Պետեկամուտների հրապարակած տեղեկատվության համաձայն, այս տարվա հունիս ամսին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են մոտ 96 մլրդ դրամ։ Պատկերացնելու համար, թե դա ի՞նչ կտրուկ անկում է, տեղեկացնենք, որ անցյալ տարվա հունիսին հարկային եկամմուտները կազմել էին 142 մլրդ դրամ։ Այսինքն, այս տարվա հունիսին բյուջեն 46 մլրդ դրամով կամ մոտ ուղիղ մեկ երրորդով ավելի քիչ գումար է մտել, քան անցած տարվա հունիսին։
Մայիս ամսին մոտ 21 մլրդ դրամով պակաս հարկային եկամուտներ է մուտք գործել պետբյուջե, ապրիլին էլ 14 մլրդ դրամով պակաս։ Ստացվում է, որ միայն վերջին երեք ամիսներին պետական բյուջեն պակաս է ստացել մոտ 81 մլրդ դրամ։ Ակնհայտ է, որ այս միտումը խորանալու է հաջորդ ամիսներին, քանզի մենք արդեն հայտնվել ենք սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամի մեջ։
Ակնհայտ է, որ այդ ճգնաժամը շատ ավելի ծանր է լինելու Հայաստանում, քան համաշխարհային տնտեսության ճգնաժամը։ Դրա պատճառն այն է, որ անցած երկու տարիներին Նիկոլ Փաշինյանն ու նրա «թավշյա» խումբը ամեն ինչ արեց մեր տնտեսությանը ծանր հարվածներ հասցնելու, ներդրողներին Հայաստանից վանելու ուղղությամբ։ Մյուս կողմից էլ, դարձյալ ներկայիս իշխանության անլուրջ մոտեցման պատճառով մեր երկրում կորոնավիրուսն ավելի մեծ տարածում է ստացել՝ Հայաստանը 1 մլն մարդուն ընկնող վարակակիրների թվով աշխարհի ամենավատ ցուցանիշ ունեցող տաս երկրների թվում է։ Բոլորս հիշում ենք, թե կորոնավիրուսի տարածմանն ինչպես էր նպաստում Նիկոլ Փաշինյանը իր նախաձեռնած հանրաքվեի ժամանակ մարդաշատ հանրահավաքներով։ Վերադառնանք բյուջեի եկամուտներին։
Բանն այն է, որ դրանք նվազել են արդեն վեց ամիսների՝ հունվար-հունիսի ցուցանիշով։ Անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի բյուջեի հարկային եկամուտները նցազել են մոտ 4,6 տոկոսով։ Դարձյալ ՊԵԿ տեղեկատվության համաձայն, հարկային եկամուտներն այս տարվա հունվար-հունիսին կազմել են 680 մլրդ դրամ։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հարկային եկամուտները 713 մլրդ դրամ էին՝ նվազումը 33 մլրդ դրամ։
Այս ամենից եզրակացություններն անմխիթարական են։ Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով Ազգային Ժողովը փոփոխություններ կատարեց պետական բյուջեում՝ նվազեցնելով պետական բյուջեի եկամուտները մոտ 169 մլրդ դրամով նախապես հաստատվածի համեմատ։ Ներկա պահի դրությամբ եկամուտների անկման տեմպը ամսե-ամիս ավելանում է։ Ինչպես արդեն նշեցինք՝ ապրիլին 14 մլրդ դրամով, մայիսին՝ 21 մլրդ դրամով, հունիսին՝ 46 մլրդ դրամով։ Եթե տարվա մնացած վեց ամիսներին այս տեմպը չխորանա, այլ պահպանվի գոնե միջին ամսական 30 մլրդ դրամ նվազման սահմաններում, ապա միայն տարվա երկրորդ կեսին նվազումը կլինի ավելի՝ քան նախատեսված 169 մլրդ դրամը կամ մոտ 180 մլրդ դրամ, չխոսելով արդեն տարվա առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրված 33 մլրդ դրամ նվազման մասին։ Եվ սա լավատեսական սցենարի դեպքում։ Սակայն հաշվի առնելով, թե ով է գտնվում իշխանության գլխին, իրականությանը շատ ավելի վատթար կարող է լինել։ Դա դժվարություններ կստեղծի բյուջեի ծախսերի կատարման՝ այդ թվում նաև աշխատավարձերի և կենսաթոշակների տրամադրման վրա։ Բնականաբար, դժվարությունները չեն ազդի իշխանական աշխատավարձերին ու աստղաբաշխական պարգևատրումներին՝ դրանք ցանկացած պարագայում նորօրյա իշխանավորները կստանան։ Դա բազմիցս երաշխավորել է Նիկոլ Փաշինյանը։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը