15 06 2020

Հիմա արդեն բոլորն են մերժում Նիկոլ Փաշինյանին

Հիմա արդեն բոլորն են մերժում Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական արդյունավետ կոնսոլիդացիա ապահովող «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևն այլևս համընդհանուր բնույթ ունի։ Հիմա արդեն բոլորն են մերժում Նիկոլ Փաշինյանին ու պահանջում թավշյա ռեժիմի հրաժարականը։

Եթե առկա քաղաքական դաշտի խորհրդարանական երկրորդ ուժը 1 տարի առաջ` գնահատելով ռեժիմի 1 տարվա արածն ու կառավարման հետևանքները, խոսում էր 97%-ին փոխելու անհրաժեշտության մասին, ապա հիմա պնդում է, որ ամեն ինչ կործանման եզրին է, ոչ մի բացառություն չի անում ու պահանջում է 100%-ի հրաժարականը։ Երբ ամենազգուշավոր քաղաքական գործիչն է բաց տեքստով ասում` «երկիրը փորձադաշտ են դարձրել», «բոլոր ոլորտները ձախողված են», «չենք կարող ձեռքներս ծալած նստել, սպասել», «իմ ու քոն պետք է չլինի», «տնտեսական, սոցիալական, քաղաքական, ռազմական հարցերը երբեք այսքան սրացված չեն եղել», նշանակում է` էլ զգուշանալու տեղ չկա ու հապաղելն աղետալի է լինելու բոլորի համար։

Երբ նախորդ նախագահ-վարչապետի անկասկած լավ իրազեկ փեսան երկար լռությունից հետո, բայց արագացող հաճախականությամբ սկսում է մեղադրանքների դեռ վերջը չերևացող տարափ ներկայացնել թավշյա վարչապետի ու կոռուպցիոն  հովանավորությամբ գործող նրա ընտանեկան կլանի նկատմամբ, ուրեմն ճշմարիտ է վաղուց օդում կախված լուրը, որ անձիշխանական ընտանիքը որդու զորացրվելուց անմիջապես հետո փորձելու է թռնել մեր երկրից։ Երբ ադամանդի, ծխախոտի ու  զենքի մաքսանենգ առևտրի, թշնամու հետ ազգադավ պայմանավորվածությունների մեղադրանքները հաստատող փաստեր ու փաստաթղթեր են հրապարակվում, իսկ դրանք հերքելու անգամ փորձ չի ձեռնարկվում, բայց պարտակելու անխոհեմ քայլեր են կատարվում, նշանակում է` թավշյա իրավապահները չունեն հակափաստարկներ և չեն ուզում հանուն պաշտոնը մի քանի օր էլ պահելու` այնպես կեղտոտվել, որ հետո մաքրվելն անհնարին դառնա։                

Ռեժիմի անկարողության և Նիկոլ Փաշինյանի հանցանքների ու սխալների մասին արդեն, մեկը-մյուսին հերթ չտալով, աղաղակում են հեղափոխական կեղծիքը սատարելու համար ստեղծված ու գնված կուսակցությունները։ Իսկ նշանակված կամ դրածո դաշնակիցները սուսուփոս թաքնվել են սորոսյան գրասենյակներում կամ լքել են Հայաստանը։ Ովքեր դեռ երեկ հպարտ էին, որ քայլել են ուսապարկի հետևից, որ հայրենիքին ծառայելուց խուսափած դասալիքի զինակիցն են, որ գաղափարական բոլոր իզմերը մերժած, սորոսիզմով, պոպուլիզմով ու դիլետանտիզմով կառավարողի գաղափարակիրն են, այսօր իրարից առաջ ընկնելով` հրաժարվում են պաշտոնից ու մանդատից, ազատման դիմումներ են գրում։

Մարդիկ չեն ուզում կրել վարչապետի պաշտոնն ապօրինի զբաղեցրած անձի հանցավոր արարքների պատասխանատվությունը։ Մերժում են ժանդարմային կոշտ ուժով, ստով ու խաբեությամբ, ժողովրդին պետականի ու չպետականի բաժանելով, քաղաքացուն ճորտացնող ռեժիմ պարտադրելով ու սպառնալիքներով կառավարող վարչակարգը։ Եվ «մինուս մեկի» նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտում են հրաժարականներով ու ազատման դիմումներով։ Մինչդեռ, Փաշինյանը չունի նրանց փոխարինելու ընդունակ կադրեր, ընդհանրապես չունի հավատարիմ ու հուսալի կադրեր և ստպված է ատամներով բոլորին պահել իրենց տեղերում։ Իսկ պահելու համար սպառնում է` նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցել ու տոտալ հաշվեհարդար սկսել։

Ակնհայտ է, որ ո՛չ միշտ է հաջողվում, բայց Փաշինյանը նաև` այլ ելք չունի էլ։ Կողքին մնացած կադրերն այնքան անպիտան են, որ ում էլ նախարար նշանակի կամ մանդատ տա, ավելի վատն է լինելու, քան այսօր պաշտոնավարող շատերը, որոնցից դժգոհ ենք։

Իսկ եթե թավշյա կապանքներից ազտվել ցանկացող 22-25 իքականները, ԲՀԿ-ն ու ԼՀ-ն անեն այն, ինչ հիմա ասում են, չտրվեն քաղաքական առևտրի գայթակղությանը, լինեն պետականամետ ու առաջնորդվեն խելամտությամբ, ապա ո՛չ միայն Փաշիյանը կկորցնի խորհրդարանում մեծամասնությունը, այլև ԱԺ-ն կարող է վարչապետ փոխել։

Փաշինյանը թեև գիտակցում է քաղաքական զարգացումների այս հեռանկարի անխուսփելիությունը, բայց չի լուծարի գործող ԱԺ-ն, քանի որ հասկանում է նաև, որ ո՛չ իրեն, ո՛չ էլ իր ՔՊ-ին այլևս ոչ ոք իր քվեն չի տա։ «Կոնսենսուս մինուս մեկ»-ի հաղթանակի այս անխուսափելիությունն է պատճառը, որ շաբաթօրյա ճեպազրույցի ընթացքում ասիմպտոմ պացիենտը փաստացի խոստովանեց, որ վարակված լինելու «փաստը» լոկ իր սխալներն արդարացնելու միջոց է, որ հարկադրանք ու վարչական լծակներ կիրառելով` երկիրը բերել է դժոխային վիճակի, որ իր խոսքն այլևս ոչինչ է ժողովրդի համար, որ ինքն այլևս համընդհանուր արհամարհանք է առաջացնում, որ ունի միայն մեկ ելք. ժողովրդին հումանիտար աղետի մատնելով` դժոխքի միջից դուրս գալ հակառակ կողմից։

 Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ