականացնի, որպեսզի այդ մարդիկ կարողանան իրացնել իրենց ներկրած մեքենաները, օրինակ, այլ երկրներում: Բայց ինչպե՞ս:

Իսկ ինչի՞ համար է պետության ղեկավարը, չէ՞ որ ոչ ոք ու ոչինչ չի խանգարում նրան, որ դիմի իր ԵԱՏՄ-ական գործընկերներին, այլ երկրների ղեկավարներին, հարց բարձրացնի, բանակցի, պայմանավորվի, հանգի ինչ-որ համաձայնության, որը կարող է թեթևացնել իր ընտրողների, մեր քաղաքացիների վիճակը: Ի վերջո, կարող են փնտրել ու գտնել փոխշահավետ ինչ-որ տարբերակներ: Բայց գործնականում Նիկոլ Փաշինյանը այնպես է դրսևորվել, որ ԵԱՏՄ ղեկավարները հազիվ թե ուզենան նրա անունը լսել, էլ ուր մնաց՝ խոսեն հետը, այն էլ այդ թեմայի շուրջ: Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ում չունի այդքան հեղինակություն ու կշիռ, որ կարողանա կոնկրետ հարց լուծել: Անգամ Տավուշի սահմանագոտում հուլիսյան մարտերի ժամանակ ու դրանից հետո Ռուսաստանի նախագահ Պուտինը ում ասես՝ զանգեց, է՛լ Ալիևին, է՛լ Էրդողանին, բայց ոչ՝ Նիկոլ Փաշինյանին:

Ի դեպ, մի հետաքրքրական դրվագ էլ կա այս ավտոբումի հետ կապված: Կհիշեք, Նիկոլ Փաշինյանը երկիրը ավտոմեքենաների մնացորդներից, ավտո-աղբից մաքրելու ինչ-որ նախաձեռնություն էր ցուցաբերել, անգամ, վարչապետ լինելով, մետաղի ջարդոնի հավաքման ու արտահանման մի ընկերություն էր իր ֆեյսբուքյան պատին գովազդում: Այսինքն, նա ինչ-որ տեղ միգուցե նաև հետաքրքրվա՞ծ է եղել, որ Հայաստան այդքան մեծ ծավալի, սովորականից երեք անգամ ավելի շատ ավտոմեքենա ներկրվի: Ի վերջո, եթե ներկրողների մեծ մասը «տակ տա», իսկ ներկրած ավտոմեքենաներն էլ, գիտեք, «առաջին թարմության» չեն, ապա այդ մեքենաները բավականին կարճ ժամանակահատվածում վերածվելու են ավտոթափոնի: Ու ստացվում է, որ գովազդված մետաղաջարդոնային ընկերությունն ահագին աշխատանքային «ֆրանտ» կունենա ու հավելյալ եկամուտ:

Իսկ միգուցե «հետո»-ի հաշվարկը դա՞ է եղել:

 Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ