01 08 2020

Իրական լիդերի ու Փաշինյանի տարբերությունը

Իրական լիդերի ու Փաշինյանի տարբերությունը

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը ռազմական ագրեսիա սանձազերծելու միջոցով ահագնացրեցին պատերազմական լարվածությունը։ Ապա Ադրբեջանը և Թուրքիան մեծաքանակ զորքեր տեղակայեցին Հայաստանաի հետ սահմանագծի գրեթե ողջ երկայնքում։ Իսկ հուլիսի 29-ին մեր երկրի երկու ոխերիմ հարևանները, սադրանքի ակնհայտ նկրտումով, լայնածավալ զինավարժություններ սկսեցին սահմանային Նախիջևանում, նաև սահմանամերձ Գանձակում (Գյանջա), Լպինքում (Քյուրդամիր), Եվլախում։ Թուրք-ադրբեջանական այս համատեղ - համալիր զորավարժությունները շարունակվելու են մինչև օգոստոսի 10-ը. մասնակցելու են 2 երկրների բանակային բոլոր ուժերը. և բոլոր` հետևակայնին, հրետանային, հրթիռային, զրահատանկային, ռազմաօդային, հակաօդային զորախմբերը կիրառելու են իրենց մարտական` ո՛չ թե ուսումնական արսենալը։

Սա նախևառաջ նշանակում է, որ պլանային զորավարժությունների անվան տակ Թուրքիան ու Ադրբեջանը վերջին նախապատրաստություններն են ավարտում` Հայաստանի ու Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծելու նկրտումով։ Նույն պատրվակով ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակն ունեցող Թուրքիան սպառազինած ստորաբաժանումներ է տեղակայել ոչ միայն Ադրբեջանի բուն տարածքում, այլ նաև անվերահսկելի ռազմական կոնտինգենտ է նախապատրաստել` Նախիջևան ներխուժելու համար։ Անկասկած Բաքվում ևս ռազմական հրամանատարությունն ամբողջովին անցնելու է թուրք գեներալիտետին. հաջորդ քայլը` քաղաքական ողջ ղեկավարումն ստանձնելը կարող է լինել ։

Ստացվում է, որ սորոսական իշխանափոխությամբ մեր երկրի կառավարումը հանձնվել է այնպիսի մեկին, որն իր կառավարման ողջ ընթացքում արել է ամեն ինչ` որպեսզի հնարավոր դարձնի հենց այս ամենը։ Սա հենց այն է` ինչը թույլ չտվեցին  Լևոն Տեր-Պետրոսյանին ու հրաժարական պարտադրեցին, ինչն ուղղակի անհնարին էր մարտական ուղի անցած Արցախի բոլոր նախկին և Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների օրոք։ Այս իրավիճակում Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Թուրքիայի հետ ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում անցկացվող պլանային զորավարժությունները ո՛չ միայն սադրանք չեն, այլ իրենք ամրապնդում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։ Իսկ մեր թավշյա դասալիք վարչապետը հուլիսի 12-ից առայսօր վախից սսկվել է։

Այսինքն. երբ Փաշինյանի քաղաքակիրթ բարեկամը դարձած Իլհամը իր մեծ եղբայր Էրդողանի հետ պատերազմ են սադրում` որ մեզ համար իրե՛նց ուզած խաղաղության ու անվտանգության պայմանները սահմանեն, թավշապետը լուռ ու բացակա է, լայվ չի մտնում, ոչ մեկին չի սպառնում` ասֆալտին փռել ու պատերին ծեփել։ Եվ հենց այս իրավիճակում է բացահայտվում, թե ո՛վ է փորձության ժամին պատրաստ` դարձյալ ղեկավարել մեր երկրին սպառնացող թշնամու դեմ պայքարը, համախմբել անձիշխանության պայմաններում պառակտված ժողովրդին և վերստին վերականգնել թավշյա անտերության երկու տարիներին ավերված տնտեսությունը։ Ահա թե ինչու նախագահ Ռոբերտ Քոչարյանի հուլիսի 29-ի հարցազրույցը այդքան սպասված էր ու աննախադեպ հետաքրքրություն առաջացրեց։

Հայաստանն ու հայ ազգայինը ոչնչացնելուն նպատակաուղղված թուրքական սադրանքն ու պատերազմի սպառնալիքը հենց Փաշինյանի վարած սորոսացման ու հոլիվուդացման քաղաքականության պլանավորված շարունակությունն է, ինչի մասին նախագահ Քոչարյանը առանձնակի ընդգծեց. «Ինձ անհանգստացնում է այն ամենը, ինչը տրամաբանված չէ։ Չտրամաբանված երևույթների մեջ դու տեսնում ես կամ վտանգավոր միտումնավորություն կամ հարցի կարգավորման էության չհասկացվածություն։ Հարցը քրեական հետապնդումը չէ, հարցը երկրում վարվող քաղաքականությունն է, որը վտանգում է երկրի գոյությունն ընդհանրապես և Արցախի գոյությունը։ Այս քաղաքականության պարագայում չլիներ քրեական հետապնդումը, մեկ է՝ ես պետք է վերադառնայի քաղաքականություն։ Ես չեմ համարում, որ նախկին նախագահը, տեսնելով իրական վտանգները երկրի համար, հատկապես իմ կենսագրությունն ունեցող նախագահը, պետք է անտարբեր մնար, չարձագանքեր կամ չփորձեր ինչ-որ բան փոխել»։

Նախագահ Քոչարյանը հարցազրույցի ընթացքում թեզիսներով նաև հուշեց այն ամենը` ինչը Փաշինյանը չի գիտակցել առայսօր, այն բոլոր քայլերը, որոնք նա պարտավոր էր, սակայն չի արել երբեք և առկա իրավիճակում պարտավոր է անել անհրաժեշտորեն.

- այս կոնֆլիկտը լուծում չունի. տևելու է շատ և շատ երկար

- եթե քո մարտական դիրքը հարմար է, դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք և հակառակը՝ մյուս կողմի համար

- անհրաժեշտ է միշտ մտածել դիրքերը բարելավելու և ամրապնդելու մասին

- այցելել առաջին գիծ և կազմել առաջնագծում արվելիք աշխատանքների տարեկան ծրագիր, լուրջ միջոցներ ներդնել դիրքերը բարելավելու համար

- բանակի ղեկավարության սուրբ պարտականությունն է` յուրաքանչյուր հատվածում յուրաքանչյուր հնարավորության դեպքում ամրապնդել դիրքերը

- Ադրբեջանում կա ոչ միայն ռևանշի ձգտող իշխանություն, այլև ռևանշի ձգտող ժողովուրդ. երբ այս երկուսը միանում են` պատերազմի վերսկսման վտանգը շատ է մեծանում

- կառավարությունը պետք է խոստովանի, որ սխալ քաղաքականություն է վարել և պետք է ընդունի, որ ունենք պատերազմի վերսկսման առավել վտանգավոր իրավիճակ

- ռուսական բազան Հայաստանից հանելու պահանջով ՌԴ դեսպանատան դիմաց ցույց անողները պետք է հասկանան, թե ինչ կարող էր լինել, եթե Ռուսաստանն իր ռազմաբազայով ներկա չլիներ Հայաստանում

- զորավարժությունը Նախիջևանում ուժի ցուցադրում է, զգուշացում. սա հնարավոր սցենար է

- ուղղակի պետք է կարդալ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը, և բանակցային գործընթացում բոլոր քայլերը պետք է բխեն այդ հռչակագրից

- հնարավոր չէ հետ բերել բանակցային դիրքերն առանց կորուստների, բայց հետդարձը հնարավոր է

- ուղղակի չի կարելի ենթարկվել որևէ շանտաժի, կապրիզներին չպետք է գերի դառնալ երբեք

Հարցազրույցը հնարավոր բոլոր իմաստներով ու առումներով ակնբախ ցույց տվեց նախագահ Քոչարյանի անվերապահ առավելությունները օրվա վարչապետի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանի դեմքն ու կերպարն այլևս բացահայտ է անգամ իր կռապաշտների ու թավշականների համար։ Ուստի Ռոբերտ Քոչարյանի այս ընդգծումն իրավամբ կարող են ուղենշային ընկալել բոլոր-բոլորը. «Արդեն կայացել է կոնսենսուս մինուս մեկը։ Բոլորը հասկանում են և ընդունում, որ իշխանությունը պետք է փոխվի։ Բոլորը հասկանում են, որ իշխանություններն իրենց կամքով չեն գնալու, իշխանությունը փոխելու ճանապարհը հանրային զանգվածային ճնշումների արդյունքում կարող է լինել։ Օրակարգը ձևավորված է, ուղղակի պետք է լուրջ կազմակերպվածությամբ իրականացնել գործը։ Սա ինքնանպատակ չպետք է լինի, պետք է սա անել երկրի համար»։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ