01 06 2020

Անխտիր բոլորիս գույքահարկն ավելանալու է տասնյակ և հարյուրավոր անգամներով

Անխտիր բոլորիս գույքահարկն ավելանալու է տասնյակ և հարյուրավոր անգամներով

Հայաստանի իշխանությունը սեղմում է հարկային խեղդօղակը՝ պարտադրելով ավելի քան 1 մլն մարդու եկող տարվանից սկսած վճարել գույքահարկ, որից նրանք ազատված էին նախկին իշխանության օրոք, իսկ մյուսների համար անխտիր՝ բազմապատիկ ավելացնելով վճարվող գույքահարկը։ Սա սոցիալական ահաբեկչություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Թե ինչ վայնասուն կբարձրացներ Նիկոլ Փաշինյանը, եթե նման բան աներ ցանկացած այլ իշխանություն՝ սկսած նրա ընտանեկան թերթի առնվազն 8 էջերը այդ թեմային նվիրելուց, վերջացրած ԱԺ ամբիոնից նրա ճղճղան ելույթներով, դժվար չէ պատկերացնել։ Ինչևէ։

Կառավարության ընդունած այդ որոշման հիմնական բացասական հետևանքների մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ։

Այժմ այն մասին, թե «ժողովրդի» վարչապետը ինչ չափի նոր հարկ է դնում իր կառավարման երկու տարիների և ներկայիս ճգնաժամի պատճառով ծանրացած սոցիալական հոգսերի տակ հայտնված ժողովրդի վզին։ «Մենք զուտ բանաձևով ստանում էինք դեպքեր, երբ գույքահարկը 300-400 անգամ բարձրանում է: Որոշեցինք տեղայնացնել եւ պարզեցինք, օրինակ, որ դա այն դեպքերն են, երբ ասենք այսօր վճարվում է 1 դրամ, օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարի 300 դրամ: Կամ որ դեպքում է, որ 200 տոկոսով աճում է հարկը, դա այն դեպքն է, որ ասենք հիմա վճարում է 500 դրամ, բայց պետք է վճարի 1000 դրամ: Իհարկե, կան դեպքեր, որ հարկը 2-3 անգամ ավելանում է, բայց դա արդարացի ենք համարում, որովհետեւ այսօր մեծ դղյակներ կան, որ տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն 15 մլն դրամ», ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա այս խոսքում սովորականի նման համատեղված են սուտն ու թվերի մանիպուլյացիան՝ գումարած անգրագիտությունը։

Այն, որ հարկը կարող է բարձրանալ 300-400 անգամ անևերակայելի ցինիզմ է, բայց կրկնակի ցինիզմ է, երբ Նիկոլ Փաշինյանն այդ օրինակը բերում է 1 դրամի վրա։ Այն, որ 1 դրամ վճարվող գույքահարկ չկա, դժվար չէ ենթադրել շինությունների գույաքահարկի ներկայիս սանդղակից, որը կցվում է։ Այնտեղ նշված է, որ 3 մլն-ից մինչև 10 մլն գնահատված արժեք՝ այսինքն հարկման բազա ունեցող գույքի գույքահարկի նվազագույն չափը 100 դրամն է՝ գումարած 3 մլն դրամը գերազանցող արժեքի 0,1 տոկոսը։ Պարզ է դառնում, թե Նիկոլ Փաշինյանը ինչու հիմք չի ընդունում «ասենք 100 դրամը» և դա բազմապատկում 300-ով կամ 400-ով։ Այդ դեպքում, ըստ նրա հաշվարկի, 100 դրամի փոխարեն գույքահարկը կդառնա 30-40 հազար դրամ։

Դիտարկենք երկրորդ օրինակը՝ «500 դրամը 200 տոկոսով ավելանալու դեպքում պետք է վճարվի 1000 դրամ»։ Նախ՝ 500 դրամը 200 տոկոսով ավելանալու դեպքում գույքահարկի գումարը կդառնա ոչ թե 1000 դրամ, այլ 1500 դրամ (500 դրամ+1000 դրամ)։ Տարրական թվաբանակն գիտելիքներ ունենալն ամեն դեպքում չէր խանգարի վարչապետի պաշտոնին հայտնված մարդուն։ Սակայն այստեղ նույնպես Նիկոլ Փաշինյանը ստում է։

Եթե ներկայումս 500 դրամ է վճարում ըստ գործող սանդղակի 3,4 մլն դրամ գնահատված գույք ունեցողը (100 դրամ` գումարած հարկման բազայի 3 մլն դրամը գերազանցող գումարի 0,1 տոկոս), ապա նոր օրենքի գործարկումից հետո այդ թիվը բազմապատիկ կավելանա։ Բանն այն է, որ եթե գույքահարկի հաշվարկման համար ներկայումս հիմք է ընդունվում գույքի շուկայական արժեքից էապես ցածր կադաստրային արժեքը, ապա նոր օրենքով հիմք է ընդունվելու գույքի շուկայականին մոտ արժեքը։ Մասնավորեցնենք ասվածը կոնկրետ օրինակով։

Ենթադրենք Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող երկու սենյականոց բնակարանի համար հիմա վճարվում է վերոնշյալ 500 դրամ գույքահարկը, որը հաշվարկվել է հիմք ընդունելով այդ բնակարանի կադաստրային արժեքով հաշվարկված հարկման բազան։ Ի՞նչ է տեղի ունենալու նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այս գույքի հետ։

Եթե վերոնշյալ բնակարանի շուկայական արժեքը լինի պայմանականորեն 20 մլն դրամ, ապա այն ընկնելու է «10 միլիոն դրամից մինչև 25 միլիոն դրամը ներառյալ» հարկման բազայում։ Գույքահարկն այդ գույքի դեպքում կլինի 5000 դրամ` գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0,1 տոկոսը։ 20 մլն դրամ շուկայական արժեքից հանենք 10 մլն դրամը, կստացվի մնացած 10 մլն դրամ։ 10 մլն դրամի 0,1 տոկոսը 10 հազար դրամ է, որին եթե գումարենք 5000 դրամը, ապա վերոնշյալ բնակարանի գույքահարկը կկազմի 15000 դրամ, այլ ոչ թե 1000 դրամ, ինչպես մարդկանց փորձում է խաբել Նիկոլ Փաշինյանը։ Դա ներկայումս տվյալ դեպքում վճարվող 500 դրամ գույքահարկը գերազանցում է 30 անգամ, այլ ոչ թե՝ «200 տոկոսով»։  Ոմանք կառարկեն, թե հարկման բազայի համար հիմք ընդունվելու է ոչ թե հենց շուկայական, այլ դրան «մոտարկված» արժեքը։ Թող լինի մոտեցվածը, որքանո՞վ այդ դեպքում գույքահարկը պակաս կլինի վերոնշյալ 15 հազարից՝ 10 տոկոսով, թե՞ 20 տոկոսով։ Ամեն դեպքում 500 դրամը առնվազն կդառնա 12 հազար դրամ և ոչ մի աչքակապությամբ դա ժխտելն անհնար է։

Նիկոլ Փաշինյանի մատնանշած երրորդ օրինակում, որտեղ 800 հազար դրամը 2-3 անգամ բարձրացնելուց հետո այն դառնում է … 15 մլն դրամ (!!!), նույնպես առկա է տարրական թվաբանության չիմացություն համատեղված ստի հետ։

Դիտրակենք թանկարժեք՝ 220 մլն դրամ շուկայական արժեք ունեցող տան օրինակը։ Ըստ անհատական բնակելի տան գույքահարկի հաշվարկի սանդղակի, դրա համար պետք է վճարվի 423500 դրամ գումարած 120 մլն դրամը գերազանցող մասի 1 տոկոսը։ Տվյալ դեպքում խոսքը 100 մլն դրամի (220 մլն դրամից հանած 120 մլն դրամ) 1 տոկոսի կամ 1 մլն դրամ կազմող գումարի մասին է խոսքը։ Կստացվի, որ այդ թանկարժեք՝ 220 մլն դրամանոց կամ մոտ 450 հազար դոլարանոց  դղյակի գույքահարկը կկազմի ոչ թե 15 մլն դրամ կամ դրան մոտ գումար, այլ 1 մլն 423 հազար 500 դրամ կամ 10 անգամ պակաս «հպարտների» վարչապետի մատնանշած թվից։ Սա պայթեցնում է Նիկոլ Փաշինյանի այն սուտը, թե գույքահարկի փոփոխությունները արվում են դղյակներ և ապարանքներ ունեցողներին ավելի մեծ չափով հարկելու համար։ 

Ինչ վերաբերվում է ամենախոցելի խավին, որոնց ունեցած գույքի կադաստրային արժեքը չի գերազանցում 3 մլն դրամը և որոնք, ըստ իշխանական պատգամավորի, շուրջ 275 հազար ընտանիքներ են կամ ավելի քան 1 մլն մարդ, ապա ապա նոր օրենքի ընդունումից հետո նրանց միայն աննշան մասն է ներկայիս 0 դրամի փոխարեն վճարելու նվազագույն դարձած 5000 դրամը բնակարանների դեպքում կամ 3500 դրամ՝ անհատական տների դեպքում։ Պատճառը նույնն է, այսուհետ այդ գույք ունեցողների չնչին մասն է հայտնվելու մինչև 10 մլն դրամ արժեքով բնակարան կամ մինչև 7 մլն դրամ արժեքով անհատական տուն ունեցողների մեջ, քանի որ գույքը գնահատվելու շուկայական արժեքով և ավելի մեծ է հավանակությունը, որ այդ գույքի մեծ մասը հայտնվելու է 10 մլն-ից մինչև 25 մլն դրամ հարկման բազա ունեցող բնակարանների կամ 7 մլն-ից 23 մլն դրամ հարկման բազա ունեցող անհատական տների տողում։

Համեմատելու հնարավորություն ընձեռնելու նպատակով տեղադրում ենք գույքահարկի հաշվարկման նախկին և նոր սանդղակները։ Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ նոր սանդղակով գույքահարկը հաշվարկվելու դեպքում հիմք ընդունեք ձեր գույքի շուկայական արժեքը, այլ ոչ թե էապես ցածր՝ կադաստրային արժեքը։

Արա Մարտիրոսյան

Շինությունների գույքահարկով հարկման ներկայումս գործող սանդղակը․

Բազմաբնակարան շենքերի բնակարանների հարկման նոր սանդղակը․

Անհատական բնակելի տուն և այգետնակ համարվող անշարժ գույքի հարկման նոր սանդղակը.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ