08 05 2020

Փոքր ու «անտեր» բիզնեսն ու նրանից գանձվող հարկերը՝ ըստ Փաշինյանի և իրականում

Փոքր ու «անտեր» բիզնեսն ու նրանից գանձվող հարկերը՝ ըստ Փաշինյանի և իրականում

Իր կառավարման երկու տարիների ընթացքում հարկային եկամուտների իբր 1 մլրդ դոլարով ավելացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակմամբ՝ փաստելով դրա սուտ լինելը։ Նույն օրը ՊԵԿ նախագահն իր գրառմամբ ըստ էության հաստատեց այն, ինչ ասել էինք մեր այդ հրապարակման մեջ։ Այսինքն, 199 մլրդ դրամը, որը Նիկոլ Փաշինյանը ներառելով հավելյալ հարկային եկամուտների մեջ խոսում է դրանք 1 մլրդ դոլարով ավելացնելու մասին, մուտք չի գործել պետական բյուջե և հետ չի վերադարձվել տնտեսվարողներին։ Ըստ ՊԵԿ նախագահի, դա «մարվել է գեներացված հարկային եկամուտների հաշվին»։ Պատահական չէ, որ ՊԵԿ-ի կողմից հրապարակված պաշտոնական տվյալներում այդ գումարը արտացոլված չէ։

Ի դեպ, միայն թղթի վրա գոյություն ունեցող 199 մլրդ դրամի մեջ ՊԵԿ նախագահը ընդգրկել էր նաև Կարեն Կարապետյանի կառավարության կողմից 2018 թ․-ի հունվար-փետրվարին տնտեսվարողներին հետ վերադարձրած մոտ 55 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկը, և դա էլ վերագրել Նիկոլ Փաշինյանի կառավարության «ձեռքբերումներին»։ 

Սակայն Ազգային Ժողովում «ժողովրդի վարչապետի» ելույթում 1 մլրդ դոլարի առասպելը հարկային եկամուտների վերաբերյալ հնչեցրած նրա միակ սուտը չէր։ 

«2019-ին հազար խոշոր հարկ վճարողների ընդհանուր հարկերի ծավալը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 13 տոկոսով, իսկ 2017-ի համեմատ՝ 31 տոկոսով: Սա ինչի՞ եմ հատուկ ընդգծում, ցույց տալու համար, որ այս հարկային եկամուտները, ինչպես երկար տարիներ ընդունված էր բողոքել, ոչ թե փոքր ու միջին, այսպես ասած «անտեր» բիզնեսներից են հավաքվել, այլ խոշորներից», ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նախ արձանագրենք, որ բյուջեի հարկային եկամուտների առյուծի բաժինը՝ 60-70 տոկոսը մշտապես հավաքվել է 1000 խոշոր հարկ վճարողներից, այլ ոչ թե փոքր ու միջին՝ «անտեր» բիզնեսից։ Ամեն դեպքում, 1000 խոշոր հարկատուների ցանկերը երկար տարիներ հրապարակվել են։ Դժվար չէ համադրումներ անել ու դա տեսնել։ Հետևաբար, երկար տարիներ փոքր ու միջին բիզնեսի հաշվին բյուջեի հարկային եկամուտների համալրման մասին «բողոքողը», իսկ իրականում կեղծիք տարածողը եղել է նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանեկան թերթը։

Այնուհետև, կար ժամանակ, որ նախկին «թալանչի» կառավարությունները աչք էին փակում փոքր բիզնեսի հարկային վճարումների չափի վրա։ Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյան վարչապետության տարիներին։ Հիմնավորումը հետևյալն էր․ փոքր բիզնեսը ինքն իրեն ապահովելով, սոցիալական խնդիր էր լուծում և կառավարությանն  ազատում այդ բեռից։ Որքանո՞վ էր դա արդարացված, դժվար է ասել, բայց դա փաստ է։

Իհարկե, հարկային վարչարարության ընթացում միշտ էլ եղել են հարկային մարմինների  կողմից չարաշահումներ, որոնք չէին կարող չլինել։ Սակայն՝ 1․ փոքր բիզնեսը ավելի քիչ հարկեր է վճարել այդ ժամանակ, քան Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին, 2․ վերջինիս կառավարման երկու տարիներին փոքր բիզնեսից գանձվող շրջանառության հարկը ավելի կտրուկ է աճել, քան խոշոր հարկատուների կողմից վճարվող հարկերը։

Շրջանառության հարկով հարկվում է միայն փոքր՝ մինչև 112 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսը։ Վերջին 3 տարիներին այդ հարկատեսակի  վճարումները հետևյալն են եղել․

2017 թ․ ՝ 18 մլրդ դրամ

2018 թ․ ՝ 21 մլրդ դրամ 

2019 թ․՝  31 մլրդ դրամ

Ինչպես տեսնում ենք, 2017 թ․-ի համեմատ 2019 թ․-ին, փոքր բիզնեսից գանձվող շրջհարկն ավելացել է մոտ 13 մլրդ դրամով կամ 74 տոկոսով։  

Հիմա վերադառնանք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը խոշոր հարկատուների կողմից վճարած հարկերի համադրությանը 2019 թ․-ին 2017 թ․-ի համեմատ։ Խոշոր հարկատուների վճարած հարկերը, նրա խոսքով, ավելացել են 31 տոկոսով։   

Պարզ է, որ 74-ն ավելի մեծ թիվ է, քան 31-ը։ Ինչը նշանակում է, որ փոքր կամ «անտեր» բիզնեսից «ժողվարչապետի» կառավարությունը տոկոսային առումով ավելի կտրուկ է  ավելացրել հարկերի գանձումը, քան խոշորներից։ Անհամբեր սպասում ենք ՊԵԿ նախագահի նոր գրառմանը, որտեղ նա կփորձի հերքել, բայց ըստ էության կհաստատի նաև այս փաստերը։  

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ