11 05 2020

Անդրանիկ Քոչարյանը բոլո՞ր դեպքերում է փաստերն այսպես աղավաղում

Անդրանիկ Քոչարյանը բոլո՞ր դեպքերում է փաստերն այսպես աղավաղում

Սադրանք էր Էդմոն Մարուքյանի կողմից և անթույլատրելի արարք։ Մոտավրոապես այսպես բնորոշեց օրեր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախօրեին «Ազատություն» TV-ի հետ զրույցում։

Նրա համոզմամբ, Սասուն Միքայելյանը իրեն որևէ ավելորդ արտահայտություն թույլ չի տվել, իսկ բուն միջադեպի առումով, ըստ Քոչարյանի պետք է քննություն իրականացվի։ Նա մանսավորապես, անդրադառնալով ծեծի դրվագին, ասել է․ «Լրատվական դաշտը և հայտնի կայքերը այն տեղեկատվության հետևից գնացին, որը տարածեց Էդմոն Մարուքյանը, որ իրեն հետևից խփել են, բայց խփել- չխփելը ոչ մեկը այդ իրավիճակում չէր կարող հստակ վերլուծել։ Խփողների մեջ, երբ որ ասում են Արտակ Մանուկյանի անունը, մի քիչ ինձ համար տարօրինակ է, նա բացի բաժանելուց, այլ բան չէր կարող անել»։

Անդրանիկ Քոչարյանը համոզված է, որ այո՛ պատգամավորները նետվեցին դեպի ամբիոն, բայց ոչ թե կռիվ անելու, այլ դա կանխելու համար, պատգամավորների խմբվածություն մի տեղում եղել է, սոցիալական հեռավորություն խախտվել է, դա ինքը ֆիքսել է, բայց այ ով ում հարվածեց, ըստ Քոչարյանի, հնարավոր չէ որոշել, կադրերը լրացուցիչ ուսումանիրության կարիք ունեն։

Դեմքի լուրջ արտահայտությամբ և նախանձելի վստահությամբ Անդրանիկ Քոչարյանը փորձում է հանրությանը, կամ առնվազն այն հատվածին, որ տեսածը հասկանալու խնդիրներ չունի, համոզել, որ այն, ինչ նրանք տեսել են իրենց աչքերով, իրկանում այն չէ, ինչ տեսել են։ Թե քանի մարդ կուզենա այսքան ակնհայտ և բացահայտ խաբվել, թողնենք նրանց ընտրությանը։ Ի դեպ, նկատենք, որ հոգեբանության մեջ նման մոտեցում կա, եթե չես կարողանում լուծել խնդիրը, անտեսիր այն, այլ կերպ ասած՝ չտեսնելու տուր։ Բայց հասկանում եք, չէ՞, որ այսկերպ խնդիրը, այնուամենայնիվ, չի լուծվում։

Քոչարյանի մյուս վերլուծություններին ու դատողություններին չանդրադառնալով, առանձնացնենք նաև մի հատված՝ կապված շշի հետ։ Այս հարցազրույցում նա նշում է, որ այդպես կանխել է երկրորդ շշանետումը Միքայելյանի կողմից, մինչդեռ երկու օր առաջ ԱԺ-ում ասում էր, որ պարզապես ուզել է ջուր խմել։

Պատգամավորի այս մեկնաբանությունները զավեշտալի կլինեին, եթե անտեսեինք այն հանգամանքը, որ նա ղեկավարում է խորհրդարանի կարևորագույն հանձնաժողովներից մեկը, ավելին, հանդիսանում է Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի նախագահ։ Հիշեցնենք, նաև, որ նա տարիներ շարունակ եղել է Մարտի մեկի գործով փաստահավաք խմբի անդամ։

Հարց է առաջանում, ինչպե ՞ս է օբյեկտիվ քննություն և համապատասխան եզրահանգումներ արել և անելու մի մարդ, ով բացահայտ իրողությունը փորձում է այլ լույսի ներքո ներկայացնել քաղաքական նկատառումներից ելնելով, որտե ՞ղ է երաշխիքը, որ մյուս հարցերում քաղաքական գործոնը չի գերակշռելու, ինչպե ՞ս վստահություն ունենանք, որ նա Մարտի մեկի գործով չի անտեսել ակնհայտ փաստեր, կամ էլ փորձել դրանք շրջել 180 աստիճանով, կամ գուցե հենց Քոչարյանի այս առանձնատակության շնորհիվ է հենց նրան հանձնարարվել այդ աշխատանքը։

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ