26 08 2020

Տնտեսական անկումը խորացել է՝ հակառակ Նիկոլ Փաշինյանի արհեստական լավատեսության

Տնտեսական անկումը խորացել է՝ հակառակ Նիկոլ Փաշինյանի արհեստական լավատեսության

Տնտեսական անկումը շարունակում է խորանալ, մեկ ամիս առաջ այն 4,7 տոկոս էր, իսկ հիմա հունվար-հուլիս ամիսների արդյունքով արդեն 5,7 տոկոս։ Շարունակում ենք մնալ այն համոզմանը, որ իրական անկումն ավելի խորն է։ Պարզապես վիճակագրական կոմիտեն ձգտում է հնարավորինս այն մեղմացնել։ Օրինակ՝ գյուղատնտեսության մեջ, որտեղ մրգի, բանջարեղենի, հացահատիկի, մսի, կաթնամթերքի ծավալները նվազում են, բայց աճ է ցույց տրվում։ 

Ինչ մնում է միայն հուլիս ամսվա տնտեսական ակտիվությանը, ապա այն անցյալ տարվա հուլիսի համեմատ այն նվազել է երկնիշ՝ 10,2 տոկոսով։ Տնտեսության բոլոր ճյուղերն առանց բացառության անցած տարվա հուլիսի համեմատ անկում են գրանցել։ Այժմ վերադառնանք յոթ ամիսների՝ հունվար-հուլիսի ցուցանիշներին ըստ տնտեսության ճյուղերի։

Միակ ճյուղը, որտեղ աճը դեռեւս շարունակում է պահպանվել արդյունաբերությունն է՝ 1,3 տոկոս։ Նախորդ հրապարակման մեջ, որտեղ ամփոփված էին վեց ամիսների ցուցանիշը, աճը 1,5 տոկոս էր։ Այսինքն, անգամ այստեղ աճի տեմպը նվազում է։ Այն, ինչ պահպանվում է, տեղի է ունենում հանքարդյունաբերության հաշվին։ Այն ճյուղի, որի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեզ ապագա չէ։

Շինարարությունում շարունակվում է շեշտակի անկումը՝ 22,6 տոկոս։ Սա էլ այն ճյուղն է, որ Նիկոլ Փաշինյանը «բում» էր խոստանում, իսկ օրերս էլ արհեստական լավատեսություն էր փորձում հաղորդել, հայտարարելով, որ Հայաստանը վերածվել է մի մեծ շինհրապարակի։

Առեւտրում անկումը 11 տոկոս է։ Մեկ անգամ եւս շեշտենք, որ առեւտրային գործունեություն իրականացնողներն փաստում են, որ իրական անկումն այստեղ սկսվել է 2018 թ․-ի սեպտեմբեր-հոկտեմբերից, երբ իրենց շրջանառությունները սկսել են ամսեամիս նվազել։

Ծառայությունների ոլորտում անկումը խորանում է՝ 9,3 տոկոս։ Դա բնական է, քանի որ զբոսաշրջային ծառայությունները գործնականում դադարել են մատուցվել, բացառությամբ ներքին տուրիզմի հաշվին առողջարանային քաղաքներում ապահովվող գործունեությունը։ Ծառայությունների ոլորտում ծուրջ երկու տարի աճ էր գրանցվում ի հաշիվ բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքների ծավալների ավելացման։ Հիմա դժբատաբար ավելացել են առողջապահական ծառայությունները՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով։

Արտաքին առեւտրում անկումը կազմել է 11,3 տոկոս։ Մասնավորապես, արտահանումը նվազել է 6,4 տոկոսով, ներմուծումը՝ 13,7 տոկոսով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք, դժբախտաբար, առավելապես ներմուծման վրա հիմնվար տնտեսություն ունենք, ներմուծման ծավալների անկումը պատկերացում է տալիս, թե որքա՞ն է կազմում իրական տնտեսական անկումը։  

Այսպիսով, այս տարվա յոթ ամիսներին արդեն ունենք 5,7 տոկոս տնտեսական ակտիվության անկում։ Մինչդեռ կառավարությունը կանխատեսում էր, որ տարեկան տնտեսական անկումը կլինի 2 տոկոս։ Արդեն իսկ հիմա ակնհայտ է, որ տարեկան արդյունքներով անկման ցուցանիշը ավելի վատթար է լինելու։

Ինչ մնում է աշխատավարձերին, ապա ոչ մի խորացող անկում եւ բնակչության սոցիալական վիճակի վատացում չի խանգարում որպեսզի պետական աշխատավարձերը շարունակեն բարձրանալ։ Դրանք բարձրացել են 7,7 տոկոսով։ Միանշանակ է, որ դա տեղի է ունեցել հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորևների աստղաբաշխական պարգևավճարների հաշվին։ Հիշեցնենք, որ դա տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ, ինչի մասին մեկ անգամ չէ, որ նա ասել է։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ