17 07 2020

Ինչի՞ կարող են հասցնել գործընթացները

Ինչի՞ կարող են հասցնել գործընթացները

Ադրբեջանը ռազմական ողջ ներուժով հարձակվել է հենց Հայաստանի վրա։ Ռազմական բոլոր հնարավորությունները կիրառելով իրագործված այս թշնամական ագրեսիան ունի տարածքներ գրավելուն անթաքույց նպատակ Հայաստանի հետ սահմանի ա՛յն գոտում, որտեղ տարածքային վեճեր չկան։ Ադրբեջանը ուղղակիորեն ու բացահայտ պատերազմ է սանձահարել։ Արդեն սադրած պատերազմի հաջորդ ու անվերապահ թիրախը լինելու է Արցախը։ Պատերազմական ավանտյուրան սկսած Իլհամն ակներևաբար հնարավոր ամեն ինչ անելու է` անցած օրերի զարգացուներից այլևս անխուսափելի դարձած պարտությունը նո՛ր զինադադար մուրալու միջոցով գոնե հետաձգելու համար։ Հանուն այս կերպ իշխանությունը պահելու` բացառված չէ, որ նա պատերազմական գործողություններ սադրի նաև Նախիջևանի սահմանագծին ու հայկական բանակին ստիպի մարտնչել երկու ճակատով։

Փոքր եղբոր այս ռազմատենչ ոտնձգությունը Թուրքիան իր ողջ իշխանական համակարգով անմիջականորեն ու անվերապահորեն սատարեց։ Սա ահազանգ է ողջ աշխարհին։ Ադաթուրքի ստեղծած աշխարհիկ պետության բոլոր հիմքերն ու ողջ կառուցվածքը քանդող, Թուրքիան իսլամացնող Էրդողանը բացահայտ միտումով է իր ադրբեջանցի եղբայր Իլհամին դրդում` պատերազմ սադրել Հայաստանի, ապա` Արցախի դեմ։

Տարածաշրջանային խոշոր, ծավալուն, տևական պատերազմից և դրան իր էական ու անմիջական մասնակցությունից ամեն կերպ խուսափող Էրդողանը ամեն ինչ կխոստանա Իլհամին, բայց չի անի գրեթե ոչինչ։ Այլապես առնվազն Իրանից, Իսրայելից, Ռուսաստանից, Չինաստանից ու արաբական աշխարհից անմիջապես կստանա իր սուլթանական, պանթուրքական նկրտումները հոդս ցնդեցնող հուժկու, կործանիչ հարված։ Ադրբեջանի առումով Թուրքիայի նկրտումը գրեթե թափանցիկ է։ Էրդողանը պարզապես ուզում է իսլամացնել Ադրբեջանը։ Իսկ իր այս նպատակն իրագործելու ամենահեշտ ու ամենաէժան ուղին` ալիևների կլանն իշխանազրկելու և իշխանությունը փաշաևներին հանձնելու ծրագիրն է։

Հենց այն, որ Իլհամը հրապարակավ սպառնում է պետական ահաբեկչություն իրագործել` հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը, ապա իր դեսպաններին «անթաքույց դավաճաններ» է անվանում և ազատվում է արտգործնախարաից, իսկ նորին հրամայում է հարձակողական դիվանագիտություն վարել, հրաժարվել բանակցային գործընթացից ու բոլոր միջնորդական առաջարկներից, հուշում են, որ Իլհամին լուջորեն խաբելով։ Նրան վախեցրել են, և նա ընդամենը կուրորեն Էրդողանի թելադրանքն է կատարել` մինչև գլխի չի ընկել, որ իրեն կործանման ուղու վրա են դրել։ Իսկ մինչ նա խարխափում է անորոշության մեջ, մեր հարավային սահմանին Թուրքիայի ակտիվ աջակցությամբ կարող են հայտնվել Սիրիայից փախած ու մինչ այս Թուրքիայում հանգրվանած իսլամիստ գրոհայիններ։ Սա լուրջ հավելյալ գործոն է, որ ՌԴ-ին կմղի ուժեղացնել իր ուշադրությունը, ապա նաև` ներկայությունը մեր տարածաշրջանում։

Չինաստանը ևս չի կարող անտարբեր լինել, քանի որ ույղուրների ցանկացած ակտիվացում անմիջականորեն ու անհապաղ կանխելու ներքին անհրաժեշտություն ունի։ Իրանը նույն կերպ անհրաժեշտորեն պարտավոր կլինի կանխել իր հյուսիսում բնակվող էթնիկ ադրբեջանցիների ամենայն ակտիվացում։ Իրենց շահագրգիռ ու միանշանակ հակաթուրքական դրսևորումները կունենան Հունաստանն ու Կիպրոսը։ Անմասնակից չի կարող մնալ Իսրայելը։ Որոշակորեն կակտիվանան քրդական ու այլ զինված խմբավորումները։

Այս իրավիճակում միանգամայն պերճախոս է ՆԱՏՕ-ի լռությունը։ Նույնպիսի խորհրդավորություն է ստանում Իլհամի հետ ուղիղ հեռախոսակապ ունեցող Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի պահվածքը։ Մասնավորապես. անիմաստ այցը Բելառուս, կամ ՀԱՊԿ-ի մասին անհստակ ու անհասցե ակնարկները, երբ փաստացի բացակա է պաշտոնական Երևանի դիմումը, որն անհրաժեշտ է, կանոնադրության համաձայն, ՀԱՊԿ ռազմական օգնությունն ստանալու համար։

  Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ