11 06 2020

Ո՞վ է փոխհատուցելու COVID 19-ից մահերի համար, և ինչո՞ւ չկան հարուցված գործեր

Ո՞վ է փոխհատուցելու COVID 19-ից մահերի համար, և ինչո՞ւ չկան հարուցված գործեր

Մարդիկ, մեր հայրենակիցները շարունակում են մահանալ՝ covid-19 հիվանդության պատճառով: Միայն պաշտոնական տվյալների համաձայն, կոնկրետ կորոնավիրուսի հետևանքով արձանագրվող մահվան դեպքերի թիվը միայն հունիսի 11-ին ավելացել է 18 դեպքով և հասել է 245-ի: Մշտապես նշվող ու ոչ այնքան ընկալելի «այլ պատճառներով» մահվան դեպքերն էլ նկատի առնելու դեպքում ստացվում է 327:

Սա նշանակում է հարազատի կորցնելու վշտի ու դժբախտության մեջ հայտնված 327 ընտանիք: Մյուս կողմից, ինչպես մահվան դեպքերի, այնպես էլ վարակվածների՝ արդեն 15 հազարին հասնող տխուր ցուցանիշը, առհասարակ, այս աղետի առումով երկրում ստեղծված իրավիճակը փաշինայանական կառավարության գործունեության թերևս ամենից ամփոփ ու խոսուն գնահատականն է:

Ի դեպ, Փաշինյանի գլխավորած իշխանության մոտեցումների մասին: Հարց է ծագում. արդյո՞ք իշխանությունը մտածում է մահացածների հարազատներին փոխհատուցելու մասին: Համենայն դեպս, այս «արտակարգ դրության ռեժիմի» ընթացքում ինչի մասին ասես՝ խոսակցություններ ու քննարկումներ եղան: Ասենք, ինչո՞ւ միայն քննարկումներ: Կոնկրետ օրենքներ ու որոշումներ ընդունվեցին: Ավելին, ընդունվեցին հիմնականում քաղաքացիներին տուգանելու, պատժելու վերաբերյալ նախագծեր: Դիմակ չդնելու համար՝ տուգանք, ինքնամեկուսացման պայման խախտելու համար՝ տուգանք, գումարած նաև, եթե փռշտացել ու ակամայից վարակել է այլոց՝ քրեական պատասխանատվություն: Բայց կարծես որևէ խոսակցություն, քննարկում, նախագիծ այս ընթացքում չի արձանագրվել, որ կառավարությւոնը նախատեսում է փոխհատուցում տրամադրել վարակի հետևանքով մահացած հայրենակիցների ընտանիքի անդամներին, հարազատներին, հաշվի առնելով որ պետությունը երբ հայտարարում է Արտակարգ դրություն, պարտավոր է ապահովել մարդկանց առողջապահական ծառայությունների ստանալն պատշաճ որակի և ժամանակին:

Նկատենք, որ տարբեր տարիքի հայրենակիցներ են մահացել: Նրանց շարքում կան այնպիսիք, որ տան հիմնական կերակրողն են եղել: Եվ ո՞վ պետք է առաջանցիկ ու արագ մտածեր այս ու նման հարցերի մասին, եթե ոչ՝ «ժողովրդական», «ժողովրդասեր», «սիրող-խոնարհվող» իշխանությունը՝ իր կառավարությամբ ու վարչապետով հանդերձ: Առավել ևս, որ այս վարակից մարդկանց մահանալու հարցում իշխանությունը կոնկրետ պատասխանատվություն է կրում, ընդունո՞ւմ կամ գիտակցո՞ւմ է ինքն այդ հանգամանքը, թե՞ ոչ:

Այն բանից հետո, երբ կառավարության ղեկավարի՝ վարչապետի կարգավիճակ ունեցող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գրանցվել է 2 դեպք, երբ մարդիկ կորոնավարակից մահացել են այն պատճառով, որ վերակենդանացման բաժանմունքում տեղ չի եղել, առաջ է գալիս նաև քրեական պատասխանատվության հարց: Առավել ևս, եթե այդ հայտարարությունը համադրում ես այս օրերին ակտիվ շրջանառված այն լուրերի ու վկայությունների հետ, որ մի քանի մասնավոր կլինիկաներում կազմ-պատրաստ եղել ու էլի պատրաստ են ընդունել վարակվածների, սակայն նրանց այդպես էլ չեն դիմել:

Սա, ինքնին, առաջ է բերում ինչպես նշված 2 դեպքի, այնպես էլ՝ մնացած բոլոր մահվան փաստերով քրեական գործ հարուցելու և մանրակրկիտ ու համակողմանի քննություն իրականացնելու հարցը, որին նախօրեին բավականին հանգամանորեն և մասնագիտական հիմնավորումներով անդրադարձավ Գևորգ Կոստանյանը: 

Իսկապես հարց է ծագում. ինչո՞ւ Փաշինյանի կառավարությունը, այսպես ասած՝ սեփական նախաձեռնությամբ, մինչև հիմա քրեական գործ չի հարուցել և քննություն չի սկսել: Վերջիվերջո ավելի քան 300 մարդ է մահացել, ավելի ստույգ՝ 327: Նրանցից առնվազն երկու մարդ մահացել է այն պատճառով, որ վերակենդանացման բաժանմունքում տեղ չի եղել: Էլ ի՞նչ պիտի կատարվեր, որ իշխանությունը քրեական վարույթ սկսելու նախաձեռնությամբ հանդես գար:

Առավել ևս, այն իշխանությունը, որը արտակարգ դրություն հայտարարելուց գրեթե անմիջապես հետո, առաջին քայլերից մեկը, ինչ արեց՝ քրեական օրենսգիրքը 124.1 հոդվածով լրացնելն էր, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելու համար: Նույն հոդվածով նախատեսվում է նաև 3-5 տարի ազատազրկում, եթե վարակելը «անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:

Հարց է ծագում. եթե կառավարությունը, իշխանությունը տեղին է համարում վարակելը քրեականացնելը, մի՞թե իրավունք ունի անտեսել մարդկանց մահը, որը նշված երկու դեպքում վրա է հասել ժամանակին համապատասխան բուժօգնություն չստանալու հետևանքով: Իսկ մի՞թե դրանից առնվազն կասկած չի ծագում մահվան մյուս 325 դեպքերի վերաբերյալ և, գոնե լիարժեք պարզելու, բացահայտելու, թե ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ պատճառներով են մարդիկ մահացել:

 

Արմեն Հակոբյան

  

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ