Դժվար է ասել, թե ում համար՝ ինչպես, կամ ով ինչ հույսեր և սպասումներ ուներ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Դանիբեկյան) մայիսի 13-ի նիստից, բայց տողերիս հեղինակը այլ բան չէր ակնկալում իշխանության դատական ներկայացուցչուհուց, քան այն, ինչ եղավ: Դատավորը մերժեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող կալանքը դադարեցնելու վերաբերյալ փաստաբանների բոլոր միջնորդությունները, ներառյալ՝ ՀՀ ու Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությունները:
Կարելի է հենց միայն այդ վերջին հանգամանքը համակողմանի վերլուծել՝ լիարժեք ընկալելու համար, թե ինչ խորխորատներում մնացած անձինք են հայտնվել պետության ղեկին: Բայց դա էլ արդեն առանձնապես հետաքրքիր չէ, չնայած՝ կարևոր է:
Էական է այլ հարց, կարելի է ասել նաև՝ հետևություն:
Սկսենք այն բանից, որ այսպես կոչված՝ «մարտի 1-ի նոր գործը» ոչ միայն «ջուր է», այլև ամբողջությամբ քաղաքական է: Հենց միայն այն հանգամանքը, որ մեղադրանք է ներկայացված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 2008թ. փետրվար-մարտի դրությամբ պաշտոնավարող մի շարք նախկին բարձրաստիճան անձանց, այս «գործը» դարձնում է ընդգծված քաղաքական:
Նմանապես՝ քաղաքական է մեղադրանքը. Սահմանադրական կարգի տապալում: Ինքին իրավաբանական աբսուրդ է, երբ տվյալ պահին պաշտոնավարող նախագահին նման մեղադրանք է ներկայացվում մի բանի համար, ինչը անելն իր սահմանադրական լիազորությունն էր ու պարտականությունը նաև: Խոսքն արտակարգ դրություն մտցնելու և մայրաքաղաքի կենտրոնում սկսված զանգվածային անկարգությունները դադարեցնելուն ուղղված քայլերի մասին է:
Ակնհայտորեն քաղաքական են նշված «գործը» հարուցելու առանցքային հիմնառիթները: Որքան էլ նշվի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի անձնական քինախնդրության ու դրան հագուրդ տալու մղման մասին, կան գործող «թավշյա» իշխանապետի բացահայտ քաղաքական հետաքրքրություններ:
Առաջին՝ հնարավորինս չեզոքացնել ու մեկուսացնել Ռոբերտ Քոչարյանին՝ որպես հնարավոր ամենից ազդեցիկ ներքաղաքական հակառակորդի: Արցախի հերոս, ԼՂՀ ՊՊԿ ղեկավար ու առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելով՝ ինչ-ինչ զիջողական քայլերի պատրաստականություն ցույց տալ և նաև որոշ չափով թուլացնել հնարավոր ներքին դիմադրությունը, եթե «թավշյա» վարչապետը հարկադրված լինի բանակցություններում պարտվողական տարբերակի համաձայնել:
Ի լրումն՝ քաղաքականացված է իրականացվել «գործի» նախաքննությունը: Ընդգծված քաղաքական շեշտադրմամբ է ընթանում այս «գործով» դատավարությունը:
Ըստ որում, գրեթե լիովին գործադիր իշխանության կամակատարի դեր ստանձնած դատական իշխանությունը առնվազն երկու անգամ կոպտորեն, կարելի է ասել՝ ամենացինիկ կերպով ու ցուցադրաբար խորին արհամարհանք դրսևորեց Արցախի պետականության, իսկ մայիսի 13-ին էլ՝ Հայաստանի պետականության նկատմամբ, փաստացի բանի տեղ չդնելով նախկին ու նաև ԼՂՀ այդ պահին պաշտոնավարող նախագահների, ապաև՝ ՀՀ նախկին վարչապետերի անձնական երաշխավորությունները: Դա ևս քաղաքական վերաբերմունք էր: Ըստ որում, այնքան ցածր մոտեցում իշխանության կողմից, որ իրենց մանկլավիկների միջոցով ջանացին անգամ դատարանի դահլիճում վարկաբեկիչ ու պիտակավորող արտահայտություններ անել անձնական երաշխավորություն ներկայացրած գործիչների հասցեին:
Դա, մեծ հաշվով, գործող իշխանության որոշմամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող անարդարադատության և քաղաքական հետապնդման երևույթը ընդգծող լրացուցիչ ու նկատելի տարր է:
Բայց չշեղվենք հիմնական խնդրից:
Քոչարյանի նկատմամբ կիրառվող պատանդառության դադարեցումն ու նաև ամբողջական հանգուցալուծումը ևս կարող են լինել գերազանցապես քաղաքական զարգացումների արդյունքում:
Իհարկե, փաստաբանական թիմում համախմբված իրավաբանները ներկայացնում են այդ բնագավառի լավագույն մասնագետների մեծ մասին: Իհարկե, նրանք մասնագիտական բարեխղճությամբ ու փայլուն են կատարում իրենց գործը, բայց այս հարցի լուծումն ակնկալել իրավական հարթության վրա, կարծում եմ, միամտություն կլինի և քաղաքական կարճատեսություն:
Թերևս մեկուկես տարին բավարար էր՝ համոզվելու համար, որ ոչ մի իրավական փաստարկ ու հիմնավորում ոչ մի բանի տեղ չի անցնում: Անգամ այն դեպքերում, երբ, որքան էլ զարմանալի թվա, դատական համակարգում հայտնվում են 1-2 համարձակ և ինքնուրույն դատող, օրենքով ու փաստերով առաջնորդվող դատավորներ, նրանց նկատմամբ գործի են դրվում իշխանական ամբողջ պատժիչ համակարգը, վարձով վարկաբեկողների ագիտբրիգադները, անձամբ վարչապետի գլխավորությամբ հարձակում է կազմակերպվում դատարանների վրա: Չհաշված արդեն ԱԱԾ տնօրենի կողմից դատավորին որոշում պարտադրելու ուլտրախայտառակությունը:
Ասվածից չի հետևում, թե «գործի» ընթացքին իրավական հարթության վրա այլևս պետք չէ հետամուտ լինել: Ոչ, իհարկե: Պետք է:
Բայց նաև ակնհայտ է, որ երկրորդ նախագահի թիմն է այդ ամենը քաջ գիտակցում, որ արդեն իսկ անհրաժեշտ է անցնել քաղաքական կոնկրետ նախաձեռնությունների և քաղաքական գործողությունների: Դա նշանակում է կազմակերպչական որոշակի աշխատանք, նշանակում է ակտիվ ու նախաձեռնող քաղաքական միավորի ձևավորում, նշանակում է «կոնսենսուս՝ մինուս 1»-ի կայացման ձևակերպում և հետևողական քաղաքական պայքար՝ պոպուլիստ-պատեհապաշտապան իշխանության դեմ: Պայքար, որը վերաբերվելու է հարցերի ամբողջ փնջին՝ գաղափարաքաղաքական, անվտանգության և արտաքին-քաղաքական խնդիրներ, տնտեսական և սոցիալական հրատապ պրոբլեմներ, արժեքային և կրթական խնդիրներ, երկրի ու հասարակության զարգացման անհրաժեշտություններ:
Ժամանակը չի սպասում: Եվ ժամանակն աշխատում է նրա օգտին, ով գործում է:
Եվ վերջում, փաստացի ոչ միայն նախագահ Քոչարյանն է քաղաքական հետապնդման ենթարկվում, այլ Փաշինյանը իր իսկ ջանքերով ինքն իրեն սարքեց ու շարունակում է սարքել քաղաքական համար մեկ թիրախ ու ոչ միայն Քոչարյանի համար։ Այդ ամենի ընթացքում բացվեցին շատերի աչքերը, և համախմբումը կբերի իշխանության հեռացմանը․․․
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը